ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կաթողիկոսին թիկնապահ տրամադրելու օրինագիծը մերժվեց
2018-11-16 18:02:20

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Եթե չհաշվենք նոյեմբերի 21-ին սպասվող Աժ արտահերթ նիստը, որտեղ խորհրդարանը պետք է քվեարկության դնի 2019-ի բյուջեի նախագիծն, ապա կարելի է ասել, որ 6-րդ գումարման ԱԺ-ն այսօր ավարտեց հերթական նիստերի իր աշխատանքը:

Հաջորդ քառօրյա նիստերը չեն կայանա, որովհետեւ համընկնում են նախընտրական քարոզարշավի հետ: Փաստացի արձակված խորհրդարանի աշխատանքային «վերջին ժամերը» կարելի է ասել հախուռն են եւ աղմկոտ:

Փոխադարձ մեղադրանքներ, բոյկոտ եւ նախագծերի տապալում. այսօր խորհրդարանում չընդունվեց նախապես քննարկված գրեթե ոչ մի հարց: Աշխատանքային, այսպես ասենք, «վերջին ժամերին» օրենսդիր մարմնում փաստացի ստեղծվել է «պատային» իրավիճակ: Արդեն երկրորդ օրն է չի հաջողվում նորմալ քվորում ապահովել:

Այս մի քանի օրվա ընթացքում քննարկված հարցերի քվեարկությունը դարձավ ձեւական: Մի կերպ քվորում ապահովելուց հետո հարցերը դրվում էին քվեարկության, բայց քվորումի չափով բավարար ձայն նախագծերը չէին հավաքում եւ մերժվում էին:

Այսպես մերժվեց օրինակ Էդմոն Մարուքյանի Քրեական օրենսգիրքում փոփոխության առաջարկը։ Այն նախատեսում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր եւ օրենքին հետադարձ ուժ տալ:


Այս հարցը կարեւորում էին
«Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների անդամները: Մեկ այլ սկզբունքային հարց ունեին Հանրապետականներն ու դաշնակցությունը: Առաջարկում էին օրենքով կանոնակարգել Հայ առաքելական եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու ակցիաները եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը:

Հենց այս հարցն այսօր խորհրդարանում դարձավ ամենաաղմկոտը: Իշխանական թիմի ներկայացուցիչ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը իրենց դիրքորոշումը հիմնավորում էր, որ եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա՝ կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար, ուստի դա օրենքով ամրագրելու կարիք չկա:

Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորների կարծիքով՝ ճիշտ չէ Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, երբ ինքը կխնդրի իրեն պաշտպանել: Խնդիրն անգամ հասավ նրան, որ քվեարկության արդյունքներն առաջարկում էին ընդունել իբրեւ ցուցիչ՝ հասկանալու, թե ով է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ով՝ ոչ:

«Նոր Հայաստան՝ Նոր Հայրապետ» շարժման անդամները մինչ այսօր տարբեր քայլերի են դիմել Ամենայն հայոց Կաթողիկոսի հրաժարականին հասնելու համար: Այդ ակցիաների մեջ էր վեհափառի ավտոմեքենայի ճանապարհը փակելը: Այդ ժամանակ Գարեգին Երկրորդը ստիպված էր երկար ժամանակ անցկացնել իր ավտոմեքենայի մեջ: Արդյունքում՝ ստիպված դուրս էր եկել մեքենայից եւ ոստիկանների ուղեկցությամբ ոտքով քայլել: Բողոքի ակցիայի մասնակիցներն այդ ժամանակ հենց կաթողիկոսին ներկայացրեցին իրենց պահանջները:


Այս իրադարձությունները տեղի են ունեցել հուլիսին։ Ինչո՞ւ Հանրապետականը սպասեց եւ Կաթողիկոսին պետական պահպանություն ապահովելու նախագիծը ներկայացրեց ոչ թե ավելի վաղ, այլ՝ միայն այսօր:

Շարմազանովն այսօր վրդովված դուրս եկավ դահլիճից՝ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քվեարկությունը համարելով վեհափառին առնչվող նախագծի տապալումը:

Ո՞ր օրենքները չընդունվեցին

ԱԺ փոխնախագահի բոյկոտի օրինակին հետեւեցին Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ՝ այդպես տապալելով հաջորդիվ քվեարկության դրվող հարցերը:

Ահա այսպիսի մթնոլորտում խորհրդարանն այսօր սպառեց օրակարգը: Եթե չհաշվենք նոյեմբերի 21-ին սպասվող արտահերթ նիստը, որտեղ խորհրդարանը պետք է քվեարկության դնի 2019-ի բյուջեի նախագիծը, ապա կարելի է ասել, որ այսօր 6-րդ գումարման ԱԺ-ն ավարտեց լիագումար նիստերի իր աշխատանքը:

0:00
0:00