ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-22 09:52:29

Նորեկն ատամներ ունի՞

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Բելառուսական փորձագիտական դաշտը լայնորեն անդրադարձել է Բելառուսի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկ կատարած այցին և դրա ընթացքում կնքված ռազմական հուշագրին՝ փորձելով հասկանալ, թե ինչու են Ադրբեջանի հետ կապերն ավելի սերտ, քան Հայաստանի, և առհասարակ ինչ է սպասվում հայ-բելառուսական հարաբերություններին:

Տնտեսագետ Լև Մարգոլինը, ինչպես թերթն է նշում, բավականին կտրուկ է արտահայտվել, ասելով, որ Ալիևի և Լուկաշենկոյի միջև վստահության մակարդակն այնքան բարձր է, որ Բելառուսը փաստացի բացահայտում է ուրիշի գաղտնիքները, իր հիմնական շահը (զենքի վաճառքը) այնքան ուժեղ է, որ Մինսկը պատրաստ է վտանգել Հայաստանի հետ հարաբերությունները:

Փորձագետ Եվգենի Կրասուլինը կարծիք է հայտնել, որ կողմերից մեկին զենք վաճառելը չի նպաստում խաղաղությանը մեր տարածաշրջանում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրի հակառակոդին զենք վաճառելու ՀԱՊԿ-ի վրա հնարավոր հետևանքներին՝ Կրասուլինը կասկածում է, որ այս դեպքը լուրջ ազդեցություն կունենա կազմակերպության վրա, սակայն շարունակական լինելու պարագայում կասկածի տակ կդնի ՀԱՊԿ-ի գոյության իմաստը:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական խմբագրության մեկնաբան Յուրի Դրակոխրուստի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում հայ-բելառուսական «փոխհրաձգությունը» զուտ քաղաքական հակամարտություն է «հնաբնակների ու նորեկի» միջև: Նրա խոսքով Լուկաշենկոն ու Նազարբաևը ուզում են հասկանալ արդյոք նորեկն «ատամներ ունի՞»: Եթե այո՝ բարի գալուս «ակումբ»:

Սկզբունքային հարց

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադարձել է դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովին սպասվող քննարկումներին:

«Դեկտեմբերի 6-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին: Իսկ հակառակ զարգացումն այսքան վստահեցումներից հետո, թե այդ պաշտոնը պետք է ՀՀ-ինը լինի, լուրջ բացասական ուշադրության է արժանանալու Հայաստանում»,- ասել է ռուս ընդդիմադիր գործիչը:

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով ևս, ընտրությունների շեմին արտաքին քաղաքական նման մեծ հնչեղություն ձեռք բերած խնդրի շուրջ հայկական կողմի «պարտությունն» անցանկալի է ՀՀ իշխանությունների համար:

«Ես ակնկալում եմ դեկտեմբերի 6-ին կամ հարցի հետաձգում, կամ Վալերի Սեմերիկովի թեկնածության շուրջ կոնսենսուս, քանի որ հայկական կողմի պահանջի շուրջ կոնսենսուսի բացակայությունն այս փուլում խնդիր է դիտարկվելու Հայաստանի կողմից, և խնդիր է դառնալու ՀՀ իշխանությունների համար, որոնց հետ ՀԱՊԿ անդամ երկրները դեռ ամենայն հավանականությամբ պետք է աշխատեն, ուստի պետք է ձգտեն հարթել այն լարվածությունը, որն առաջացել է»,- ասել է նա:

Պղնձաձուլարանի աշխատողները լքում են երկիրը

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ:

Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի թաքցրել, որ ինքը եւ մյուս աշխատողները դրական հույսեր են կապում նոյեմբերի 23-ի հետ: Նրանք ակնկալում են, որ գործարանը թեկուզ ժամանակավոր, բայց կաշխատի: Մինչ այդ, գործարանի աշխատողներից մի քանիսը Հայաստանից մեկնել են: Եթե այս հարցը չկարգավորվի, ապա հեռացողների թիվը կավելանա:

«Հենց այսօր (նկատի ունի երեկ) մեր մոտից գործարանի աշխատող մեկնեց Կիեւ արտագնա աշխատանքի, ընդ որում` գործարանի համար կարեւորագույն մասնագետ` ավագ կոնվերտրագործ, ով հենց սեւ պղինձն էր ստանում: Այս խնդիրը դեռ համատարած բնույթ չի կրում, բայց արդեն 5-6 հոգի մետալուրգներ գնացել են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Կան նաեւ աշխատողներ, ովքեր Ալավերդիից տեղափոխվում են Հայաստանի այլ քաղաքներ, հիմնականում հաստատվում են Երեւանում եւ այնտեղ էլ աշխատանք են փնտրում»,- ներկայացրել է Արմեն Կիրակոսյանը:

Ապա հայտարարել, որ գործարանը չաշխատելու դեպքում իրենք շարունակելու են իրենց պայքարը: «Թե չէ այսպես շարունակել անհնար է, ձմռան բերանին մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել, էլ չենք խոսում վարկային պարտավորությունների մասին, որոնք ուղղակի չեն կարող մարել»,- դժգոհել է գործարանի աշխատողը:

«Ժամանակ». Աշոտյանը թող չանհանգստանա, բոլոր կոռուպցիոներներին հերթը կհասնի

Նախընտրական գործընթացների մասին «Ժամանակ»-ը զրուցել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ:

«Ընտրապայքարին մասնակցում է 11 ուժ, բոլորն էլ մրցակիցներ են, մեզ համար առանձին մրցակիցներ չենք առանձնացնում»,-ասել է նա: «Ժամանակ»-ի դիտարկմանը՝ Արմեն Աշոտյանն ասում է, որ ցո՛ւյց տվեք մի աղմկահարույց գործ, որն ավարտվել է, և կա դատական վճիռ, նա հակադարձել է.

«Քննիչների մոտ տասնյակ գործեր կան, որոնք, կարծում եմ, առաջիկայում կավարտվեն, կուղարկվեն համապատասխան ատյաններ՝ վճիռներ կայացնելու: Դատական պրոցեսները նաև դատարանների ծանրաբեռնվածության պատճառով են երկար տևում: Թող Աշոտյանը չանհանգստանա, բոլոր կաշառակերներին, բոլոր կոռուպցիոներներին հերթը կհասնի, այդ թվում նաև նրա նախկին ու ներկա գործընկերներին, եթե նրանք եղել են այդ պրոցեսների մեջ»:

Նա չի համաձայնել նաև վերլուծաբանների շրջանում տարածված տեսակետին, թե ՀՀԿ-ից լավ ընդդիմություն «Քաղաքացիական պայմանագիրը» չէր ճանաչի: «Ժողովուրդը կորոշի՝ որն է իր համար լավ իշխանությունը և որն է լավ ընդդիմությունը», ասել է Արայիկ Հարությունյանը: