ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Քաղաքացու օրը»՝ քաղաքացիների պատկերացմամբ
2019-04-20 18:28:17

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սոցիալապես վատ վիճակում գտնվող Հայաստանի համար Քաղաքացու օրը տոնելու համար 124 միլիոն դրամ գումար հատկացնելը անարդյունավետ ծախս է, կան առաջնահերթություններ, որոնց մասին մտորել է պետք. կարծիքը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանինն է: Այս գումարով էական  փոփոխություններ անել հնարավոր չէ, սակայն  հնարավոր է ծախսը խնայելով  կատարել առաջին քայլը, ասենք, կենսաթոշակների նվազագույն սահմանը բարձրացնելու համար:

«Իմ խորին համոզմամբ, անգամ նվազագույն աշխատավարձից առաջ  մենք պարտավոր ենք իբրև պետություն  ապահովել այն մարդկանց նվազագույն եկամուտները, ովքեր կայացրել են ՀՀ: Մյուսները մինչև այդ տարիքը հասնելն անելիք ունեն: Անգամ կենսաթոշակի տարիքից հետո անելիք ունենք: Բայց չբավարարել նվազագույնը՝ կարծում եմ բարոյական լրջագույն խնդիր և  բեռ է մնում պետության ուսերին»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համար քաղաքացու իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր: Քաղաքացին պետք է զգա, որ ապրում է կայուն, անվտանգ ու զարգացող երկրում: Այս դեպքում միայն տոնը կընկալվի որպես տոն: Իսկ այս դեպքում. «Այս տիպի քայլերով կարծում եմ իրենք իրենց են վնասում: Ես չգիտեմ ո՞վ է  իրենց հուշել այդ ամենը, բայց կարծում եմ, որ սա ճիշտ չէ: Սա թավշյա հեղափոխության հուշարձան կառուցելու քայլն է»:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես դեմ է աղքատ Հայաստանում նման շռայլություն թույլ տալուն: Այդ գումարները կարելի էր տրամադրել  ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին, մանկատներին: Հիշեցրեց ԱԺ ամբիոնից դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

«Տենց սրտաճմլիկ բառեր էր ասում: Մեր տատիկ-պապիկները միսիաներ ունեն, այս կառավարությունը արդյունավետ չի ծախսում: Պարո՛ն Փաշինյան ջան, էս տատիկ-պապիկները  նենց կշտացել են, որ 124 միլիոնը քաղաքացու օր ես նշում: Պրազդնիկա, որ անում ես»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանության ներկայացուցիչների քննադատություններին այսպես  է արձագանքել. «Իրանք կարող են գնալ այդ օրը ինչպես միշտ խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են: Կարծում եմ՝ իրենց  ռեստորաններում տեղ կա, որ իրենք բոլորով տեղավորվեն: Քաղաքացու հաղթանակի օր նշանավորելու հետ կապված քննադատություն կա՞, այդ օրը կտեսնենք, թե քաղաքացիները նշելո՞ւ են, թե՞ ոչ»:

Ըստ անցած շաբաթ ընդունված օրենքի՝ Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը: Ըստ ընդունված օրենքի՝ եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

0:00
0:00