ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանական սպառնալիքներն այլևս չեն ազդում ներդրողների վրա
2018-11-23 13:07:33

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»

Արցախի Սարսանգի ջրամբարի խնդիրը Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում ամենաշահարկվողներից է: Ադրբեջանը մի քանի անգամ հարցը միջազգային ատյաններ է տեղափոխել՝ շեշտը դնելով խնդրի մարդասիրական կողմի վրա: Սակայն ջրամբարի հնարավորությունների համատեղ օգտագործման հարցում արցախյան կողմի պատրաստակամությունը միշտ անտեսվել է: Եւ ահա Արցախը հայտարարում է Սարսանգի ջրերը միակողմանի օգտագործելու ծրագրի մասին: Ընդ որում՝ ծրագիրն իրականացվելու է օտարերկրյա ներդրումներով:

Սարսանգի ջրերի միակողմանի օգտագործման ծրագրի մասին իր ֆեյսբուքյան էջում, ապա եւ Սարսանգի ջրամբարի հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարեց Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ-խորհրդական Արայիկ Հարությունյանը: Նախաձեռնությունը նոր չէ: Ադրբեջանի հետ փոխհամաձայնության չգալու դեպքում խորհրդային տարիներին շահագործվող ձախափնյա ջրանցքի վերաթողարկման վերաբերյալ Արցախի կառավարությունը հայտարարել էր մինչեւ ապրիլյան պատերազմը: 2015-ին ծրագիրը հետաձգվեց:

Արցախի կառավարությունը Ադրբեջանի արձագանքին ձեռքերը ծալած չսպասեց: Պատվիրել է նախագիծ, որի համաձայն Սարսանգ- Մատաղիս հատվածում ՀԵԿ- երի կասկադ կկառուցվի, ապա կվերագործարկվի խորհրդային տարիներին գործող ջրանցքը, որով Սարսանգի ջրերը տեղափոխվում էին դեպի Մարտակերտի եւ Մարտունու շրջանի տարածքներ: Այս նախագծի արժեքը 100 մլն դոլար է: Ծրագիրը իրագործվելու է օտարերկրյա ներդրումներով: Արայիկ Հարությունյանն ասում է, որ վաղուց անցել է այն փուլը, երբ ադրբեջանական սպառնալիքներն ազդում էին ներդրողների դիրքորոշման վրա:

Այն տարածքներում, որոնք պետք է ոռոգվեն Սարսանգի ջրերով, նախատեսվում է այգիներ հիմնել: Արդեն 70 հեկտար նռան այգու պայմանավորվածություն կա օտարերկրյա ներդրողների հետ: Ստեփանակերտում օրերս եվրոպական խոշորագույն ներդրումային հիմնադրամի եւ գործընկեր արցախյան կառույցի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց:

Սարսանգի ջրամբարը կառուցվեց 40 տարի առաջ ոռոգման նպատակներով: Դրա վրա ՀԷԿ-ի կառուցումը Արցախում հաղթանակ էին համարում: Այսօր Սարսանգի հիդրոէլեկտրակայանը ապահովում է Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի համարյա կեսը՝ տարեկան մոտ 104 միլիոն կիլովատ ժամ: Խորհրդային տարիներին Արցախի տարածքում օգտագործվում էր Սարսանգի հնարավորությունների ընդամենը 20 տոկոսը` ոռոգելով մոտ 10 հազար հեկտար տարածք: Ջրի հիմնական մասն օգտագործվում էր ադրբեջանական հողերը ոռոգելու համար: Ռազմական գործողությունների հետեւանքով՝ ջրաբաշխիչ համակարգերը մնացել են ադրբեջանական կողմում: Որպեսզի հին համակարգով Սարսանգի ջուրն օգտագործվի նաեւ Արցախի հողերը ոռոգելու համար` ադրբեջանցիներն իրենց տարածք բաց թողնված ջուրը պետք է ձախափնյա ջրանցքով հետ մղեն Արցախ: Հենց այս հարցում կողմերն արդեն ավելի քան 20 տարի համաձայնության չեն գալիս։ Ավելի ճիշտ՝ Ադրբեջանը անտեսում է իրական խնդիրը եւ հրաժարվում համատեղ քննարկումներից:

0:00
0:00