ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն անկեղծացել են վերջին ճեպազրույցում
2018-11-19 19:15:42

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ 6-րդ գումարման ԱԺ-ի խմբակցությունների վերջին ճեպազրույցը: Նոյեմբերի 21-ին նախատեսված արտահերթ նիստից հետո պատգամավորներն այլեւ ժամանակ չեն ունենա հավաքվելու ԱԺ- ում քարոզարշավի պատճառով։

Խորհրդարանում ներկայացված 4 ուժից 3-ը ներկայացան ճեպազրույցի: Չէին եկել «Ելք» խմբակցության անդամները: Խորհրդարանական ուժերն այսօր խոսում էին իրենց սխալներից։

Նոր Հայաստանում, խոստացված որակապես նոր ընտրություններից առաջ շատերը փորձում են հասկանալ՝ ով ինչ քաղաքական պաշարով է ներկայանալու ընտրողին:



Հայ հեղափոխական դաշնակցության 128- ամյա իմաստությունը վերջապես թույլ տվեց այդ քաղաքական ուժին հասկանալու՝ ինչ պետք է չանեն ապագայում: Թույլ տված հիմնական քաղաքական սխալի մասին խոսում է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«ՀՅԴ-ն այլևս մաս չի կազմի կոալիցիայի, որտեղ առանց Դաշնակցության կարծիքը հաշվի առնելու որոշումներ կկայացվեն»:

Սա միայն Ռուստամյանի կարծիքը չէ: Ասում է՝ կուսակցության ներսում քննարկումների միջոցով են եկել նման եզրահանգման: Այսօր դաշնակցությունը այսպես է հիմնավորում, որ տարիների ընթացքում չի կարողացել իրականացնել այն, ինչ ցանկանում էր:

Դաշնակցության մշտական կոալիցիոն գործընկեր հանրապետականում, իհարկե, մի քիչ չեն հասկանում իրենց նախկին գործընկերների անսկզբունքայնությունը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույն գծերը նկատում է նաեւ այլ քաղաքական ուժերի մոտ:

Բաղդասարյանը կոչ արեց հիշել, թե ինչպես էին իշխանափոխության օրերին մի շարք քաղաքական ուժեր Նալբանդյան, Ամիրյան և Աբովյան փողոցներում կանգնած սպասում՝ հասկանալու, թե իջնեն, թե բարձրանան, միանան, թե ոչ:

«Հենց ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կամաց իջնում էին, հենց նախորդ իշխանության կողմից կոշտ հայտարարություն էր լինում, հետ էին գնում, իսկ ամսի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքը լինի: Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին մի մասին` «դու մեզ պետք չես», մյուսի վզից քաշում էին՝ «արի, դու մեզ կարող ա պետք լինես»: Այդպե՞ս են իշխանություն և ընդդիմություն կազմում», - ասաց Վահրամ Բաղդասարյանը:


Այսպիսի պայմաններում ինչպես պետք է կողմնորոշվի շարքային ընտրողը՝ հիշե՞լ, թե՞ չհիշել հին ու նոր սխալները: «Թավշյա» հեղափոխության հիմնական շարժից ուժը՝ ուսանողությունը, դեռ սպասողական վիճակում է: Դեռ վաղ են համարում խոսել նորերի սխալների մասին:

Նախկինում գործած քաղաքական սխալները Հանրապետականը գիտակցեց շատ ուշ՝ հեղափոխությունից հետո: Արդեն բարձրաձայնում են, թե ինչը կարող էին չանել, ինչը կարող էր մի քիչ այլ կերպ լինել: Շտկումների միակ հնարավորությունը քաղաքականության մեջ մնալն ու պայքարելն է:

Քաղաքական երկար ճանապարհ արդեն անցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Տարիներ շարունակ եղել է եւ խորհրդարանում, եւ կառավարությունում: Առանձնապես մեծ մեղքի զգացում այս կուսակցությունում չունեն:

Համենայնդեպս, ազնվորեն փորձում են չշեղվել իրենց գաղափարական ուղուց: Իսկ այն տեսակետը, թե այս քաղաքական միավորը իր մեջ հավաքել է այն մարդկանց, ովքեր միավորվել են փողի շուրջ՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չի ընդունում:

Դատելով արդեն հրապարակված ընտրական ցուցակներից, քաղաքական գործիչներից շատերը ենթադրում են, որ ապագա խորհրդարանը լինելու է բոլորովին նոր որակի, նոր դեմքերով: Այս պայմաններում կտրուկ փոփոխությունների հավանականությունը մեծ է, բայց այսքան նորություններն էլ իրենց մեջ պարունակում են շատ անորոշություն: Սա հեռացող խորհրդարանի երկարամյա պատգամավորների կարծիքն է: