ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-23 10:02:49
  • «Ազգ». Ընտրություններից հետո պետծառայողների մեծաքանակ կրճատումնե՞ր
  • «Հայոց Աշխարհ». Խմելու ջրի սակագինը կբարձրանա ևս 11 դրամով
  • «Ժողովուրդ». ՀԷԿ-երի ոլորտում «այլանդակությունը»՝ քրեական գործի առիթ
  • «Իրատես». Լուկաշենկոն և Նազարբաևը լավ թիրախներ են հայաստանյան ներքաղաքական զարգացումներում միավորներ հավաքելու համար

«Ազգ». Ընտրություններից հետո պետծառայողների մեծաքանակ կրճատումնե՞ր

«Ազգ»-ն անդրադարձել է պետական կառավարման համակարգի օպտիմալացման խնդրին: Այսօր շատ է խոսվում խորհրդարանական ընտրություններից հետո պետական համակարգում կատարվելիք մեծաքանակ կրճատումների մասին (ըստ ոմանց՝ նույնիսկ 100 հազար), որպես հետևանք նաև մի շարք նախարարությունների միացման

Թերթի դիտարկումներով մեր հասարակությունը ընդհանրապես գոհունակությամբ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջիկա ընտրություններից հետո կառավարության կազմը կրճատելու մասին:

Սակայն կարծում է, որ առանց համապատասխան նախապատրաստության այդպիսի քայլը կնշանակի պարզապես գործազուրկների կտրուկ ավելացում՝ իր սոցիալական ու քաղաքական նաև անվտանգային ծանր հետևանքներով: Մանավանդ, որ ներհայաստանյան շուկան, բոլորովին պատրաստ չէ աշխատանքից զրկվածներին «ներծծելու»:

«Անշուշտ ոչ ոք չի կարող առարկել, որ մեր պետական համակարգը տասնամյակների ընթացքում, հիմնականում ներքին շուկայի զարգացած չլինելու և չինովնիկական աշխատանքի նկատմամբ ավանդական շահադիտական մոտեցման պատճառով, արհեստականորեն ուռճացված է, և միաժամանակ, դեռևս քիչ են այն մարդիկ, որոնք մասնավոր սեկտորում աշխատելը նախընտրում են հանրային սեկտորից: Հետևաբար, իսկապես անհրաժեշտ են որոշակի կրճատումներ, «թեթևացումներ» կատարել: Սակայն կտրուկ և լայնամասշտաբ կրճատումների համար մեր երկիրը պատրաստ չէ: Ամենևին»,-գրում է թերթը:

ՀԷԿ-երի ոլորտում «այլանդակությունը»՝ քրեական գործի առիթ

«Ժողովուրդ» թերթը ցավով արձանագրում է, որ հատկապես վերջին քսան տարիներին Հայաստանի ջրային ռեսուրսներն օգտագործվել, մսխվել են անխնա, ամենավայրագ ձեւով:

ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Խնդրին անդրադարձ է եղել նաեւ ՀՀ կառավարության նիստում: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բավական կտրուկ է արտահայտվել: Թերթը մեջբերել է նրա խոսքը. «Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել»,- ասել է նա ու հավելել, որ 3-4 անգամ ավելի շատ են ջուր օգտագործել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը պատկանում են ՀՀԿ իշխանության առանցքային դեմքերին եւ այդ պատճառով էլ արտոնյալ կարգավիճակ են ունեցել իրենց գործունեութունը ծավալելիս՝ անարգել արհամարհելով օրենսդրությունը:

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ԺՊ Էդգար Փիրումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են բոլոր ՀԷԿ-երը եւ հայտնաբերել, որ գործող 188-ից 152-ը ունեն ջրօգտագործման թույլտվության առնվազն մեկ պայմանի խախտում` ջրառի կետում բացակայում է ջրաչափը: Մինչդեռ պարտավոր են ունենալ ջրաչափ:

Խմելու ջրի սակագինը կբարձրանա ևս 11 դրամով

«Հայոց Աշխարհ»-ը խմելու ջրի սակագնի բարձրացման հարցում կասկած չունի։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին։ Մեկ ամիս հետո կամ 2019թ. հունվարի 1-ից այն կմտնի գործողության մեջ։

Հայաստանի ջրային համակարգը կառավարող «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել էր կարգավորողին՝ սակագների ճշգրտման հայտով։ Կառավարման պայմանագրով ընկերությունն իրավունք ունի ամեն տարի հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ, ինչը եւ արել է։ Ուսումնասիրելով ընկերության հայտը՝ հանձնաժողովը, որոշ վերապահումներով, այն համարել է հիմնավորված։

Ըստ այդմ, բնակչության համար մանրածախ խմելու ջրի սակագինը «Վեոլիա ջուր» ընկերության կառավարման տարածքներում, այդ թվում՝ Երեւանում, լինելու է 202,2 դրամ։ Սա հանձնաժողովի ուսումնասիրությամբ ձեւավորված սակագինն է, որը, ինչպես թերթն է նշում, մի փոքր ցածր է ընկերության ներկայացրածից։

«Վեոլիա ջուրն» առաջարկում էր մանրածախ ջրամատակարարման-ջրահեռացման ծառայության գինը բնակիչ-սպառողների համար ավելացնել 13,7 դրամով եւ գործող 191,4-ից հասցնել 205,1 դրամի։ Հայտի ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը առաջարկած 13,7 դրամից գրեթե 3 դրամը հիմնավոր չի համարել։

Բնակչությունը այժմ վճարում է 180 դրամ։ Մնացածը փոխհատուցում է պետական բյուջեն։ Ելնելով սակագների բարձրացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակահարմարությունից՝ անցած տարի կառավարությունը որոշել էր ստանձնել այդ բեռը։

«Այսինքն՝ եթե կառավարությունը հրաժարվի փոխհատուցումից, ապա բնակչությունը ստիպված կլինի հաջորդ տարի խմելու ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց 22 դրամով ավել գումար վճարել։ Հայաստանի նոր քաղաքական իշխանությունն այս հարցում առայժմ չի հայտնել իր մոտեցումները»,-գրում է թերթը։

Լուկաշենկոն և Նազարբաևը լավ թիրախներ են հայաստանյան ներքաղաքական զարգացումներում միավորներ հավաքելու համար

«Իրատես»-ի կանխատեսումներով՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թեման դժվար թե հանգուցալուծում գտնի դեկտեմբերի 6-ին։ ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը կարող է լուծվել միայն փոխհամաձայնության պայմաններում, ուստի, ըստ թերթի, հասկանալի է, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը որևէ տեսանելի պատճառ չունի, որպեսզի ապահովի այդ կոնսենսուսը, օրինակ, Բելառուսի թեկնածուի համար։

«Նույնիսկ տեսականորեն չի նշմարվում, թե Փաշինյանն ինչի դիմաց պետք է ապահովի կոնսենսուս այլ երկրի թեկնածուի համար։ Դա չի երևում դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, երբ ցանկացած նահանջ այդ հարցի շուրջ կդիտարկվի որպես Նիկոլ Փաշինյանի անձնական մեծ պարտությունը արտաքին քաղաքական ոլորտում։ Եվ շատ առասպելներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում ամրության, հաջողության մասին, միանգամից կփլվեն։ Պարզ է, որ նախընտրական արշավի շրջանում գրեթե բացառվում է, որ Հայաստանը կոնսենսուս կապահովի մեկ այլ երկրի թեկնածուի համար», - գրում է թերթը:։

ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ խնդիրներ է ունենում թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարության հետ, որոնք պարբերաբար սեփական խաղն են սկսում Արևմուտքի հետ, ինչը ֆինանսատնտեսական տեսակետից շատ դեպքերում թանկ է նստում Ռուսաստանի վրա։ Նման պարագայում թերթը չի բացառում, որ նաև ՌԴ շահերից է բխում այն, որ ՀԱՊԿ-ում հայտնվել է մի երկրի ղեկավար, որը կարող է Ռուսաստանի փոխարեն իրենց տեղը դնել ցուցարարներին, տվյալ դեպքում Լուկաշենկոյին և Նազարբաևին։

«Այստեղ գուցե կա շահերի համընկնում, ինչի արդյունքում եթե նայում ենք պրագմատիկ արդյունքով, մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Բելառուս-Ղազախստան տանդեմի կոնֆլիկտից շահում է ռուսական կողմը։ Փաստորեն, ՌԴ ներկայացուցիչն է այս պահին ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում ղեկավարում ՀԱՊԿ-ը, և քանի որ որևէ հավանականություն չկա, որ դեկտեմբերյան համաժողովին կողմերը կգան ինչ-որ կոնսենսուսի, ամենայն հավանականությամբ, դեռ մի քանի ամիս էլ Ռուսաստանը կշարունակի ղեկավարել»։

Այս թեմայի շահարկման համար թերթը պարարտ հող է տեսնում Հայաստանում. հակառակորդները փորձելու են վարչապետին մեղադրել, որ վերջինս ոչինչ չի հասկանում քաղաքականությունից, այդ իսկ պատճառով ճգնաժամ է առաջացրել ՀԱՊԿ-ում, իսկ կողմնակիցները անընդհատ շեշտելու են, որ նոր իրավիճակում նոր իշխանությունները նոր պահանջներ են սկսել դնել, ինչը դեռևս շատերի սրտով չէ, բայց սա նոր Հայաստանի այցեքարտն է։

«Մի խոսքով՝ ոչ մի նոր բան, ընդամենը ընտրություններ, ընդամենը նախընտրական տրամաբանություն յուրաքանչյուր քայլում»,-եզրակացնում է թերթը։