ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-24 10:35:28
  • «Ժողովուրդ». Վստահության խնդի՞ր, թե՞ առանց պարտադրանքի
  • «Հայկական Ժամանակ». Հեռուստամարաթոն՝ առանց ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի
  • «Հայոց Աշխարհ». Տնտեսության նահանջը հանգեցրել է գնողունակության նվազմանը
  • «168 Ժամ». «Գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ

Վստահության խնդի՞ր, թե՞ առանց պարտադրանքի

«Ժողովուրդ» -ը արձանագրում է, որ նախորդ տարվա համեմատ «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակված գումարն ավելի քիչ է, թեև տարբերությունը մեծ չէ՝ 1.3 մլն դոլար: Միաժամանակ չի բացառում, որ հանգանակության վերջնական գումարը դեռ կփոխվի:

«Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ Սփյուռքի հանգանակած գումարները շեշտակի կավելանան: Ի վերջո, Սփյուռքը հիմա ավելի շատ է վստահում ՀՀ նոր իշխանություններին, քան ՀՀԿ օրոք էր: Ըստ այդմ, երեկ տեղի ունեցածը տարօրինակ էր: Բայց այդ գումարը հնարավոր է, որ կավելանա. նախ՝ հաշվարկված չէ ՀՀ-ից արված նվիրատվությունները: Բացի այդ, եթե նախկինում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերից որոշակի գումար է պահվել հանգանակության նպատակով, ապա այս տարի ստիպողաբար նման քայլ չի եղել»,- գրում է «Ժողովուրդ» -ը:

Ըստ թերթի հավաքագրման նվազման պատճառը կարող էր լինել հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Հիշեցնում է, որ նա հիմնադրամի միջոցները խաղադրույք էր դրել, բայց հետո այդ գումարները մինչեւ վերջին լուման վերադարձրել էր: Ի դեպ, ինչպես թերթն է նշում, երեկ Վարդանյանն ինքը նման խոստովանություն է արել ու ներողություն խնդրել. «Կրկին հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որեւէ կերպ ազդել է վստահության վրա, եւ կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին եւ իր սուրբ առաքելությանը»,- ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ, չի բացառել, որ այս տարի քիչ գումար է հավաքագրվելու. պատճառներից մեկը նախկին տնօրենի շուրջ սկանդալն էր. «Հնարավոր է, չի բացառվում»:

Հեռուստամարաթոն՝ առանց ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի

«Հայկական Ժամանակ»-ը հեռուստամարաթոնի ժամանակ երևույթներ է բացահայտել, որոնցից հետևություններ է արել. հանգանակությանը գրեթե չեն մասնակցել Ռուսաստանում բնակվող հայազգի մեծահարուստները: Օրինակ, Սամվել Կարապետյանն անցած տարի անցկացված «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին հանգանակել էր 2.5 միլիոն դոլար, իսկ այս տարի գումար չի տրամադրել:

«Հրապարակային կարծիքներ են հնչում, որ ռուսաստանաբնակ հայ մեծահարուտներին հրահանգվել է չմասնակցել այս տարվա հանգանակությանը: Որքանով են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները և ում կողմից է «իջեցվել» նման հրահանգ՝ այս պահին դեռ հայտնի չէ: Բայց պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ այս տարի մարաթոնը ավելի ընդգրկուն է եղել: Եվ եթե հաշվի առնենք ռուսաստանաբնակ մեծահարուստների «բացակայության» հանգամանքը, ապա այս տարի ավելի շատ գումար է հավաքվել», - կարծում է թերթը:

Տնտեսության նահանջը հանգեցրել է գնողունակության նվազմանը

«Հայոց Աշխարհ»-ը չի տեսնում արդյունաբերությունում հոկտեմբերին գրանցված 8,1տոկոսանոց աճում «ուրախալի» որևէ պատճառ, քանի որ, օրինակ,արդյունաբերությունում դարձյալ առաջին եռամսյակի 8,2 տոկոս աճից 10 ամիսների արդյունքով աճը նվազել է մինչեւ 4,5 տոկոս, իսկ հոկտեմբերին արձանագրված արդյունաբերության աճին նախորդել է սեպտեմբերին արձանագրված գրեթե զրոյական աճը։

«Այսինքն՝ եթե անկման մեջ տատանումներ են լինում, դա ուրախալի չի կարող լինել, քանի որ խոսքը, միեւնույն է, անկման մասին է»,- գրում է թերթը։

Սրա հետ կապված ևս մեկ դիտարկում է անում՝ արտահանումը հոկտեմբերին 12 տոկոս աճ է գրանցել, բաց նախորդ՝ սեպտեմբեր ամսին արտահանումը համարյա 15 տոկոս անկում է ապրել։ Այսինքն՝ սեպտեմբեր ամսվա կտրուկ անկումը մասնակի փոխհատուցվել է հոկտեմբերի աճով, բայց երկու ամիսների գումարային արտահանման ցուցանիշը դարձյալ անկում է արձանագրել։
Թերթը հավելում է նաև, որ տասը ամիսների արդյունքով արտահանումն աճել է 11,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 25,8 տոկոսով։ Արտահանման աճի տեմպը «անդունդային» նվազում է ունեցել տարվա առաջին եռամսյակի համեմատ, երբ այն կազմել է ...34,4 տոկոս։
Իսկ բնակչության գնողունակության նվազման եւ կենսամակարդակի անկման մասին, ըստ «Հայոց Աշխարհ»-ի փաստում է առեւտրի շրջանառության ոլորտում հոկտեմբերին գրանցված 4,4 տոկոս անկումը։

«Գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ

«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անակնկալ դիտարկումներին:

«Էրդողանի խոսնակի հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008 թվականի Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության և դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեև ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ»,- ասել է թուրք վերլուծաբանը:

Թերթը նշում է, որ «Հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ձևավորել ապագան» խորագրով համաժողովին Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիան սերտորեն համագործակցել է Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն ինչ-որ ուժերի միջամտության արդյունքում գործընթացը կանգ է առել:

Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեև դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արևմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության և ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում:

Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում: