ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի նախագահը միացել է Յունիսեֆին երեխաների ձայնը լսելի դարձնելու համար
2018-11-21 20:42:16

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը:

Միջոցառման ընթացքում տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող երեխաները հնչեցրել են իրենց հուզող ամենատարբեր խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես իրենց իրավունքները լսելի դարձնելուն, կրթական համակարգի փոփոխության անհրաժեշտությանը, այնպես էլ գլոբալ հարցերի՝ 21-րդ դարի հմտություններին, հօգուտ ապագայի արվող ներդրումներին և այլ թեմաների:

Երեխաների բարձրացրած հարցերին իր խոսքերում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են.

«Երեխաները ոչ միայն մեր ամենաարժեքավոր քաղաքացիներն են, ոչ միայն այն անձինք են, ովքեր ապագայում հաջողության հասնելու հսկայական հնարավորություն ունեն, այլև նրանք սովորում են շատ արագ: Սովորելն ամենաարժեքավոր գործողություն է և, իմ սահմանմամբ, երիտասարդության չափանիշը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946 թ., Միավորված ազգերի կազմակերպության կողմից`Եվրոպայի երեխաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանդատով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչված է պաշտպանելու բոլոր երեխաների իրավունքները և հետևել ոլոր կառավարությունների կողմից դրանց իրականացմանը:

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2016թ ին դարձել էր ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Իսկ բոլորովին վերջերս նա ներկայացրել է Unicef Armenia-ի հետ համատեղ նոր ֆիլմի թրեյլերը հայերենով, որը նվիրված է հաշմանդամ երեխաներին։ Ֆիլմի միջոցով Մխիթարյանը և Unicef Armenia-ն իրենց աջակցությունն են ցույց տալիս հաշմանդամ երեխաների ընտանիքներին և ի ցույց են դնում բոլորին, որ անկախ ֆիզիկական վիճակից բոլորը հավասար են։