ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԿԲ-ն չի արգելում ՀՀ բանկերին սպասարկել իրանցիներին
2018-11-20 22:27:51

ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում ԻԻՀ քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից։ Այսօր Ռադիոլուրը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԲ։

Եվ ահա պատասխանը.

1. ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում ԻԻՀ քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից: Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։

ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ:

2. Հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև ԻԻՀ քաղաքացիներ և/կամ ԻԻՀ-ից անձինք: Ընդ որում` նման մոտեցումը նոր չէ և նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ:

3. Ստեղծված աժեոտաժը բնական չէ, և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին, հույս էր հայտնել, որ ամերիկացի գործընկերներն ըմբռնմամբ են մոտենում մեր իրավիճակին և մեր քաղաքականությանը:

«Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի և Ամերիկայի միջև հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը, և ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի համար նույնպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մտնում է առաջնահերթությունների ցանկի մեջ»,-նշել էր նա:

Նիկոլ Փաշինյանը վստահություն էր հայտնել, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է շատ ինտենսիվ զարգանան և լինեն փոխշահավետ: Նրա խոսքով, Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են, Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին պատկերացումների մասին հայտարարվել է:

«Դրանցում որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք պետք է հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պահպանենք, այլև հարաբերությունները փորձենք բարձրացնել նոր մակարդակի»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ներկայացվել են Հայաստանի շահերը, առաջնահերթությունները հայ-իրանական, հայ-վրացական հարաբերություններում»։