ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մի դատիր, որ չդատվես
2019-05-11 18:31:21

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ է զգում դատավորը խորհրդակցական սենյակում, ինչպե՞ս է դատում: Դատավորի գործի նրբերանգների, փակ ու բաց կողմերի մասին զրուցել ենք նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ ։ Հենց նա էր, որ 2007- ի հուլիսին ընդունեց աննախադեպ վճիռ։ Դա ժամանակին դատական համակարգի խաղաղ երկնքում պայթած որոտ էր, որը Պարգեւ Օհանյանին դատական պատմուճանից զրկելու պատճառ դարձավ։

Նախաճաշ՝ տուգանքի փոխարեն

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենսի քաղաքային դատարանի դատավոր Ֆրանկ Կապրիոյին հայրենի քաղաքում գիտեն անխտիր բոլորը, իսկ նրանք, ովքեր երթևեկության կանոններ են խախտել կամ վարչական այլ իրավախախտում թույլ տվել, դատավորին համարյա երկրպագում են:

Տուգանքի հերթական գործը քննելիս Կապրիոն զրուցում է իրավախախտի հնգամյա որդու հետ, հարցնում՝ նախաճաշել է արդեն: Իմանալով որ ոչ ՝ գործարք է առաջարկում. հայրիկին չի տուգանի, փոխարենը նա որդուն նախաճաշ կհյուրասիրի:

Կապրիոն սովորություն ունի երկար զրուցել իրավախախտների հետ, լսել նրանց պատմությունները և, ինչպես ինքն է ասում, վճիռներ կայացնել խղճով:

Դատական համակարգ՝ դատախազությունից, հավատ՝ անհավատությունից

Հայաստանում դատավորներին շնորհակալություն հայտնել այնքան էլ չեն սիրում, նրանց մասին հիմնականում խոսում են մեծ վերապահումով: Եթե չեն հայհոյում, վիրավորում ու անտարբեր են, արդեն լավ է:

«Գիտեք, սա սիրելու աշխատանք չէ: Ծանր գործ է, խիստ պատասխանատու, բացասական աուրայի մեջ»,- դատավորի գործի փակ ու բաց կողմերի մասին զրուցում եմ Պարգև Օհանյանի հետ:

Վաղուց արդեն դատական համակարգում չէ ՝ 10 տարուց ավելի, շուրջ այդքան էլ աշխատել է որպես դատավոր: Ասում է՝ աշխատանքը սիրելի է, երբ բարի արդյունք է տալիս, ճակատագրեր չի խեղում:

«Միշտ բարի նախանձով եմ նայել ճարտարապետներին, դիզայներներին, բարի գործ են անում, ճակատարգրեր չեն փոխում: «Սարոյան եղբայրներում» ոնց է ասում…անհոգ ծիծաղում է, պապ չի սպանել, տերտեր չի սպանել»:

Իր աշխատած տարիներին հիշում է՝ խորհրդակցական սենյակ ասվածը պայմանական բնույթ ուներ: Դատավորը, ինքը նույնպես, շատ հաճախ այնտեղ գնում էր՝ կարծիքն արդեն ձևավորած: Թեև դատական համակարգ եկել է դատախազությունից, բայց բնույթով իրեն մեղադրող չի համարում:

«Չէի ասի, ես ատամնաբույժ ընկեր ունեմ, որ դասական մեղադրող է , այնքան կճնշի, կմեղադրի… Ես, ընդհակառակը, ներողամիտ եմ, զիջող: Ես հոգևոր ընթացք եմ որդեգրել», - ասում է Օհանյանը ու հավելում. «Աթեիստ եմ եղել, ինչպես հիմա ցավոք կառավարությունում շատերը, որ հպարտությամբ էլ ասում են: Լուսահոգի Վլադիմիր Նազարյանը գիտական աթեիզմի մասին ասում էր՝ անհավատության գիտականը ո՞րն է»:

Ամենահայտնի ու ամենատհաճ վճիռները

Պարգև Օհանյանի ամենահայտնի վճիռը՝ 2007-ին «Ռոյալ Արմենիա» ընկերու­թյան ղեկավարների նկատ­մամբ, անսպասելի էր, աննախադեպ, այնքան անհասկանալի գործընկերների համար, որ շատերը փորձեցին բացատրություններ գտնել: Մի մասի կարծիքով, օրինակ, Օհանյանն այդպես վարվել էր , քանի որ աղանդավոր էր: Դրան արձագանքելով՝ նախկին դատավորը նախ ժպտում է, հետո արձագանքում. « Այդ ինչ աղանդ է… մեր դատավորներին խորհուրդ տանք գնալ այնտեղ, որ արդարացման դատավճիռները շատանան: Ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Հետևորդ ասվածը քիչ է»:

Կայացվել է այն, ինչ օրենքով է և խղճով. արդարացման դատավճռից հետո ասել էր Օհանյանը, ընդգծել, որ չի զղջում:

2007-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանը` Օհանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատ էր արձակել շուրջ երկու տարի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների, որոնք մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ: Այդ վճռից հետո Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց, ավելի ուշ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դատավորի՝ նրա լիազորությունները դադարեց­վեցին:

« Ես ոչնչով չեմ տարբերվել և չեմ տարբերվում մյուսներից: Հիմա էլ նույն մեղավորն եմ, Բայց գալիս է մի պահ , երբ հասկանում ես, որ ունայն կյանքով ես ապրում: Քեզ թվում է դատավոր ես, ինչ-որ արտոնություններ ունես, լուրջ գործ ես անում, բայց իրականում ոչինչ էլ չես անում: Ժամանակ է պետք, որ մարդը հասունանա… Հասունացել էր մի պահ, որ այդպես շարունակել չէր լինի: Ես պատրաստ էի դրան, առանց զոհաբերության երբեք չի լինում որևէ արդյունք»:

Օհանյանին հիմնականում հիշում են «Ռոյալ Արմենիայի» դատավճռով, հարցնում եմ՝ իսկ եղե՞լ են գործեր, որոնք կուզեր քննած չլիներ, կամ որոնց համար ամաչում է: Կոնկրետ գործեր չի նշում, բայց ակնհայտ դիսկոմֆորտով է հիշում Հյուսիսային պողոտայի գործերի դատաքննությունը:

Նախկին դատավորը մեծ փոփոխություններ համակարգում դեռ չի տեսնում ու կարծում է, որ դրանք արագ չեն լինելու: Համոզված է ՝ դատավորներին ավելի շատ, քան մյուսներին, խանգարում են զգուշավորությունը, մարդկային վախերն ու անվստահությունը, ընդ որում՝ բոլորի նկատմամբ, նաև իշխանությունների, որոնք ասում են՝ դուխով:

0:00
0:00