ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լայվից դուրս. ուղիղ հարց, ուղիղ պատասխան
2018-11-20 18:49:19

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայկական եռագույն փողկապն ասուլիսից րոպեներ առաջ՝ որպես նվեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, որ բացի փողկապից, կրում է հայկական արտադրանք, արձագանքել էին հայ արտադրողները: «Գործնականում՝ ասուլիսից  առաջ ստացել եմ  երկու փողկապ, որոնցից մեկը որոշեցի այս ասուլիսի ընթացքում կրել»:

Շուրջ 3 ժամ՝ լրագրողների տասնյակ հարցերին պատասխանելու համար: Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից հորդորում է. «Հարգելի՛ գործընկերներ, ես ոչ մի տեղ չեմ շտապում. հանդարտ ձեր հարցերը տվեք: Բայց երբ որ կզգանք, որ նույն հարցերը  արդեն կրկնվում են՝  այն ժամանակ ես կսկսեմ շտապել»:

Որպես լրագրող ի՞նչ հարց ինքը կտար օրվա վարչապետին: Հարցերն առանց այդ էլ շատ-շատ են, եւս մեկով մի ավելացրեք՝ կատակեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն իրեն հարց չէր տա, ապա, միաժամանակ, անկեղծացավ.

«Էդ հարցերը ես ամեն օր ինքս ինձ տալիս եմ … եվ հեշտ չի, ասեմ, պատասխանել այդ հարցերին»:

Տասնյակ հարցեր, տասնյակ թեմաներ՝ ամենատարբեր ոլորտներից. հիմնականում՝ իր պաշտոնավարման անցած ամիսների հետ կապված:

Ո՞րն է գլխավոր ձեռքբերումն ու ձախողումը: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը թվարկեց՝ տնտեսության մեջ մենաշնորհների վերացում, կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի դեմ պայքար….

«Սոցիալական իրավիճակի վերաբերյալ՝ մենք քայլեր ենք ձեռնարկում: Նաեւ ուզում եմ արձանագրել, որ սոցիալական իրավիճակի փոփոխությունը եւ, ընդհանրապես, տնտեսական փոփոխությունը ես պատկերացնում եմ այն նույն բանաձեւի շրջանակում, որով մենք իրականացրել ենք հեղափոխությունը: Չկա այնպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետը՝ առանձին վերցրած, պիտի լուծի: Մենք բոլոր խնդիրները պետք է լուծենք իրար հետ՝ համագործակցված, երկխոսության միջոցով: Ամենակարեւորը՝ մենք հանրության հետ երկխոսությունը երբեք չենք դադարեցնելու եւ հետագայում էլ այն պետք է դարձնենք առավել ինստիտուցիոնալ: Մեր մեծագույն պարտավորությունն է, որ պետական միջոցները չթալանվեն, չգողացվեն, ծախսվեն արդյունավետ, եւ մենք պայմաններ ստեղծենք, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեությունը զարգանա»:

Ինչ վերաբերում է հիմնական ձախողմանը. Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա առնչվում է  հանքարդյունաբերության շուրջ իրացվող քաղաքականությանը: Ասաց, որ այդ առումով որոշակի բացասական ֆոն է ստեղծվում՝ ներդրումների տեսանկյունից, բայց հույս ունի, որ դա կհաղթահարվի, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

«Ինտենսիվ աշխատում ենք՝ մեր գործընկերներին ներկայացնելու մեր շարժառիթները, որպեսզի այդ ներդրումային ֆոնի այդ զգացողությունը / նեգատիվ՝  բացասական/ չլինի: Ես հույս ունեմ, որ մենք, օրինակ՝ Ամուլսարի հարցում մինչեւ գարուն կկարողանանք, իսկապես փաստերի վրա հիմնված, որոշում կայացնել»:   

Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ առնվազն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կատարել են ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները: Վարչապետի պաշտոնակատարը դրանք թվարկեց 6 կետով, ինչն, ըստ էության, արտացոլում էր նաեւ հեղափոխության ճանապարհային քարտեզը:   

«Այսպիսով, այս ամենի եզրակացությունը հետեւյալն է՝ ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին եւ, իսկապես, պատկանում է ժողովրդին եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առջիկա խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի հետագա ճակատագիրը: Իհարկե, մենք վստահության քվե ենք ակնկալում ժողովրդից՝ առաջիկա 5 տարիներին Հայաստանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար: Առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն: Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական եւ բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելուն: Որպես այս ամենի առաջնային ու առանցքային խնդիր՝ ՀՀ եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի բարձրացումն է»:

Հարցերից առաջինն ու, թերեւս, գլխավորներից ու հրատապներից մեկն էլ վերաբերում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակին: Եթե կոնսենսունս չլինի, ապա՝ կշարունակվի աշխատանքը հենց այդ ուղղությամբ, որովհետեւ ՀԱԿ-ում որոշումները կայացվում են համաձայնությամբ՝ պարզաբանեց վարչապետի պաշտոնակատարը:

Ի՞նչ կլինի, եթե հնարավոր չլինի պահպանել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը եւ արդյո՞ք պատասխան կլինի Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտնի հայտարարությանը:

«Հայկական կողմից արձագանք եղել է: Ես ինքս անձամբ ինչ ունեցել եմ այդ հարցում՝ բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես որեւէ արձագանք այս պահի դրությամբ չեմ ստացել, իսկ ես ինչ ասել եմ՝ շարունակում է մնալ ուժի մեջ, այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ: Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որեւէ հարց եւ պատրաստվում ենք սկզբունքորեն, հետեւողականորեն, նաեւ՝ գործընկերության միջավայրում, պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրին՝ շեշտելով, որ նման գործարքները դատապարտելի են, եւ այս փուլում կարեւորագույն խնդիր կա՝ հստակեցնելու ՀԱՊԿ անդամ երկրների պարտավորությունների շրջանակն ու դրանց կատարումը: Հայաստանն իր պարտավորությունները լիարժեքորեն կատարում է, ինչը չի կարելի ասել որոշ գործընկերների մասին՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը: ՀԱՊԿ-ի հետ կապված վերջին իրադարձությունների առումով Ռուսաստանի մոտեցմանը վերաբերող հարցին արձագանքելով էլ՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այդ ամբողջ պատմության մեջ Ռուսաստանի դիրքորոշումը խիստ կառուցողական է:

0:00
0:00