Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Կիլիկիա». լեռնային երկրի ծովային երազանքը տոնում է 17-ամյակը
2019-05-25 14:40:44

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Ուղիղ 17 տարի առաջ այս օրը, Սևանում ջրարկվեց «Կիլիկիա» առագաստանավը, ինչը Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի էնտուզիաստները կառուցել էին երկար տարիներ ձեռագրեր մանրանկարիչների գործեր ուսումնասիրելով: Հայկական առագաստանավը Հայկական ու Կիլիկիան դրոշներով կտրեց անցավ 15 000 ծովային մղոն, կամ՝ 28 000 կմ, հանգրվանեց 25 երկրի 63 նավահանգստում: Մեր ծովագնացները գործեցին բացառապես միջնադարյան կանոններով, զգացին թե ինչպիսի ծովագնացներ էին եղել մեր նախնիները առաջ, և ապացուցեցին, թե ինչպիսի ծովագնացներ են այսօր: Այսօր Սևանում, Արդանիշի հրվանդանում ծովահայերն ու հյուրերը շուքով նշում են «Կիլիկիա» առագաստանավի 17 ամյակը:

Լեռնային երկրի ծովային պարծանքը՝ «Կիլիկիա»-ն մայիսի 25-ին տոնում է 17 ամյակը: Դարեր շարունակ Հայաստանը չունի ծով, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք նավ կառուցել, նավարկել:

«Ինձ թվում է մեր գեների մեջ է պահպանվել էդ ամեն ինչը, իրոք մենք մեզ շատ լավ ենք զգում ծովում, մի տեսություն եմ առաջ քաշել, իհարկե՝ սուբյեկտիվ, կարող է մարդիկ չհամաձայնեն, բայց փաստը մնում է փաստ. Կան ժողովուրդներ, որոնք ապրելով ծովերի ափերին, միևնույնն է ծովը խորթ է իրենց համար: Բայց մենք՝ հայերս, որ ապրում ենք լեռներում, տեսեք քանի ծովակալ ենք տվել, էլ չեմ ասում, նավապետեր, նավաստիներ»,- ասում է «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը:

Ծով չունեցող Հայաստանում 34 տարի առաջ հիմնադրվեց ծովային հետազոտությունների «Այաս» ակումբը: Տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներին նույն նպատակն էր համախմբել: Նավապետ Կարեն Բալայանը մեծ հուզմունքով է հիշում. «Նավի շինարարության օրհնությունը կատարվել է 1991թ ի մայիսի 26-ին, անցավ 11 տարի ու 2002-ին նավը ջրարկվել է Սևանում: Նավի ծնունը հաշվում ենք ջրարկման պահից, այսինքն՝ մայիսի 25, 2002 թիվ»:

Երազանքին ընդառաջ 6 տարի տղաներն ուսումնասիրեցին ձեռանգրերն ու մանրանկարիչների գործերը: 11 տարի շարունակ Կիլիկիան կառուցվում էր, ճիշտ այնպես՝ ինչպես միջնադարում: Եվ վերջապես 2002-ի մայիսի 25-ին ջրարկվեց Սևանում: «էմոցիոնալ շոկ եղավ այն ժամանակ, երբ նավը ջրարկվեց Սևանում, հետագայում 2 տարի փորձարկում Սևանում: Բայց էդ պահը, որ նավը ծովային թռչունի նման սլացավ ջրի վրայով, իհարկե տպավորիչ էր»:

«Կիլիկիա»-ն 2 տարի Սևանում փորձություններով հարուստ շրջան անցավ, հետո՝ լեռնային ճանապարհներով մագլցելով ու իջնելով հասավ ծով: Կիլիկիան շրջանից 700 տարի անց, Հայկական առագաստանավը Հայկական դրոշներով կտրեց անցավ 15 000 ծովային մղոն, կամ՝ 28 000 կմ, հանգրվանեց 25 երկրի 63 նավահանգստում, ամեն ինչ հաշվարկած ու կազմակերպված էր ճիշտ այնպես՝ ինչպես միջնադարում. «Գլխավոր նպատակներից մեկը, որ մենք պետք է զգայինք թե մեր նախնիները ոնց էին նավարկում միջնադարում, երբ որ նավահանգիստ էինք մտնում հագնում էինք Կիլիկիո նավաստիների տարազ»:

Վենետիկում, Դուբրովնիկում և այն քաղաքներում, որտեղով հայ ծովագնացներն անցել էին միջնադարում, անցան նաև մերօրյա հայ ծովագնացները՝ միջնադարյան մշակույթով. «Դուբրովնիկում նման դեպք եղավ, տարազներով շրջում էինք, հարցնում էին, որ երկրից էք – Հայաստանից, ինչով եկաք- միջնադարյան նավով, և իրոք բոլորը գնում էին տեսնելու միջնադարյան նավը»:

Հայկական Միջնադարյան մշակույթի, ծովագնացների ու նավաշինարարների մասին 3 տարի շարունակ Կիլիկիայի նավաստիները պատմեցին ծովային երկրների ժողովուրդներին, օղակեցին Եվրոպան, վերադարձան Հայաստան և միջնադարյան առագաստանավը որպես թանգարանային ցուցանմուշ հանգրվանեց Սևանի ափին: Կիլիկիան իր առաքելությունը կատարեց, իսկ նավապետը պատրաստվում է նոր արկածների:

0:00
0:00