ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիտալի Բալասանյանի հայտարարությունները տարբերվում են բանավոր հավաստիացումներից. Արարատ Միրզոյան
2019-05-15 17:37:49

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երեկվանից Հայաստանում է Արցախի խորհրդարանական պատվիրակությունը: Կայացել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Գործնական աշխատանքների իմաստով նիստը ցույց է տվել այն ճանապարհը, որով առաջիկայում համատեղ գնալու են երկու պետությունների իշխանությունները:

Հայաստանի եւ Արցախի պատգամավորները փորձում են ակտիվացնել համագործակցությունը, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Արցախյան հիմնախնդրի քննարկումները:

Սա այցի պաշտոնական նպատակն է: Արցախցի պատգամավորները, սակայն, Երեւանում չկարողացան խուսափել հակասությունների եւ լարված հարաբերությունների մասին վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող լուրերի մասին հարցերից:

Արցախյան կողմը հերքում է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ գոյություն ունեն հակասություններ եւ դրանք գնալով խորանում են: Արցախցի պատգամավորներն արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում են՝ Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ:

«Որեւէ հակասություն չկա եւ որեւէ սրացում չի կարող լինել: Մենք այսօր նաեւ դրա համար այստեղ ենք, որպեսզի նաեւ եւ պաշտոնական, եւ ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետությունների միջեւ հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական, եղբայրական: Կարող են լինել աշխատանքային որոշ տարաձայնություններ, բայց դա չի կարող որեւէ կերպ նսեմացնել մեր հարաբերությունների մակարդակը: Ես չեմ ուզում, որ այս հարցում որեւէ թյուրըմբռնում լինի»:

Հարաբերությունների վատթարացման բոլոր կասկածներն այս կամ այն կերպ կապվում են Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատավարության հետ: Արցախից բազմաթիվ ներկա եւ նախկին գործիչներ արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոշ դեպքերում դրանք կտրուկ էին եւ անգամ սկանդալային էին որակվում: Աշոտ Ղուլյանն այսօր գերադասեց չխոսել Քոչարյանի դատավարության մասին:

«Այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ»:

Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն-խնդրագիր նախորդ ամիսներին Հայաստան ուղարկվել է նաեւ Արցախի խորհրդարանի կողմից: Ինչո՞ւ էր այդ դեպքում Արցախը լռում, երբ «Մարտի 1»-ի գործով տարիներ առաջ դատարաններում դատվում էին «մյուս կողմի» ներկայացուցիչները՝ լրագրողի հարցին Աշոտ Ղուլյանը պատասխանեց արդեն հեռանալիս.

«Արցախը չէր լռում, Արցախը մեծ ցավ էր ապրում: Կարծում եմ, որ այս իմաստով մենք բոլորս նույն հասկացության եւ նույն իմացության մեջ ենք»:

Վերջին օրերին խորացող հակասությունների մասին լուրերում պակաս դերակատարություն չխաղաց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը:

Կարծիքը էր հայտնել, որ ավելի լավ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին Ղարաբաղի ներկա եւ նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի խնդրանքը բավարարվեր:

Առհասարակ Բալասանյանը վերջին շրջանում աչքի է ընկնում Հայաստանի նոր իշխանությունների քննադատությամբ:  Մինչդեռ օրինակ Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոստովանում է՝ անձնապես մեծ համակրանք ունի Բալասանյանի նկատմամբ, բայց.

« Հասկանում եմ, որ Արցախում արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը, բայց կառաջարկեի, որ շատ առաջ չընկնեին մեր գործընկերները իրադարձություններից: Եվ ընդհանրապես պարոն Բալասանյանի մյուս հայտարարությունների մասով ուղղակի կոչ կանեի, որ տեսախցիկների առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց տեսախցիկների արվող հավաստիացումներին»:

Ամեն դեպքում, Հայաստանի եւ Արցախի պատգամավորները երկու օր նստել եւ քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա ուղղությունները: Քննարկումները դռնփակ են եղել: Կողմերը հավաստիացնում են, որ շատ օգտակար էր:

Նոր գործընթաց է սկսվում, որը համարվում է մեծ ճանապարհի նոր սկիզբ: Առանձնացվել են բազմաթիվ հարցեր՝ հետագա ամիսների գործողությունների եւ ղարաբաղյան հիմնախնդիրը  խորհրդարանական դիվանագիտության համատեքստում ներկայացնելու համար:

0:00
0:00