ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աստղային ճեմուղին համալրվեց
2018-11-22 16:34:23

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հանրային ռադիոյի առջևի պուրակի աստղային ճեմուղին այսօր համալրվեց ռադիոյի և հեռուստատեսության չորս  երախտավորների` Մարտին Վարդազարյանի, Սարգիս Նաջարյանի, Մարատ Օրդյանի և Սուսաննա Շահինյանի անուններով:

Հանրային ռադիոյի նվիրյալների ճեմուղում այսօր ավելացավ չորս «աստղի» անուն: Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանն ասում է՝ չորսն էլ ներկայացման կարիք չունեն, նրանց բոլորը գիտեն:


Նվիրյալների ճեմուղում Սարգիս Նաջարյանի ու Մարատ Օրդյանի «
աստղերն» իրար հարևան կլինեն:

«Հանկարծակիի գալ էր ուղղակի, անսպասելի: Իհարկե շնորհակալ եմ, իհարկե մեծ պատիվ է, բայց էստեղ բայց կա մինչև ինձ հասնելն առնվազն  մի քանի տասնյակ մարդու, երախտավորի անուն պիտի լիներ այստեղ, ակնհայտորեն: Մնացածը լավ է, շնորհակալ եմ»,- ասաց Մարատ Օրդյանը:

Սարգիս Նաջարյանի համար ևս անակնկալ էր իր անվան «աստղ» տեսնել նվիրյալների ճեմուղում: Ասում է՝ անակնկալները երկնքում են, ոչ երկրի վրա, դեռ երկար պիտի աշխատի:

«Համենայն դեպս ես փոքրիկ տղա եմ,ես էլի պիտի աշխատեմ, որովհետև սա ինձ համար երջանիկ պահ է, բայց սա մարդու համար չպետք է վերջակետ լինի կամ կանգառ լինի; Սա շարունակություն է, երջանիկ եմ»,- նշեց Նաջարյանը:


Սարգիս Նաջարյանի ու Մարատ Օրդյանի աստղերից մի փոքր ձախ ու մի քանի քայլ ավելի վերև Սուսաննա Շահինյանի «
աստղն» է: Ասում է՝ իր ստացած լավագույն պարգևն ու գնահատականն է:

«Հախուռն հիշողություններ ու զգացողություններ են: Հիմա պատկերացնում եմ, որ այստեղ ինձ հետ կանգնած են նաև իմ երկարամյա գործընկերները, որոնց  հետ աշխատել եմ մոտավորապես չորս տասնամյակ ու որոնց անչափ կարոտում եմ: Հենց նրանք ինձ օգնեցին դառնալ Սուսաննա Շահինյան»:

Մարտին Վարդազարյանը կեսկատակ, կեսլուրջ նկատում է՝  մեկ ականջով լսել էր, որ իր անունն էլ պիտի տեղ գտնի այս ճեմուղում: Անսպասելի ու սպասված զգացողությունները մեկ տեղում են:


«Հաճելի լինելուց բացի ինքնագնահատման և վերանայման առիթ է նույնպես և իհարկե պատասխանատվության զգացողություն ունեմ:Պատասխանատվություն ասեցի շունչս կտրվեց: Ծոռներիս հետ կգամ-կասեմ՝ տեսեք, այ էսպիսի հարգանքի եմ արժանացել»,- ասաց մաեստրոն:

Ռադիոյի աստղային ճեմուղին դեռ դատարկ հուշաքարեր ունի, որոնք սպասում են իրենց տերերին: Այստեղ նրանք են, ովքեր իրենց ձեռգիրն են թողել հայկական ռադիոյում եւ հեռուստատեսությունում։

0:00
0:00