ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղհասարակությունը պահանջում է պարզել ովքեր են ԶԼՄ-ների իրական սեփականատերերը
2019-04-15 19:15:41

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ ԱԺ-ում պատգամավորները քննարկում էին իրական հանքատերերին բացահայտելու անհրաժեշտության մասին։ Այսօր արդեն քաղհասարակությունից հնչում է մեկ այլ կարեւորագույն ոլորտը՝ ԶԼՄ-ները, բաց դաշտ վերադարձնելու մասին: Գործընթացն ըստ էության սկսվել է:

Անցյալ տարվա նոյեմբերին կառավարությունն ընդունեց բաց կառավարման գործընկերության գործողությունների 4-րդ ծրագիրը, որում մենք առանձին հանձնառություն ունենք ստանձնած։

 ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել առաջիկա 2 տարիներում մշակելու եւ ընդունելու բիզնեսի իրական սեփականատերերի Հանրային ռեգիստրի վերաբերյալ ողջ օրենսդրական դաշտը:

Հայաստանում գործող որեւէ լրատվամիջոց՝ հատկապես հեռարձակվող, երբեւէ չի ներկայացրել իր եկամուտի աղբյուրը: Ավելին՝ չկա որեւէ ԶԼՄ, որ հայտարարի այս կամ այն կուսակցության կողմից ֆինանսավորման մասին: Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ սա լուրջ խնդիրներ է ստեղծում.

«Մենք շատ լավ գիտենք, որ շրջանառվում են «սեւ փողեր» եւ շատ լրագրողներ վճարվում են ծրագրերով եւ այդ «սեւ փողերով»: Դա նշանակում է, որ ցանկացած հանձնարարություն, ցանկացած կեղծ տեղեկություն կամ մանիպուլյացիա ինքը պատրաստ է իրականացնել: Լսարանն իրավունք ունի իմանալ՝ ով է հետեում կանգնած այս լրատվամիջոցների եւ դա բոլորովին չի նշանակում, որ դա իր հետ բերելու է ռեպրեսիվ գործողություններ»:  

Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանում այս ճանապարհն արդեն անցել են: Հարեւան երկրի փորձը փոխանցում է Վրաստանի տեղեկատվության ազատության զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Կլդիաշվիլին:

«Վրաստանում, օրինակ՝ 2011 թվականից արդեն բոլոր հեռուստաընկերությունների եւ մեդիառեսուրսների սեփականատերերը պետք է բաց լինեն եւ բնակչությունը պետք է իմանա՝ ով է կանգնած այս կամ այն ԶԼՄ-ի հետեւում»: 

Իրական սեփականատերերին բացահայտելու պարտադրող օրենսդրություն Հայաստանում դեռ չկա: Առաջին քայլերը, սակայն, արվում են: Հավանաբար 2 տարուց կունենանք բիզնեսի իրական սեփականատերերի Հանրային ռեգիստր: Այս գործիքի հետ մեծ հույսեր է կապում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Թեմայի մասին առայժմ վաղ է համարում խոսել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական հասարակական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը: Կարծում է՝ հարցն արհեստական է բերվել դաշտ: Կլինի օրենքի նախագիծ՝ նոր կխոսենք, խոստանում է: Քաղաքական փոփոխություններից հետո սպասելիքները չպետք է լինեն միայն լրատվամիջոցներից: Պետություն-ԶԼՄ փոխհարաբերություններում առկա խնդիրները հարթելու պահանջներ ունի, օրինակ՝ «5-րդ ալիք»ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:  

« Նիկոլ Փաշինյանը մինչեւ այսօր չի պատասխանել, ու՞մ նկատի ուներ, ո՞ր հեռուստաընկերությանը նկատի ուներ, երբ ասում էր, որ հակապետական գործունեությամբ են զբաղվում: Ինչի՞ այդ մասին չեն ասում: Լրատվամիջոցը այս երկրի թշնամին չէ: Եթե ֆեյսբուքը ամբողջովին ձեռնտու տարածք է, եկեք փակենք բոլոր լրատվամիջոցները, փակենք բոլոր հեռուստաընկերությունները»:

Մասնավոր ԶԼՄ-ների խնդիրն այսօր ամենաարդիականն է, դաշտի ոչ թե 90, այլ գրեթե 100 տոկոսը բացահայտումների անհրաժեշտություն ունի: Կարծիքը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանինն է.

« Նախորդ իշխանությունների ժամանակ որեւէ այլ ուժ, քան լոյալ իշխանություններին, չէր կարող ունենալ համապետական կամ մայրաքաղաքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն եւ մինչեւ հիմա որեւէ հեռուստաընկերության սեփականատեր չի փոխվել ի օգուտ իշխանության: Ժամանակն է հանել դիմակները եւ բաց խաղալ»:

ԶԼՄ-ների իրական սեփականատերերին բացահայտելու ցանկությունը պարզապես հետաքրքրություն չէ: «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը կոռուպցիոն մի քանի ուղղություն է նշում, բայց նախ՝ եվրոպական կառույցների պահանջի մասին:

« ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների վերաբերյալ իր զեկույցներում մի քանի անգամ անդրադարձել է ԶԼՄ սեփականատերերի եւ ֆինանսավորման թափանցիկությանը: Դա ակնհայտորեն կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:

Անհայտ սեփականատերեր ունեցող ԶԼՄ-ները կոռուպցիոն 3 ուղղություն կարող են ունենալ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ղեկավարը թվարկում է՝ կան ռիսկեր, որ դա կարող է վտանգի ենթարկել բազմակարծությունը, երկրորդը՝ հստակ պատվերի կատարումն է եւ երրորդը՝ իրադարձությունների ոչ օբյեկտիվ լուսաբանումը:

0:00
0:00