ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Արմավիր» ՋՕԸ-ան հաշիվը պարտքի պատճառով կալանքի տակ է
2019-05-10 19:29:40

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիր ՋՕԸ-ան անդամներն անակնկալի են եկել ընկերության նկատմամբ իրենց ունեցած ահռելի պարտքերից:  Սարդարապատ, Փշատավան, Արևադաշտ համայնքների ջուրօգտագործողները հավաքվել էին Արմավիր ՋՕԸ-ում պարտքերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, իսկ Նոր Կեսարիա համայնքի բնակիչներն էլ պահանջել են աշխատանքից չազատել իր պարտականությունները բարեխղճորեն կատարող Նոր Կեսարիա ենթատեղամասի պետ Վաչիկ Ավետիսյանին: Արմավիր ՋՕԸ պարտքը 6.4 մլրդ գումար է, որի պատճառով հաշվի վրա կալանք է դրվել:


Արմավիրի մարզում արդեն 2 ամիս վար ու ցանք սկսած գյուղացիները կանգնել են ոռոգման խնդրի առջև: Արմավիր ՋՕԸ-ան հետ պայմանագիր կնքելուց առաջ Հայփոստի բաժանմունքներում վճարներ կատարելիս նրանք  անակնկալի են եկել՝  վճարման կտրոնների վրա տեսնելով ռոգման ջրի դիմաց մեծ չափերի հասնող պարտքեր:  Փշատավան գյուղի մանկավարժ թոշակառու Դավիթ Սահակյանը նրանցից մեկն էր:

«Վերջին վեց տարում ես պարտաճանաչ ձևով ջրի վարձի մուծումներ կատարել եմ: Էս տարվա ջրելու համար վերջին մուծումն արել եմ 5000 դրամ: 338 հազար դրամ պարտք կար գրված, էդ ապօրինի  էր գրված, ուշադրություն չէի դարձնում, ինձ ասում էին՝ դու գործ չունես դրանից: Հիմա գրել են անդամավճար 71000 դրամ, գումարել են, ստացել 409 000 դրամ: պայմանագրով ինչ մուծումներ եղել ա՝ արել եմ, տարին փակվել ա»:


Սարդարապատ գյուղի ջուրօգտագործողների պահանջը ևս նույնն է, նրանք ընկերությունից պահանջում էին պարզաբանել իրենց վրա գրված պարտքերը որտեղից են առաջացել:

«Բոլոր ժողովրդի վրա, ով հող ա մշակում, ամենաքիչը 500 հազ դրամ, ամենաշատը 3-4 մլն դրամ պարտք են գրել: Ամեն տարի մուծել ենք, պարտք չենք մնացել: Մենակ անցած տարի կարկուտնա տարել, էդ չենք մուծել: Եթե մենք պարտք ըլնենք մեզի ջուր չեն տա ջրենք»:

Բացի պարտքերից գյուղացիների հետ նախորդ տարիներին կնքված պայմանագրերի մեկ օրինակը չեն տվել ջուրօգտագործողներին, նրանց մեծ մասը չի ծանոթացել պայմանագրի կետերին, իսկ եթե ծանոթացել են, բայց համաձայն չեն եղել, ստիպված են ստորագրել:


«Ինձ պայմանագրի օրինակ չեն տվել, եթե չստորագրեի, ինձ ջուր չէին տա, էն ժամանակ բռնապետություն էր, դաժե սպիտակ թղթի վրա են ասել ստորագրի, պայմանագիր ա»:

Ջուրօգտագործողներից ոռոգման ջրի պարտքերը գանձվել է դատարանի միջոցով: Հողատերեը նշում էին, որ  հաճախ ջրի վարձը գանձել են  ընկերության աշխատակիցները, բայց կտրոն չեն ստացել:

«Կա որ չեկը գրել են, բայց չեն բերել տվել մեզ, որ հարցրել ենք, ասել են՝ ջրայինում  դաստած, դրած ա, չեն բերել»:

Ոռոգման շրջանը բացվել է, սակայն Փշատավան համայնքում մինչև հիմա ջուր չկա: Գյուղացիների հետ Արմավիրի ՋՕԸ-ն էր եկել նաև համայնքի ղեկավար  Ազատ  Քյարամյանը: Գյուղում ամեն տարի  մայիսի 1-ից կարողացել են հողերը ոռոգել, հիմա ոչ, ջրատարը մաքրված չէ:

«Արաքսը մեր կողքով ա գնում, սահմանամերձ գյուղ ենք, 3-4 օր առաջ վարարել էր, ամբողջ գիշեր չքնաբնք, ամբողջ ժողովրդով հելանք, ջրի դեմը առանք, որ չլցվի գյուղը, բայց ջրանցքները չհանելու պատճառով ջուրը չի գալիս գյուղ: Գյուղում ունենք խորքային հորեր, չեն գալիս ընդունեն, որ հոսքանքի վարձը չտան, թողում են իմ վրա: Անցած տաի թողեցին, էս տարի նույն վիճակն ա»:


Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասը ոռոգվում է խորքային հորերի և պոմպերի միջոցով: Արևադաշտում նույնպես ոռոգման ջուր չկա: Պոմպը 15 օր է չի աշխատում: Գյուղացիները եկել էին պոմիդորի սածիլը ձեռքին՝ չորանում է:

«Էս շիթիլը հողից արդեն անջատվում ա, 15 օր ա ջուր չունենք, նասոսը վառվել ա»:

Արմավիր ՋՕԸ-ունն արդեն մեկ ամիս նոր տնօրեն ունի՝ Ռազմիկ Գաբրիելյանը:  Ընկերությունը հիմա սնանկ վիճակում է, քանի, որ հաշվի վրա կալանք է դրված: Արմավիր ՋՕԸ-ան պարտքը 6 միլիարդ 4 միլիոն դրամ է: Կալանքի տակ գնտվող հաշիվը  խոչընդոտում է  վնասված պոմպերի վերականգնմանն ու ջրատարների լիարժեք մաքրմանը: Արմավիր ՋՕԸ-ում այժմ անորոշ վիճակ է, իսկ վնասված պոմպերը վերանորոգելու նպատակով ապառիկ գործարքների են գնալու:


«Շարժիչների նորոգումը  թանկ արժե: Մենք էլ բաց հաշիվ չունենք, գումար էլ չունենք, որովհետև հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով հաշիվը կալանքի տակ է: Արևադաշտի պոմպի շարժիչը նորոգելու նպատակով նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ապառիկով նորոգեն»:

 Արմավիր ՋՕԸ-ան սպասարկման ներքո է գտնվում 39 համայնք:  Ներկայում վերոհիշյալ խնդիրներն առկա են բոլոր գյուղերում:  Գործադիր տնօրեն Ռազմիկ Գաբրիելյանը  հերթով լսեց ջուրօգտագործողների բողոքը և հորդորեց պարտքերի մասով  դիմել անհրաժեշտ կառույցներին և ստանալ պարզաբանումներ, իսկ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով առաջարկեց ոռոգման ջրի վճարները կատարել Հայփոստի բաժանմունքներում: 


Նոր Կեսարիա համայնքի բնակիչները Արմավիր ՋՕԸ-ն էին եկել իրենց գյուղի ենթատեղամասի պետ Վաչիկ Ավետիսյանին պաշտպանելու նպատակով: Արդեն մի քանի տարի նա իր աշխատանքով արժանացել է գյուղացիների համակրանքին:

«Մենք ոռոգման ջրի խնդիր չունենք, ոչ էլ պարտքերից բողոք ունենք: Համայնքի ղեկավարը սուտ բողոք է ներկայացրել, որ հողերը չենք ջրում Վաչիկի պատճառով: Մենք չենք ուզում, որ Վաչիկին ազատեն աշխատանքից»:

Ռազմիկ Գաբրիելյանը նորկեսարիացիներին տեղեկացրեց, որ ենթատեղամասի պետի պաշտոնի բարձրացում էին նախատեսել, եթե համայնքը գոհ է նրա աշխատանքից, ապա նա կշարունակի նույն գործը:

0:00
0:00