Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաքվի եզրափակիչը՝ առանց Մխիթարյանի. ֆուտբոլասերները դժգոհ են
2019-05-23 20:09:53

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանի իշխանությունները որոշել են մուտքի արտոնագիր չտրամադրել «Արսենալի» եւ «Չելսիի» հայկական ծագմամբ այն երկրպագուներին, որոնք մտադիր էին ժամանել Բաքու հետևելու ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Թեեւ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են Հենրիխին Բաքու չտանել։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ ադրբեջանական ակումբների հետ։ Այս որոշմանն անդրադարձել են միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցները:

Մայիսի 29-ին Բաքում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելու հարցը աշխարհի առաջատար պարբերականների ուշադրության կենտրոնում է:

«Արսենալն» ու «Չելսին» պետք է բոյկոտեն Բաքվում նախատեսված ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ գրել է հեղինակավոր CNN-ի լրագրող Մասսիմո Մարիոնին:

Ֆուտբոլիստի չմասնակցելը խաղին հասկանալի կլիներ, եթե պայմանավորված լիներ որևէ վնասվածքով, սակայն այդ դեպքում խոսքը պատահարի մասին չէ։ Համաշխարհային աջակցություն վայելող ֆուտբոլիստը ստիպված է չմասնակցել միջազգային սուպերաստղին՝ եվրոպական գլխավոր լիգայի եզրափակիչ խաղին միայն այն պատճառով, որ հայ է՝ գրում է CNN-ը :

The Guardian-ը, անդրադառնալով Արսենալի կիսապաշտպանի որոշմանը, մեջբերում է Լոնդոնի «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին։ «Ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցում եզրափակիչին»,- ասել է Ալեքս Իվոբը, վստահեցնելով, որ պայքարելու են  մինչեւ վերջ՝ չեմպիոնի տիտղոսը գրավելու համար  ոչ միայն թիմի, այլև Հենրիխ Մխիթարյանի համար:

 «Чемпионат»-ն էլ մեջբերում է Հայաստանի հավաքականի նախկին դարպասպահ Ռոման Բերեզովսկու կարծիքը։ Քաղաքականությունը միջամտում է ֆուտբոլին ու դա լավ չէ՝ ասել է Բերեզովսկին: Բերեզովսկին նշել է, որ այստեղ կա նաեւ ՈւԵՖԱ-ի մեղքը:

The Telegraph ն էլ մեջբերում է Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնի խոսքերը: Նա կարևորել է Մխիթարյանի դերը ակումբի համար:  «Տխուր է, որ ստիպված ենք խաղալ առանց առջեւի գծի առաջատարներից մեկի»,- ասել է «Արսենալի» ավագը: Նրա կարծիքով,  ՈւԵՖԱ-ն պետք է քայլեր ձեռնարկեր  նախապես, քանի որ դա մեկ օրվա խնդիր չէ: Երբ երկու երկիր խնդիրներ ունեն իրար հետ, ՈւԵՖԱ-ն եզրափակիչը պետք է չանցկացնի այդ երկրներից մեկում՝ կարծում է Կոսելնին:

Ռուսաստանցի մեկնաբան Վասիլի Ուտկինն էլ թվիթերյան իր էջում գրում է, որ խորապես հիասթափված է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակից։ «Ինքնաթիռի տոմսը հանձնեցի, իսկ խաղի տոմսը կպահեմ՝ որպես հիմարության եւ ագահության հիշատակ»,- գրել է Ուտկինը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը ևս կարծում է որ ՈՒԵՖԱՆ այս ամենից պետք է հետևություններ անի։ Մեր ֆեդերացիան կապ չունի Եվրոպայի լիգայի կազմակերպման հետ և դիտարկում չի կարող ներկայացնել՝ ասում է.

«Խաղը եվրոպայի լիգայի խաղ է , եթե լիներ հայկական ակումբ, կամ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպում ապա  բնականաբար ՀՖՖ դա կբարձրաձայներ ատյաններում և հնարավորինս կփորձեր հասնել նրան, որ կամ չեղարկվեր անցկացման վայրը, կամ նենց լիներ, որ անվտանգությունը ապահովված լիներ:  Բայց քանի որ Հենրիխ Մխիթարյանը գնալու էր որպես Արսենալի ֆուտբոլիստ ՀՖՖ կարող է միայն իր ափսոսանքը  հայտնել, բայց քայլ չունի անելու»:  

Բաքվի քաղաքականությանն արձագանքել էր նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Որքանո՞վ է ճիշտ Եվրոպայի լիգայի  ֆուտբոլային խաղերի անցկացումը  ռասիզմ տարածող երկրում՝ ասում է:

Ադրբեջանի իշխանությունները արգելել են  Եվրոպայի լիգայի  ֆուտբոլային խաղերին հայկական ծագմամբ քաղաքացիների մուտքը Բաքու, ինչն անշուշտ անհանգստություն է առաջացնում։

Ավելին, ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի խոսքով, Բաքվի այս մոտեցումն ընդհանրապես կասկածի տակ է դնում այդ երկրում նման միջոցառման կազմակերպման արդարացիությունը:

Լոնդոնյան ակումբը և երկրպագուները եւս դժգոհ են։ Բախվի 60,000 նստատեղ ունեցող մարզադաշտում «Արսենալին» եւ «Չելսիին» տրամադրվել 6000-ական տոմս:

«Արսենալն» ունի 45,000 երկրպագու, որոնք ունեն բոլոր խաղերի համար աբոնեմենտ: Սակայն նրանք բաց կթողնեն այս խաղը, քանի որ ՈՒԵՖԱ-ն որոշել է եզրափակիչն անցկացնել այնպիսի երկրում, որն ունի Եվրոպայի հետ սահմանափակ օդային հաղորդակցություն:

«Արսենալը» պաշտոնական հաղորդագրության մեջ ՈՒԵՖԱ-ին կոչ է արել՝ հետագայում հաշվի առնել երկրպագուների լոգիստիկան և ցանկությունները, եզրափակչի վայրերի ընտրության վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել այս մրցաշրջանում, անընդունելի է և չպետք է կրկնվի։

Անգլիական մամուլը գրում է, որ Մխիթարյանի և երկրպագուների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով շատ երկրպագուներ պահանջում են բոյկոտել մայիսի 29- ին կայանալիք հանդիպումը։  

0:00
0:00