ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եթե աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ից հետո աշխատողներին տուն եմ ուղարկելու. Մեսչյան
2019-05-15 17:19:23

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր հրավիրած ասուլիսում դժգոհել է հասարակության վերաբերմունքից և նախազգուշացրել՝ եթե առաջիկայում քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, իր ղեկավարած բաժիններում գոնե ժամը 18-ից հետո մարդ չի մնա:

Գլխավոր ճարտարապետն անդրադարձել է Մետրոպոլիտենի նոր կայարանի,  երևանյան ճոպանուղու նախագծերին՝ տեղեկացնելով դրանց իրականացման դրական ընթացքի մասին:

2019-ին  կավարտվեն Մետրոպոլիտենի նոր կայարանի և Կենտրոնից դեպի Նոր-Նորք ճոպանուղու նախագծման աշխատանքները, իսկ շինարարարական աշխատանքները  կմեկնարկեն 2020 թվականի սկզբին։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով, երկու ծրագիրն էլ  փորձում  են իրականացնել ոչ թե բյուջեի, այլ կառուցապատողների միջոցներով: Մեսչյանը վստահեցրեց, որ սուղ միջոցներով փորձում են անել հնարավորը, բայց քաղաքապետարանի աշխատանքը կարծես չի գնահատվում.

 «Բոլոր այն բաժինները, որ իմ կուրացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ը աշխատում են և մեկ էլ հեռուստատեսությամբ լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ և մի քանի կոպեկ աշխատավարձի, որ պետք է ավելանա կամ չավելանա: Ճիշտն ասած, դա էդքան ազնիվ չէ: Ես մի բան պիտի ասեմ, չզարմանաք՝ եթե մոտակա ժամանակները իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին ես բոլորին ուղարկելու եմ տուն: Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու: Կարող եք սա ընդունել որպես նախազգուշացում»:

Գլխավոր ճարտարապետը դժգոհեց, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող ցանկացած քայլ տարօրինակ դիմադրության է հանդիպում, թերևս ամենաթարմ օրինակը.

«Մի քանի օր առաջ բացվեց մի այգի, մարդիկ շատ տարօրինակ վերաբերմունք ցույց տվեցին: Բայց մի հատ երեկոյան գնացեք էդ այգու կողքը, տեսեք ինչքան մարդ է  անտեղ հավաքվում»:

«Ռադիոլուրի» խնդրանքով գլխավոր ճարտարապետն անդրադարձավ հենց նույն՝ օրերս շահագործման հանձնված այգուց հանված ու այլ տարածք տեղափոխված բոլորիս հայտնի «Ջուր ծախող տղայի» արձանին:

«Այգու կառուցման ժամանակ բարերարները խնդիր դրեցին, որ արձանը տեղափոխվի իր նախկին տեղը: Ես իրենց առաջարկեցի, ասացի, իսկ ինչո՞ւ չի կարելի արձանը թողնել այգում, քանի որ այգում դուք էլի արձաններ ունեք: Նրանք պատասխանեցին, որ իրենք չեն պատկերացնում այդ արձանն այգում: Ասացին՝ քանի որ մենք ենք ֆինանսավորում այգին, մենք ենք որոշում: Իրենք կտրականապես հրաժարվեցին: Բայց փաստը մնում է փաստ, որ տղաները եկան, այգին կառուցեցին, շնորհակալ ենք իրենց, լավ գործ արեցին տղաները »,-ասաց Մեսչյանը

Ի դեպ, արձանի տեղափոխության առիթով արտահայտելով իր դժգոհությունը, ֆեյբուքյան իր գրառման մեջ ճարտարապետ Միսակ Խոստիկյանը հարց էր բարձրացրել՝ ինչու, ինչով պիտի արձանը խանգարեր նոր այգուն,  եթե տեղում մնար»:

Արթուր Մեսչյանի ասուլիսից փոքր ինչ շեղվելով, նշենք, որ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ «Ջուր ծախող տղայի» արձանը գրանցված է պետական ցանկերում և տեղափոխությունն իրականացվել է նախարարության համաձայնությամբ.

Վերադառնալով Երևանի քաղաքապետարան. Աղբահանության խնդիրը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի գործառույթներից դուրս է, բայց Մեսչյանն, այդուհանդերձ, անդրադարձավ բոլորիս տանջող, հաճախ զայրացնող ու իր լուծումն առ այսօր չգտած խնդրին:

«Ամենահզոր Սանիտեկը Երևանում դա մեր բնակիչներն են: Մենք էլ այստեղ անելիք ունենք: Մի քիչ էլ մենք Սանիտեկ լինենք էլի»:

Երևանի խնդիրները շատ-շատ են: Կա դրանք լուծելու կամք, ցանկություն, ծրագրեր, բայց…

«Ցավդ տանեմ, փող չկա, ջան», ասաց Մեսչյանը:

«Մենք ծանր ժառանգություն ենք ստացել: Խնդիրները լուծելու համար ժամանակ է պետք»,-ամփոփեց գլխավոր ճարտարապետը:

0:00
0:00