ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դպրոցական առցանց գրանցումը մեկնարկեց մեծ աղմուկով
2019-05-15 18:10:42

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության համար գործարկվել է hayt.emis.am կայքը: Առցանց գրանցման համակարգից, սակայն, շատ ծնողներ դժգոհ են: Ընդունելության այս նոր տարբերակով  շատ երեխաներ կամ չեն ընդունվել, կամ ընդունվել են  ոչ նախընտրած դպրոց:

Ի՞նչ լուծում է առաջարկում կրթության և գիտության նախարարությունը:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում առաջին դասարանի երեխա ունեցող ծնողներն են հավաքվել: Բողոքում են այսօր գործարկված առցանց գրանցման համակարգից:

Նրանք, այսօր պետք է տանը նստած գրանցեին երեխաներին ու դրանով խնայեին իրենց ժամանակը, սակայն, այդպես չեղավ: Գործարկված համակարգի արդյունքում այսօր ամբողջ ժամանակը ծախսում են երեխաների ընդունելության հարցերի համար:

«Նշել ենք, որ Չեխովի անվան դպրոցն է, որ մեծ եղբայրը սովորում է այդ դպրոցի 5-րդ դասարանում: Ապրում է Բաղրամյան 45-ում: Այսինքն՝ եթե հիմա նենց ստացվի, որ  երեխան չընդունվի այդ դպրոց, մեր աշխատանքային գրաֆիկն ամբողջությամբ խախտվում է: Դպրոցից երեխուն մեկին պիտի տանենք Բաղրամյան, մյուսին՝ մեկ այլ տեղ»:

Այսօր առավոտյան՝ ժամը 9-ին,  գործարկվել է առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցման համակարգը և  ծնողները կանգնել են  խնդրի առջև: Մեկի մոտ գրանցումը չի ստացվել, մյուսի երեխան նախընտրած դպրոց կամ դասարան չի ընդունվել:

«Ես նոր պարզեցի, որ ընդունվել է ուրիշ դպրոց: Այն դպրոցը, որը ես փորձում էի 9։00-ից, արդեն տեղ չկա: Ձեր սերվերի պատճառով իմ երեխան դուրս է մնացել», դժգոհում են ծնողները:  

Բնակչության պետական ռեգիստրից տվյալները որոշակի ժամանակահատվածում չեն ստացվել, և դա է եղել այս խնդիրների առաջացման պատճառը: Տեխնիկական խնդիրը լուծվել է, սակայն  ծնողների մի զգալի հատված չի հասցրել երեխաներին ընդունել նախընտրած դպրոց: Համակարգի վերականգնվելուց հետո արդեն տվյալ դպրոցում տեղերը սահմանափակվել են: 

«Երեխա ենք դպրոց ընդունվում: Այսինքն՝ մեկ րոպե ուշացնելու դեպքում չի՞ ընդունվում: Եթե դուք դիմել եք այն ժամանակ, երբ արդեն տեղերը սահմանափակվել են, ապա այդ դեպքում այդ խնդրին լուծում չի տրվելու, իսկ եթե ընդունելությունը չի կատարվել տեխնիկական պատճառով, ապա այդ դեպքում նախարարությունը  կփորձի տալ լուծումներ», ասաց Արտակ Պողոսյանը:

Կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում հավաքված ծնողները  կենտրոնի պետ Արտակ Պողոսյանից էին փորձում պարզել, թե ինչպես պետք է լուծվի երեխաների դպրոց ընդունելության հարցը:

«Երեխուն տալիս ենք նախարարի ձեռն ասում ենք այդ ժամին տար դպրոց: Ես ձեր հարցերին ինչպես պատասխանեմ: Կքննարկենք նախարարի հետ կպատասխանենք ձեր հարցերին»:

Այժմ կենտրոնի աշխատակիցները վերցնում են  նման ծնողների տվյալները՝ պարզելու համար, թե արդյոք երեխային գրանցել են  այն ժամանակ, երբ տվյալ դպրոցում տեղերը չեն վերջացել:   

«Նախարարությունն այդ մարդկանց, ովքեր իսկապես ժամանակի մեջ արել են և չի ստացվել, նրանց կտա համակարգային լուծում: Հիմա մենք գրանցում ենք այդ ծնողներին: Կոնկրետ այս ծնողի խնդիրն իսկապես անհասկանալի է, գրանցել է հայկական դասարանի համար, երեխան հայտնվել է ռուսականում: Երբ հանել է երեխայի գրանցումը, որ գրանցի հայկականում, արդեն տեղ չի եղել»:

Երեկոյան նախարարի հետ տեղի է ունենալու խորհրդակցություն և այս տվյալները պետք է ներկայացվի գերատեսչության ղեկավարին՝ խնդիրներին  պատշաճ լուծումներ տալու համար, նշեց Արտակ Պողոսյանը:

Իսկ արդեն լրացված դասարաններում ինչպե՞ս են ընդունվելու թեկուզ այն երեխաները, որոնց գրանցումը տեխնիկական  խնդրի պատճառով չի կայացել. կենտրոնի պետը մատնանշեց հնարավոր տարբերակներ: «Միգուցե ավելացվեն դասարաններում լիցենզիոն տեղեր կամ դպրոցում բացվի մեկ այլ դասարան»:    

0:00
0:00