|
28.07.2010 20:24
Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Հուլիսի 28- ին Մոսկվայում վախճանվեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը:
Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում: 1975թ. ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975- 86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986- 92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:
Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը» (1986թ.), որից անմիջապես հետո «Տրավիատա»- ում Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մոսկվայի Մեծ թատրոնից:
Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում. «Կարնեգի Հոլ» (Նյու Յորք), «Գավո» (Փարիզ) , «Գեբաու» (Ամստերդամ), «Սենթըր Հոլլ» (Տոկիո), համագործակցել է հանրահայտ արտիստներ Ռիկարդո Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Թամարա Սինյավսկայայի հետ:
Հատկապես հիշարժան է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»- ի (դասական երկացանկում համարվում է տեխնիկապես ամենաբարդ կատարելի ստեղծագործություններից մեկը) փայլուն կատարումը Ամստերդամի «Գեբաու» դահլիճում` 1988թ.:
Նշանավոր երգչուհին նաեւ հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997-ից` կոնսերվատորիայի պրոֆեսոր), նաեւ Մոսկվայում, ուր աշխատեց մինչեւ կյանքի վերջը:
Արաքս Դավթյանը զբաղվում էր ակտիվ համերգային գործունեությամբ, ուներ լայն երկացանկ, որի մեջ մշտական տեղ ունեին հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ընտիր ստեղծագործությունները: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դավթյանը Մոցարտի ստեղծագործությունների մեծագույն մեկնաբանն էր:
Արաքս Դավթյանը նաեւ բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն էր, ինչի վկայությունն է ճանաչված ռեժիսոր Ռուստամ Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած փայլուն կերպարը:
Արաքս Դավթյանի դին Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|