ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի նախկին եւ ներկա նախագահները կգա՞ն դատարան
2019-05-15 19:28:45

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վաղը՝ մարտի 16-ին, պարզ կլինի, թե Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը երբ կգան դատարան՝ Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատման երաշխավորագիր ներկայացնելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին եւ ներկա նախագահները երաշխավորագիր-նամակ էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատարանը, սակայն, նշել էր, որ օրենքի պահանջով երաշխավորագիր ներկայացրած անձինք պետք է նույնը կրկնեն դատարանում:

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստի ժամանակ շարունակվեց Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի ընտրության հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցով քննությունը:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացմամբ`բացակայում է հիմնավոր կասկածը, որ նախկին նախագահն իրեն մեղսագրվող արարքները կատարել է:

Ալումյանը փորձեց հատվածներ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը:

«Իբրև պարոն Քոչարյանը հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստվածության, ու չգիտեն՝ ինչ ասել է զորքը բերել մարտական պատրաստվածության: Ցանկացած գնով ուզել է իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցել»: 

Ալումյանը ասում է, որ պարոն Քոչարյանը չէր կարող ունենալ այդպիսի մտադրություն առհասարակ, քանի որ արդեն իսկ այդ փուլում Սերժ Սարգսյանն ընտրվել էր ՀՀ նախագահ: Ընտրությունների նախնական արդյունքները դեռեւս փետրվարի 20-ին հաստատվել են ԿԸՀ-ի կողմից:

Փաստաբանական խումբն ասում է, որ մեղադրանքը գրված է ընդամենը վկա Արշակ Կարապետյանի ցուցմունքի վրա, որը, ըստ պաշտպանների, հիմք չունի: Ալումյանը խոսքը չավարտած՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, ասելով որ նիստը պետք է անցկացվի դռնփակ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա։

Ընդմիջումից հետո որոշվեց, որ նիստը պետք է շարունակվի դռնբաց, և Ալումյանը  առաջին անգամ դատարանում հատված մեջբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ի գործով տված ցուցմունքից: Ցուցմունքում Սերժ Սարգսյանը ասել է «զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որեւէ կապ չունի ռազմական դրության հետ ու ասել, որ եթե ինքը լիներ պաշտպանության նախարար, ապա  նման կերպ կվարվեր, հրաման կստորագրեր զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին»։

Դատավորը, սակայն,  հորդորեց ցուցմունքներից պարզապես մեջբերումներ անել, այլ ոչ թե հրապարակել ամբողջական, ասելով, որ ինչպես ինքը, այնպես էլ դատավարության մասնակիցները դրանց բովանդակությանը ծանոթ են:   

Սակայն Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ «այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը և դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինն ու դատախազությունը»:

«Ես կարող եմ միայն ենթադրություն անել՝ ինչու է այդ մասին գրված մեղադրանքում, քանի որ 10 սպանության փաստն այդ քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը ներառել են՝ մարդկանց ուղեղը մտցնելու, թե կարո՞ղ է այդ սպանությունները կատարվել են «մերձավոր անձանց» կողմից։ Սա մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է։ Այլ որևէ հիմնավորում չկա այս մեղադրանքում։ Երեք անձ սպանվել է Չերյոմուխայից, իսկ առնվազն յոթ անձ՝ այլ հանգամանքներում, և հիմա փորձում են նման հիմնավորումներ տալ»,-իր ելույթում հայտարարեց Քոչարյանը։

0:00
0:00

Հատված 18.00-ի եթերից