ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-20 09:51:56
  • «Հայկական Ժամանակ». Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում
  • «Իրատես».  Հայաստանի դիֆուզ օրերը 
  • «Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն
  • «Հայոց Աշխարհ». Քսենոֆոբիան Ռուսաստանում կրկին թափ է հավաքում

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում

Այս վերնագրով հրապարակմամբ «Հայկական Ժամանակ»-ն անդրադարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին:

Թերթը գրում է. «Պետք է փաստել, որ հայ-բելառուսական ճգնաժամը դուրս է արդեն զուտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ բանավեճից: ՀԱՊԿ «hնաբնակների» շրջանում Փաշինյանը նորեկ է, և Լուկաշենկոյի ու Նազարբաևի սկզբունքայնությունը կարելի է բացատրել նորեկին «կանոնները սովորեցնելու» ցանկությամբ: Իրավիճակի ողջ բարդությունը նրանում է, որ նորեկը սեփական կանոններով է մուտք գործել ՀԱՊԿ և արդեն հայտնել է սեփական սկբունքային դիրքորոշումը»:

Թերթի կանխատեսմամբ դեպքերի նման ընթացքի պարագայում ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը կշարունակի կատարել գլխավոր քարտուղարի պարտականությունները, իսկ փոխզիջման պարագայում լիարժեքորեն կստանձնի այդ պաշտոնը՝ մինչև Հայաստանի ժամկետի ավարտը:

Սակայն, ինչպես «Հայկական Ժամանակ»-ն է նկատում, Բելառուսի կամակորությունները կարող են անհետևանք չմնալ. 2020 թվականին, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն կարգով պետք է նշանակվի բելառուսի ներկայացուցիչը, Հայաստանը միևնույն է, ունենալու է վետոյի իրավունք:

Հայաստանի դիֆուզ օրերը

«Իրատես» թերթը ցավով փաստում է, որ ընտրողների մեծամասնությունը սովոր չէ ընտրություն կատարել սեփական վերլուծությունների հիման վրա: Անցած տասնամյակների ընտրությունները հասարակությանն ընտելացրել են ընտրատեղամաս գնալ ուղղորդումով, ու հիմա ընտրողները չգիտեն ուրիշ դրդապատճառներով ընտրելու ձևն ու իմաստը:

«Փաստացի` հասարակության մեծ մասը դեռ չունի վերլուծելու` համադրելու, հակադրելու ու սեփական եզրակացություններն անելու անհաժեշտության գիտակցություն, ուրեմն նաև` ցանկություն ու կարողություն: Ստացվում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների գաղափարական ողջ պատասխանատվությունը կրելու է Երևանը: Միայն մայրաքաղաքում, ելնելով քաղաքական մթնոլորտի գոյությունից, ձևավորվելու է որոշակի տեսակետ ու դիրքորոշում` ու՞մ և ինչու՞ ընտրելու, ու՞մ և ինչու՞ չընտրելու առումով»,-գրում է թերթը:

12-օրյա ընտրարշավը հնարավորություն չի տալու շրջել մարզերի բոլոր բնակավայրերով և բացահայտորեն՝ ըստ թերթի, նախապատվությունը տրվելու է այն տարածքներին, որտեղ մեծ է ընտրողների թիվը, և ուժեղ են սեփական կառույցները: Իսկ այդ հարկադրական մարտավարության հետևանքը դառնալու է ընտրողների մեծ թվի դուրս մնալը ընտրական գաղափարական գործընթացից. նրանք գնալու են ընտրատեղամաս ու ձայն են տալու ծանոթ-բարեկամին կամ ընդհանրապես դեկտեմբերի 9-ին զբաղվելու են անձնական գործերով:

Իսկ ընտրություններում գաղափարական բաժանարար գիծ է դառնալու հեղափոխությունը: Այդ ռեսուրսը, ինչպես «Իրատեսն» է նշում, ունի միայն ու միայն ՔՊ-ն, և մյուս ուժերը կամ փորձելու են «տզրուկի» պես կառչել հեղափոխությունից, հայտարարելով, որ իրենք էլ հեղափոխական են, կամ հակադրվելու են հեղափոխությանը ու մատնանշելու են հետհեղափոխական սխալները:

«ՔՊ-ն ևս փորձելու է հեղափոխության ռեսուրսը 100 տոկոսով քամել: Բոլորն էլ սխալվելու են: Հետընտրական Հայաստանի համար հեղափոխությունը չպետք է ֆետիշացվի, և պետք է բացառվեն քայլածների ու չքայլածների տարբերության հիման վրա բաժանումները: Հեղափոխությունը պետք է ընդունվի իբրև կատարված փաստ, որից հետո է սկսվում բուն գործընթացը, որտեղ չկան հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, կան նոր Հայաստանի կառուցման ու պաշտպանության մասնակիցներ»,-համոզված է թերթը:

Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն

«Փաստ»-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ճանապարհային ոստիկանության վերջին շրջանի ալարկոտ գործողություններին: Ավելին, նշել է այն պատճառները, որոնք ստիպում են տեսուչներին՝ մեղմ ասած, չհետևել կարգուկանոնին, չտեսնելու տալ ակնհայտ խախտումները:

Եվ ահա, ընտրությունների շեմին, ի պատասխան քննադատությունների, որ վատ են աշխատում, հատկապես մարզերում վերջին օրերին խիստ ակտիվացել են ՃՈ աշխատակիցները:

Ինչպես «Փաստ»-ին ահազանգում են մարզերից, նրանք հիմա էլ ընկել են մյուս ծայրահեղության մեջ, որը, ըստ թերթի զրուցակիցների, իսկական տեռոր է հիշեցնում: Թերթի տեղեկություններով, հրահանգ է իջեցված առավելագույնս խիստ լինել, աշխատանքները կատարել պատշաճ կերպով, իսկ ահա մարզերի տեսուչներն ընկել են կարոտախտի գիրկը:

«Նրանք ղեկավարության՝ խիստ լինելու հրահանգը փաստացի ընկալել են որպես տոտալ «ակտ գրելու» կոչ, ինչպես նախկինում էր: Արդյունքում շատ տեղերում փաստաթղթեր ստուգելու պատրվակով (ասում են՝ հատուկ գործողության շրջանակներում է) կանգնեցնում են ավտոմեքենան և միանգամից ակտավորում նույնիսկ այնպիսի խախտումների դեպքում, որի համար նախատեսված է զգուշացում կամ ժամկետ՝ թերությունը վերացնելու համար», - գրում է թերթը:

Քսենոֆոբիան Ռուսաստանում կրկին թափ է հավաքում

«Հայոց Աշխարհ»-ը շատ է գրել Ռուսաստանում ներգաղթյալների վրա հարձակումների մասին։ Այդ խնդիրը, ինչպես թերթն է պարզաբանում, չէր կարող չհայտնվել իր ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ այդ երկրում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են, տարբեր գնահատականներով, 1,5-2 միլիոն մեր հայրենակիցներ։

Վերջին հինգ տարիներին քսենոֆոբ տրամադրությունները տարբեր պատճառներով կտրուկ նվազել են, եւ շատերը թեթեւացած շունչ են քաշում։ Սակայն, դատելով ամենից, թերթը կարծում է, որ ուրախանալը դեռ վաղ է, սպառնալիքներն առավել քան իրական են:

Եկվորների նկատմամբ Ռուսաստանի նոր քաղաքականությունն ասում է, որ երկիրը հաճույքով եւ պարզեցված մեխանիզմով կընդունի մարդկանց, որոնք զգում են իրենց ոչ թե ռուսաստանցիներ, այլ ռուսալեզուներ։

Թերթը կարծում է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքից փախստականները նոր պայմաններում, ամենայն հավանականությամբ, շատ արագ կանցնեն «քննությունը»։ Իսկ այ, հայերի, ղազախների, ղրղըզների պարագայում, նույնիսկ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներից «հայրենակիցների» ներգաղթի ընթացակարգը պարզեցնելու Պուտինի պահանջը, դժվարություններ կառաջանան։

«ՍՈՎԱ» իրավապաշտպան կենտրոնը այս տարի առայժմ արձանագրել է հավանական նեոնացիստների կազմակերպված հարձակման երկու դեպք։ Իրավիճակներից մեկը նկարագրում է մարդկանց վրա հարձակում արվարձանային գնացքների վագոններում (այսպես կոչված՝ «սպիտակ վագոն» ակցիա), երկրորդ պատմությունը լայնորեն հայտնի դարձած հարձակումների շարքն է տնանկների եւ այլ երկրներից եկածների վրա Մոսկվայի հյուսիսում։

«Դա բռնության դրսեւորման արմատական ձեւ է, որը բռնության ընդհանուր մակարդակ է ծնում հասարակության մեջ, բազմապատկված զանգվածային քսենոֆոբիայի աստիճանի,- ասում է «ՍՈՎԱ» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին։- Ներգաղթյալներին շատ տեղերում չեն սիրում, բայց քիչ տեղերում են կոտորում այդպիսի ինտենսիվությամբ»։

Հասկանալու համար Ռուսաստանում ներգաղթյալների գլխին կախված սպառնալիքի ողջ իրականությունը, «Հայոց Աշխարհ»-ը մեջբերում է ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի խոսքերը, որը նոյեմբերի 7-ին հատուկ ծառայությունների խորհրդակցության ժամանակ խոսել է «ներգաղթյալների դեմ բռնության կոչ անող արմատական խմբավորումների աճած քանակի» մասին։