Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դաշնակցությանը չեն վստահում, բայց հանրահավաքի գնում են
2019-05-23 18:55:57

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քիչ անց Ազատության հրապարակում սկսվելու է Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքը: Ընդամենը մի քանի օր առաջ է ծրագրվել՝ ելնելով դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակից:

Հանրահավաքին ընդառաջ՝ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել՝ ինչ մասնակցություն է լինելու եւ ինչ օրակարգով:

Ընթացքում պարզեցինք, որ Ազատության հրապարակում անցկացնելու համար նախապատրաստվում է եւս մեկ հանրահավաք:  

Հետհեղափոխական Հայաստանում այսօր առաջին անգամ Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժը:

Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին պաշտոնապես միանալու մասին երբեմնի կոալիցիոն կառավարության գործընկեր Հանրապետականն այդպես էլ հայտարարություն չտարածեց:

Շարքային կուսակցականներն ազատ են իրենց որոշումներում՝ «Ռադիոլուր»-ին փոխանցեց նախկին ՀՀԿ- ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Ինքն իր համար որոշել է՝ գնալու է հանրահավաքի:    

Վստահո՞ւմ եք Դաշնակցություն կուսակցությանը՝ հաշվի առնելով, որ հեղափոխությունից հետո նրանք կառավարությունում պահպանեցին իրենց պորտֆելները որոշ ժամանակ,- Ռադիոլուրը հարց ուղղեց Եսայանին:   

«Սա շատ տարողունակ եւ լավ հարց է: Երկար վերլուծական պատասխան է ակնկալվում, բայց ես պատասխանեմ շատ կարճ եւ մի քիչ հումորով: Ես շատ կասկածամիտ մարդ եմ եւ նույնիսկ իմ մտերիմներին մինչեւ վերջ չեմ վստահում»,- պատասխանեց հանրապետական նախկին պատգամավորը:

Կազմակերպված հանրահավաքով Հայ հեղափոխական դաշնակցությունը պատասխանում է վերջին օրերին դատաիրավական համակարգին առնչվող զարգացումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելք ու մուտքերի արգելափակմանը:

Այդ նույն իրադարձությունների շրջանակներում՝ այն օրը, երբ դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոցը, դժգոհ քաղաքացիների զայրույթի աստիճանն անձամբ իր վրա զգաց Դաշնակցության բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Դաշնակցության ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանից «Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց՝ վստա՞հ են, որ վերջին շրջանի լարված պայմաններում հանրահավաքը կանցնի հանդարտ մթնոլորտում:   

« Չեմ ուզենա ամպագոռգոռ հնչի՝ Դաշնակցությունը երբեք այդպիսի վախեր չունի ներքին անվտանգության իմաստով, մեր վախերն ավելի մեծ են ազգային անվտանգության համատեքստում, եւ երկրորդը՝ երկու օր առաջ վարչապետին կոչին՝ փակել դատարանների դռները անդրադարձավ ընդամենը 1100 մոլորված քաղաքացի, ովքեր չունեցան քաղաքական եւ իրավական գիտակցություն՝ հասկանալու, որ իրենք պարզապես սահմանադրական կարգի խաթարման ճանապարհն են բռնել: Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը կընկալի մեր ուղերձները»,- նշեց Գալստյանը:

Թեեւ արդեն հաստատվել է, որ ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հրավիրված հանրահավաքին, բայց չի բացառվում նրա աջակիցների մասնակցությունը: Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա դաշնակցականների նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այդ հանրահավաքին: «Լուսավոր Հայաստան»-ը նույնպես հանրահավաքի չի գնա՝ կուսակցությունում անգամ նման խոսակցություն չի եղել: Առայժմ պարզապես հետաքրքրությունն է ստիպում հանրապետականից Մարգարիտ Եսայանին այսօր լինել Ազատության հրապարակում:
 

« Քանի որ մեզ մոտ միշտ էլ ամեն ինչը ազատ է եղել եւ յուրաքանչյուրն ազատ է եղել իր գործողություններում, ես ինքս մասնակցելու եմ, որովհետեւ նախ՝ կարգախոսը՝ «Լրջացեք» իմ սրտով է: Ես կարծում եմ այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է լրջանան եւ լրջորեն վերաբերվեն ներքաղաքական այս բոլոր խմորումներին: Երկրորդն էլ, կարծեմ անցած մեկ տարվա իշխանափոխությունից հետո սա առաջին հանրահավաքն է, որը հրավիրում է այլ արտախորհրդարանական քաղաքական ուժ: Այս իմաստով շատ հետաքրքիր է»:   

Այնպես չէ, որ դաշնակցականները մտադրվել են քննադատական հանրահավաքի: Ամբողջ օրակարգը դեռ չի բացահայտվում, մեկ խնդիր եւ մեկ հարց չէ, պարզապես կիսվելու են մտահոգություններով:

Լիլիթ Գալստյան. «Մենք բաց ենք պետականության օրակարգով, այսօրվա վտանգների օրակարգով բանակցել ցանկացած կողմի հետ՝ թե քաղաքացիական հասարակություն, ինչու չէ՝ նաեւ իշխանության: Այո, դաշնակցությունն ընդդիմադիր քաղաքական ուժ է, բայց մենք որեւէ դուռ չենք փակում: Շարունակ մեր տեսակետները բարձրաձայնում ենք: Հատկապես Հայաստան-Արցախ բաժանարարները եւ ազգային շահերին դավաճանող ինչ որ ուժերի փնտրտուքը, սրանք բոլորը խիստ անհանգստացնող երեւույթներ են եւ մենք գտնում ենք, որ անհրաժեշտությունը կար հանրությանը ներկայացնելու մեր տեսակետները»: 

Դաշնակցականների կազմակերպած հանրահավաքի պատասխանն արդեն կազմակերպվում է երկու օրից նույն տեղում՝ Ազատության հրապարակում նույն ժամին: Ակտիվիստներն արդեն ՖԲ-ում տարածում են հրավերը՝ հավաքվել հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի: Հանրահավաքի առաջին շարքերում լինելու են այն մարդիկ, որոնք օրեր շարունակ Երեւան քաղաքի Ավան-Նոր-Նորք դատարանի նստավայրում հանդիսանում էին Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները։

« Շատ քաղաքական միավորներ փորձեր են կատարում ամեն կերպ Նիկոլ Փաշինյանին խանգարել հեղափոխության հաջորդ մասին հասնելու: Այո, հանրապետականը, բոլոր այն մարդիկ, ում հարմար չէ Հայաստանում նոր իրողությունը, պայքարում են ընդդեմ այդ ամեն ինչի՝ հնարավոր բոլոր տարբերակներով, նախկին ռեժիմից մնացած պաշտոնյաներով, ամեն կերպ:  Ամսի 25-ին բոլորս կլինեն Ազատության հրապարակում սատար կկանգնենք պայքարին ընդդեմ փտած արդարադատությանն համակարգի, ընդդեմ նախկին չինովնիկների, ովքեր գիտեն՝ այս պետությունն իրենց համար եղել է բիզնես կենտրոն»,- ակտիվիստ Ջիվան Աբրահամյանն է ասում:  

Ինչ վերաբերում է Դաշնակցությանն, ապա վստահեցնում են՝ այս հանրահավաքով չէ, որ կուսակցությունը ակտիվանում է:

0:00
0:00