ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Խոպանչիների» հարկումը. գաղափարը կա, նախագիծը՝ ոչ
2018-11-19 19:42:56

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարության արտահերթ նիստի հենց սկզբում, մինչ օրակարգին անցնելը՝ պարզաբանում այսպես ասած խոպանչիներին հարկելու գաղափարի մասին։

«Կոնկրետ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնության դեպքում գաղափարը հետեւյալն է՝ կա միտք՝ ներդնել եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգ: Եթե դա կյանքի կոչվի՝ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, այնպես ինչպես հիմա օրենքով սահմանված կագով անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնուողները: Նախ պետք է հասկանանք՝ Հայաստանը որքանով է պատրաստ դրան: Նույնիսկ եթե դա կյանքի կոչվի, պետք է բացառվի որեւէ եկամտի կրկնակի հարկումը, այսինքն՝ չի կարող պատահել, որ որեւէ մեկն իր եկամտից, ասենք, ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում արդեն հարկ է վճարել եւ հետո որպես տրանսֆերտ փոխանցում է Հայաստան, դրանից հարկվի նաեւ Հայաստանում»:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարզաբանումն է: Թեմային Արարատ Միրզոյանը հարկ է համարում անդրադառնալ կառավարության արտահերթ նիստից առաջ՝ օրակարգին դեռ չանցած՝ շարունակելով «Ռադիոլուրի» ներկայացրած այն տեղեկությունը, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել  նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ:


Միրզոյանի դիտարկմամբ՝ այս ու ոչ միայն այս գաղափարները կարող են արժանանալ կամ չարժանանալ հանրության հավանությանը, սակայն հարկ է համարում շեշտել՝

«Միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այս նախաձեռնությունները կյանքի կոչվել»:

Այս գաղափարի շուրջ «Ռադիոլուրի» հետ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հարցազրույցը լայն քննարկման առարկա էր դարձել, մամուլում ու սոցցանցերում նույնիսկ միտքը փոփոխվել է ու ներկայացվել արդեն որպես որոշակի նախագիծ: Դավիթ Անանյանը նախորդիվ գաղափարի էությունը պատկերացրել էր այսպես՝

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարեւանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել եւ ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»:

Թեմայի շուրջ նոր մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարկ համարեց հաստատել «Ռադիոլուրի» ասածը՝ խոսքը դեռ գաղափարի մասին է, որից բխող այս կամ այն միտք կարող է սխալ ընկալված լինել, ու հավելեց՝ առանց հանրային լայն քննարկումների այն օրենքի ուժ ստանալ չի կարող ու այդպիսի կոնկրետ նախագիծ կառավարությունում չկա:

« Հիմա ես հասկանում եմ, որ քաղաքական, նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք համատեքստից դուրս վերցրած կարող է մեկնաբանվել, ու այդ մեկնաբանությունները կարող են շահարկման թեմա հանդիսանալ»:

Վերադառնալով բուն թեմային՝ Անանյանը տեղեկացրեց՝ մասնագիտական ու հանրային շրջանակներում սեփական եկամուտների հայտարարագրման ու դրանից բխող հետագա քայլերի թեման քննարկվելու է 2019-ի ողջ տարվա ընթացքում:

« Շուտափույթ իրավական ակտերի փոփոխությունների որեւէ փաթեթ չկա եւ այս պահին օրակարգում չէ»:

Եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ ունեն քաղաքակիրթ բոլոր երկրները: Հայաստանը տասնամյակներով քննարկում է՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք դրան: Մենք առաջին անգամ ունենք այսպիսի հնարավորություն տեխնիկապես: Ստվերում խոշոր եկամուտներ կան, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: 


«Եթե մենք բոլորս համընդհանուր ձեւով որոշել ենք վերջիվերջո ստվերի դեմն առնել, պետք է համատարած հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին մտածենք: 27 տարի դրա մասին մտածում ենք, բայց անընդհատ հետաձգում ենք՝ ասում ենք՝ երկիրը դեռ դրան պատրաստ չէ: Այո, հիմա դրան պատրաստ ենք»:

Անանյանը հարկ է համարում գաղափարը ներկայացնել օրինակով:

« ՌԴ-ում աշխատող ամուսինը, եթե չգրանցված, անօրինական աշխատող է, նա երբ վերադառնա Հայաստան, պետք է տարեկան դեկլարացիայի մեջ իր եկամուտն արտացոլի, եթե այնտեղ հարկ է վարել, այն պետք է վերադարձնենք իրեն, իսկ տարբերությունը նա պետք է վճարի իր հայրենի երկրի պետական բյուջեին»:

Եկամուտների հայտարարագրի ինստիտուտի ներդրման դեպքում առաջին անգամ քաղաքացին պետք է մտածի՝ այս անգա՞մ էլ խաբի հարկային մարմիններին, թե՞ չխաբի իր եկամուտների իրական ծավալի մասին՝ ասում է ՊԵԿ նախագահը:

« Մենք ուզում ենք այնպիսի օպտիմիզացիա անել, որ մարդիկ տարիներ շարունակ չվճարածը սկսեն վճարել: Ու մենք այստեղ ինչ-որ բան ունե՞նք՞: Եթե հարցը նրա մասին է, որ մեր քաղաքացին, որը եկամտային հարկի օրենսդրության տեսանկյունից հանդիսանում է ռեզիդենտ, ինքն այսօր էլ այդ 13-ի ու ենթադրենք մեր 36-ի տարբերություն բյուջե վճարելու պարտավորություն ունի: Ու դա արդեն 20 տարուց ի վեր: Հիմա այդ մարդիկ դա չեն վճարում: Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ վճարեն, ենթադրենք»:

Անձը, եթե այսօր չի գալիս իմ դուռը եւ ես չգիտեմ՝ նա եկամուտ ստացել է , թե չէ, այս անգամ ես եմ գնալու նրա դուռն ու հարցնեմ՝ եկամուտ ունեցե՞լ ես, թե՞ ոչ՝ ասում է Անանյանն ու տարակուսում է այն մտածողության վրա, թե ինչու պետք է մարդիկ անպայման փորձեն խաբել հարկային մարմնին:

0:00
0:00