ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-21 09:45:21
  • «Ժողովուրդ». Սեւը մնում է սեւ, սպիտակը` սպիտակ
  • «Փաստ». Քաղաքական բովանդակության այլընտրանքը «կրուտիտի» ինստիտուտն է
  • «Հայոց Աշխարհ». Համատարած ամնեզիա, մեղա Տեր
  • «Ժամանակ». Իմ քայլը դաշինքը վաստակել է այդ 70 տոկոսը, իսկ 30 տոկոսի քվեն տալուց հանրությունը պետք է լավ մտածի

 

Սեւը մնում է սեւ, սպիտակը` սպիտակ

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է՝ արդյոք այս անգամ էլ քարոզարշավի ժամանակ կլինի՞ սեւերի եւ սպիտակների բաժանում:

Թերթը որպես հիշեցնում նշում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը հիմնականում տարավ քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելու սկզբունքով:

«Չգիտեմ. դա մարտավարական հարց է, թե ինչպես կընթանա քարոզարշավը: Մենք մեր առաջ դաշտը սեւացնելու եւ սպիտակեցնելու խնդիր չենք դրել: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերն էլ այն տեղում են, որում կան: Սեւը մնում է սեւ, սպիտակը` սպիտակ: Այլ է, թե հանրությունը ինչքան կուզենա դրա մասին լսել»,- ասել է Պապիկյանը:

Նա նշել է, որ քարոզարշավի ընթացքում ներկայացնելու են առաջիկա 5 տարիների անելիքները, նախորդ 6 ամիսների ընթացքում արածը: «Իհարկե, բաց չենք թողնելու նաեւ հիշեցնելու քաղաքական ուժերին, ովքեր մասնակցել են ՀՀ կառավարմանը, իրենց արածը, չարածը եւ դրա հետեւանքները ՀՀ-ի վրա»,- ասել է Պապիկյանը:

Համատարած ամնեզիա, մեղա Տեր

«Հայոց Աշխարհ» օրաթերթի կանխատեսմամբ՝ մեզ սպասում է բավական հետաքրքիր ընտրապայքար: Այս ընտրություններում որպես աչքի զարնող առանձնահատկություն թերթը նշում է անխտիր բոլոր մասնակիցների կողմից անվերապահ հաղթանակը Փաշինյանի «Քաղպայմանագրին» տալը՝ հայտարարելով, որ պայքարը կընթանա մնացած տեղերի համար՝ սկսած երկրորդից։

Համաձայնելով, որ «Քաղպայմանագիրը» կհաղթի, ըստ որում՝ մեծ առավելությամբ, «Հայոց Աշխարհ»-ը համարձակվում է ենթադրել, որ պայքարը կծավալվի մնացած տեղերի համար՝ սկսած այնուամենայնիվ ոչ թե երկրորդից, այլ երրորդից։ Երկրորդ տեղը, կարծում է, կզբաղեցնի Հանրապետականը։

«3-11-րդ տեղերի հավակնորդներն այս կարծիքին կարող են, իհարկե, չհամաձայնել։ Ինչը միանգամայն հասկանալի է, քանզի բոլոր ընտրություններից առաջ, որպես կանոն, քաղաքական ուժերին համակում է վեհության մոլուցքի համաճարակը։ Մարդիկ, որոնք նույնիսկ իրադարձությունների ամենաբարենպաստ դասավորության դեպքում ի վիճակի չեն հավաքել ընտրողների ձայների 0,5%-ը, սկսում են լրջորեն դատողություններ անել սեփական հաղթանակի անխուսափելիության մասին»,-գրում է թերթը։

Իսկ իրենց ընդդիմություն հայտարարած մյուս ուժերի՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ, «Հանրապետություն» եւ ուրիշների պարագայում, թերթի ձևակերպմամբ, գործ ունենք «դասական ամնեզիայի հետ», քանի որ նախընտրական շրջանում նրանք համերաշխորեն մոռանում են, թե ինչ էին ասում ու անում նախկինում»։

Իմ քայլը դաշինքը վաստակել է այդ 70 տոկոսը, իսկ 30 տոկոսի քվեն տալուց հանրությունը պետք է լավ մտածի

«Ժամանակ»-ը հարցազրույց է հրապարակել «Մենք» դաշինքի պատգամավորության թեկանածու, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Ընտրությունների քարոզարշավի մեխը, որն իրենց գաղափարապես տարբերում է քաղաքական դաշտում եղած մնացած բոլոր ուժերից, նրա խոսքով, արևմտյան արժեքներ կրելն է:

Բացի «Իմ քայլը» դաշինքից, մյուս բոլոր ուժերը պայքարում են 30 տոկոսի համար, խնդիրն այդ 30 տոկոսն է: 70 տոկոսը «Իմ քայլը» դաշինքինն է, քանի որ նրանք են հեղափոխությունն արել, իսկ 30 տոկոսի քվեն տալուց ժողովուրդը պետք է խորը մտածի՝ ինչքանով է վստահում այդ ուժին, ինչքանով են անկեղծ եղել իր հետ, ինչքանով են պայքարել փոփոխությունների համար: Իրենց համար հաղթելը կլինի, այն որ նոր ԱԺ-ում, երկու ամիս հետո հանրությունն ասի, որ «Իմ քայլը» դաշինքի միակ այլընտրանքը «Մենք» դաշինքն է:

Դիտակմանը, թե ՀՀԿ-ն մի քանի հայտարարություն է արել այն մասին, որ ձգտում է ընդդիմություն լինել խորհրդարանում, նա պատասխանել է.

«Քաղաքականությունը բազմաքայլ գործընթաց է, և յուրաքանչյուր ուժ իրեն պետք է տեսնի ոչ միայն այս խորհրդարանում, այլ նաև հետագայում: Այս առումով ՀՀԿ-ն էլ, մյուս ուժերն էլ պայքարում են 30 տոկոսի համար, ցավոք, ասում են նույն բաները, ինչ իշխանությունը, ուղղակի ի տարբերություն ՀՀԿ-ի, ներկայիս իշխանությունն իր ասածն անում է: Ընդդիմությունը պետք է գաղափարական այլընտրանք լինի գորոծող իշխանությանը, ինչն էլ փորձում է լինել «Մենք» դաշինքը»:

Քաղաքական բովանդակության այլընտրանքը «կրուտիտի» ինստիտուտն է

«Փաստ» թերթը կարծում է, որ արտագնա աշխատողների ուղարկած գումարները հարկելու մասին տեղեկությունները, որոնք բավական կոշտ արձագանք գտան սոցիալական ցանցերում և ԶԼՄ–ներում, իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեցին:

Մի դեպքում հերքվում էր ընդհանրապես շրջանառվող ինֆորմացիան, մեկ այլ դեպքում հաստատվում էր, բայց հավելումով, որ ցանկացած հարկային փոփոխություն արվելու է հանրության կարծիքը լսելուց հետո միայն: Ընդ որում՝ իշխանության հերքումները, հերքում–հաստատումները սոցիալական ցանցերում տարածում էին պետական ապարատի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ անկախ ոլորտից ու գերատեսչությունից:

«Կարելի է նման տեղեկատվական աղմուկները համարել յուրատեսակ տեխնոլոգիա, որով իշխանությունները ստուգում էին հանրության արձագանքը: Սա ընդհանրապես ընդունված պրակտիկա է քաղաքականության մեջ: Բայց մեր դեպքում նույնիսկ այս տեխնոլոգիայի հետ գործ չունենք, քանի որ նման դեպքերում նախապես դաշտ նետված տեղեկատվական աղմուկից ու դրան հետևած արձագանքներից հետո իշխանություններն ունենում են պլան Բ: Ինչպես տեսանք՝ որևէ պլան Բ չկար: Ընդհանրապես որևէ բան չկար»,-գրում է թերթը:

Իշխանական համակարգի տեղեկատվության հետ միասնական աշխատանքի բացակայությունը, ըստ թերթի ազդակ է առ այն, որ պետական ապարատը ոչ միայն չի գործում փոխհամաձայնեցված, այլև չկա միասնական քաղաքական փաթեթ:

«Նոր, հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմին դժվար է մեղադրել, օրինակ, վարչարարության ու պետական ապարատին հատուկ բյուրոկրատական նրբություններին չտիրապետելու համար: Սա հմտություն է, որ գալիս է ժամանակի հետ: Բայց խնդիրն առավել խորքային է ու վեր տեխնիկական բացթողումներից: Փաստացի գործ ունենք ոչ միայն ինֆորմացիայի հետ հարաբերվելու, այլ ընդհանրապես քաղաքական ներքին փոխհամաձայնության ու ընդհանուր քաղաքականության բացակայության հետ, ինչն արդեն ոչ թե ժամանակի, այլ հիմնարար մոտեցման խնդիր է»,- կարծում է թերթը: