ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տրանսֆերտները չհարկելն էլ է հարցեր առաջացնում
2018-11-20 18:39:38

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Դրսից Հայաստան մուտք գործող տրանսֆերտների հարկման-չհարկման թեման շարունակում է մնալ քննարկումների առանցքում: Հարցն այսօր ուղղվել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նրա հրավիրած ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը փորձել է կանխել այս թեմայով նոր «փոթորիկները», սակայն, այնուամենայնիվ, տնտեսագետների մոտ նոր հարցեր են առաջ եկել՝ արդյո՞ք կրկնակի հարկման բացառումն առհասարակ բացառում է հարկումը:

Նախ՝ նկատողություն՝ դրսում աշխատողներին խոպանչի չանվանել ու նրանց առավել արժանապատիվ բնորոշում տալ: Վարչապետի պաշտոնակատարի դիտարկումն է՝ մեր հայրենակիցների կողմից Հայաստան ուղարկվող գումարները հարկելու աղմկահարույց թեմային անդրադառնալիս: Ապա Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանմանը՝ տրանսֆերտների հարկման վերաբերյալ որեւէ նախագիծ ու հայեցակարգ գոյություն չունի եւ շտապում է նշել՝

«Չի կարող լինել էնպես, որ մարդը մի տեղ հարկվի, հետո գա, Հայաստան մտնելիս հարկվի, հետո իր բնակավայր մտնելիս, հետո տնից դուրս գա՝ մի հատ էլ էդտեղ հարկվի, հետո նորից, որ գնա, մի հատ էլ էդտեղ հարկվի: Ինչպե՞ս եմ վերաբերվում այս համակարգի՞ն, նման համակարգ չկա Հայաստանում և չի կարող լինել»:

Վարչապետը, փաստացի, բացառում է կրկնակի հարկման կիրառումը, սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ առհասարակ բացառվում է դրսից Հայաստան ուղարկվող գումարների հարկումը:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վարչապետի պատասխանից հետեւյալ եզրակացությունն է անում:

«Եթե կրկնակի հարկումն է բացառվում, ուրեմն չի բացառվում, որ այդ համակարգը ներդրվի այն դեպքերում, երբ կրկնակի հարկում չկա, եւ տրանսֆերտները հարկվեն: Այսպիսի պատասխանից ես կարող եմ այսպիսի հետեւություն անել»:

Փաշինյանի խոսքից Ատոմ Մարգարյանը եզրակացնում է նաեւ, որ Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունեցող երկրներից ուղարկվող՝ արդեն հարկված մասնավոր տրանսֆերտներն այլեւս չեն հարկվի: Բայց`

«Այլ է խնդիրը այն երկրների պարագայում, որոնց հետ Հայաստանը չունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ն է: Այս պարագայում, այո, հնարավոր է, որ հարկվի այն գումարը, որը ֆիքսվեց աղբյուրի մոտ, փոխանցվեց Հայաստան, եթե իհարկե, այս կարգի օրինագծերը ընդունվեն եւ դառնան գործող նորմ»:

Եթե իշխանությունն, այնուամենայնիվ, ցանկանում է այդպիսի լուծումներ տալ, պետք է առաջարկների փաթեթը հիմնավորապես քննարկվի, մշակվի՝ ընդգծում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ սա համարելով հանրաքվեով որոշվելիք հարց: Բայց զրուցակիցս նաեւ վստահ է՝ այս մասին խոսելը ժամանակավրեպ է, քանի դեռ Հայաստանը չունի մեզ համար օրակարգային եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգ:

Հարկել-չհարկելն արդեն ածանցյալ է: Ընդ որում, տնտեսագետ զրուցակցիս համոզմամբ, պետք է նախ զրոյական հայտարարագրման համակարգ ներդրվի, ինչն ընդունված է անվանել նաեւ հայտարարագրման համաներման ինստիտուտ, որի դեպքում ի սկզբանե ով ինչ ունի  հայտարարագրում է, ու զրոյացվում են պետություն-հարկատու պարտք ու պահանջները՝ բացատրում է:

Նպատակը հակաստվերային է եւ հակակոռուպցիոն՝ ասում է Մարգարյանը՝ հաստատելով ՊԵԿ նախագահի դիտարկումը, որ ստվերում հսկա գումարներ կան, որոնք հայտարարագրված չեն:

«Մարդը ենթադրենք ունի անշարժ գույք որեւէ էկզոտիկ կղզում եւ արժե մի քանի տասնյակ միլիոն դոլար: Բնական է, դա պետք է ֆիքսվի, որից հետո կամ համաներման տարրեր կիրառվեն, կամ վճարվի դրա որոշակի մասը»:

Առհասարակ՝ հարկերի հարցը նախընտրական քարոզարշավներիի հիմնական էլեմենտներից է, բայց նաեւ խիստ զգայուն թեմա, քանի որ նոր հարկերի գաղափարը միշտ էլ տհաճությամբ է ընդունվում:  Ղազախստանն ու Ուկրաինան արդեն ունեն օրենք՝ 2020-ի հունվարի 1-ց ներդնել հայտարարագրման համակարգ: Այն պետք է հնարավորինս շուտ եւ համապարփակ ձեւով ներդրվի նաեւ մեզ մոտ, պարզվի՝ ազգային ունեցվածքի ինչպիսի բաշխում կա, նոր միայն անցում կատարվի ընթացիկ եկամուտների հայտարարագրմանն ու հարկմանը: Թե ինչ տոկոսադրույքով, ինչ հարկման մեխանիզմով՝ Ատոմ Մարգարյանն արդեն լուրջ ընթացիկ քննարկումների թեմա է համարում:

«Դրսում հարկվող ու Հայաստան ուղարկվող գումարի մի որոշակի մասն այստեղ հարկելը կբերի ուղղակի բանկային համակարգերից այդ փոխանցումները շրջանցելուն, կամ մարդիկ այեւս գումար չեն փոխանցի, այլ ընտանիքները Հայաստանից կհանեն: Հետեւաբար այս մասին այս պահին խոսելը ժամանակավրեպ է»:

Թեմայի շուրջ նոր պարզաբանումներով հանդերձ՝ հանրության մոտ նոր հարցեր են առաջ գալիս: Իսկ որպեսզի այս թեմայի շուրջ նոր «փոթորիկներ» չլինեն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց լայն քննարկումների, առանց ժողովրդի քաջալերանքի և մանդատի:

0:00
0:00