ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկը տրված է, ճանապարհները դեռ չեն խաչվել
2018-11-26 19:39:33

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խոսափողներն ու բարձրախոսները ամենապահանջված սարքավորումներն են դառնալու առաջիկա 12 օրերին։ Հայաստանի տարբեր մարզերից սկսվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շատ կարճ քարոզարշավը:

Նոր խորհրդարանում հայտնվելու համար դեկտեմբերի 9-ին պայքարում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք: Քարոզարշավի առաջին օրը աչքի ընկավ համերաշխությամբ՝ Հայաստանի մարզերը հավասար բաշխվեցին քաղաքական ուժերի միջեւ, երկրի որեւէ խաչմերուկում այսօր քաղաքական ուժերի ճանապարհները չհատվեցին:

Այս տարվա նոյեմբերի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2.5  միլիոնից ավելի քաղաքացի: Նրանց 0,05 %-ը պատգամավորության թեկնածու է: (Առնվազն 101 պատգամավորական տեղի համար այսօր պայքարի մեջ մտավ 1485 թեկնածու):

0:00
0:00

Խորհրդարան անցնելու մրցակցությունն այս ընտրություններում թեժ է՝ պատգամավորական մեկ տեղին հավակնում է 14 թեկնածու: Նրանցից շատերին այսօր կարելի էր հանդիպել Հայաստանի տարբեր մարզերում: Այսօր, կարելի է ասել, նաեւ «Ելք» դաշինքի պաշտոնական լուծարումն է: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն սկսեց Արագածոտնի եւ Շիրակի մարզերից, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ՝ Ագարակում էր, իսկ «Մենք» դաշինքը՝ ի դեմս Արամ Սարգսյանի՝ Տավուշի մարզում էին: Ժողովրդի հետ ուղիղ շփումներ, ելույթներ եւ հայտարարություններ.

  • «Ինչն է պատճառը, որ ասում եք, հավատները դեռ տեղն է: Նախկինում ձեր տեսած խնդիրները էլ չեք տեսնի». Նիկոլ Փաշինյան:
  • «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում պատմական ընտրություն է տեղի ունենալու: Այդ ընտրությունների արդյուքներով վերջնական ՀՀ-ն դուրս է գալու ճգնաժամի տարիներից». Էդմոն Մարուքյան:
  • «Այլընտրանքային գաղափար, այլընտրանքային տեսակետ, ոչ թե իշխանություններին հայհոյանք: Մենք չենք հայհոյելու: Կասնեք այն, ինչ մտածում ենք, ցույց ենք տալու ալտերնատիվ ճանապարհ, ինչը կարող է եւ ձեր սրտով չլինի, բայց լրացուցիչ ճանապարհ է, էլի». Արամ Սարգսյան:   


Չսպասելով դեկտեմբերի 9-ի արդյունքներին՝ «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչներն  այսօրվանից արդեն հասան խորհրդարան: Քարոզարշավի մեկնարկը ԱԺ շենքին հարող պուրակում խորհրդանշական համարեց ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:

«Վերջապես, տարիներ ի վեր մեր քաղաքացիական պայքարի այս հանգրվանում ենք, որ կարող ենք արդեն մասնակցել Աժ ընտրություններին: Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերությունների, այնուամենայնիվ, շատ հուսադրող են եւ խոստանում են առաջին անգամ լինելու լեգիտիմ եւ զգալի չափով արտացոլելու մեր ժողովրդի կամքը»:  

Քաղաքացիական պայքարից՝  ֆորմալ քաղաքական փուլ է անցնում նաեւ «Քաղաքացու որոշում. սոցիալ- դեմոկրատական» նորաստեղծ կուսակցությունը: Քարոզարշավը սկսեցին Մաշտոցի պուրակից՝ այնտեղից, որտեղից 2012-ին սկսեցին իրենց քաղաքացիական պայքարը: Այս ուժը բացի ավանդական բուկլետներից եւ նախընտրական ծրագրերից նաեւ խորհրդանշական նվերներով է մոտենում ընտրողին՝ ասում է կուսակցության մամուլի քարտուղար Միքայել Նահապետյանը:

«Մարդկանց ծանոթացնելու ենք մեր ծրագրերին, մեր գաղափարներին, նրանց նվիրելու ենք մեր խորհրդանիշը համարող մանդարինները, որոնք սոցիալական արդարության, նմանների միասնության եւ համերաշխության խորհրդանիշն է»:


Քաղաքական պայքարում առաջին քայլեր անողներից է նաեւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս քաղաքական ուժի շարքերում չկան հայտնի դեմքեր, բայց դա չի մտահոգում նոր պայքարողներին: Քարոզարշավը սկսեցին Շիրակի մարզից: Ինչպես են պայքարելու՝ փորձում են մյուսների օրինակով բացատրել.

«Որովհետեւ դաշնակցությունը չի վերացնելու կոռուպցիան: Որովհետեւ ԲՀԿ-ն չի վերացնելու օլիգարխիան: Որովհետեւ ՀՀԿ-ն չի կազմաքանդելու իր իսկ ստեղծած արատավոր համակարգը: Որովհետեւ նոր Հայաստանում կեղծ ընդդիմադիրներ չպետք է լինեն»:


Առաջին քայլեր քաղաքականության մեջ, բայց ոչ՝ քաղաքագիտության: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հիմնած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը յուրովի է ներկայանում ընտրողին: Շիրինյանը բարդ ճանապարհներ չփնտրեց եւ քարոզարշավը սկսեց սովորական ասուլիսով.

«Մենք ավանդական ձեւերին չենք դիմելու: Շտաբներ չունենք, դրանք փոխարինել ենք տեղերում մեքենաներով: Շեշտը դրել ենք ԶԼՄ-ների վրա: Մենք՝ քաղաքագետների պրոֆեսիոնալ խումբ ենք: Կկիրառենք անընդհատ նոր տեխնոլոգիաներ, թող դա դեռ ինտրիգ մնա: Դուք ամեն օր՝ ինչքան մենք կլինենք եթերներում, կլսեք քաղաքագիտության, տեսության, պրակտիկայի եւ կիրառական մասի վերաբերյալ գիտելիքներ, տեսություններ եւ այլն»:

Այսօրվա առաջին հակասությունը գրանցվեց Հանրապետականների եւ «Իմ քայլը» դաշինքից Սասուն Միքայելյանի միջեւ: Հանրապետականների կարգախոս դարձած մտահոգությունների շարքին Միքայելյանը, իր արտահայտությամբ, ավելացրեց եւս մեկը, թե այս ընտրությունների հաղթանակը՝ արցախյանից ավելի կարեւոր է: Իշխանությունը հանձնած Հանրապետական կուսակցության անդամները, սակայն, այսօր գրասենյակից դուրս չեկան, քարոզարշավը սկսեցին հենց Մելիք Ադամյան փողոցում:

Նախկին պաշտոնյաները, սակայն, չեն խուսափելու ժողովրդից: Ուղիղ՝ դեմ առ դեմ հանդիպումներ խոստանում է կուսակցության կենտրոնական շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, իհարկե, ԶԼՄ-ներն ու ֆեյսբուքյան տիրույթը ամենաակտիվն են օգտագործելու:

«Քարոզարշավի համար օգտագործելու եմ բոլոր հասանելի օրինական տեխնոլոգիաները: Բուն շփումը մարդկանց հետ կազմակերպելու եմ դռնեդուռ սկզբունքով, փորձելու եմ այցելել մարդկանց բնակարաններ, շփվել մարդկանց հետ տեղում, մտերմիկ զրույցի բռնվել, լսել իրենց գանգատները անցյալի, ներկայի մասին, լսել իրենց պատկերացումները ապագայի մասին եւ բացատրել, թե ինչ եմ կարող իրենց տալ ես եւ իմ քաղաքական թիմը»:

Տարբեր ժամանակներում տարբեր կոալիցիաների մեջ եղած ուժերը քարոզարշավի առաջին օրը չշտապեցին դուրս գալ ընտրողների մոտ: Թերեւս միայն դաշնակցությունն է, որ ընտրեց երեկոյան ժամը, խորհրդանշական վայրում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ համակիրների ու կուսակցության անդամների հետ հանդիպելու տարբերակը:  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրողների հետ հանդիպումները կսկսի վաղվանից՝ Կոտայքի մարզից: Իսկ այսօր ասուլիսային ձեւաչափով ներկայացրեցին 36 կետից բաղկացած ծրագիրը: Այս ուժի հիմնական գաղափարախոսության հիմքում քաղաքական հեղափոխությանը հաջորդող տնտեսական հեղափոխությունն է՝ ասում է  կուսակցության մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանը:


«Հիմնականում՝ մարզկենտրոններում եւ խոշոր քաղաքներում Գագիկ Ծառուկյանը անձամբ է քարոզարշավն իրականացնելու: Ավելի փոքր քաղաքներում, համայնքներում քարոզչությունն իրականացնելու են ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մեր թեկնածուները: Ամբողջ Հանրապետությունը ներառելու է մեր քարոզարշավը, եւ մենք հնարավորինս շատ մարդկանց ներկայացնելու ենք մեր նախընտրական ծրագիրը»:

Քարոզարշավի առաջին օրվա համար «Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրեց մոմավառությունը: Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում էին: Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ՝ բոլորը պետք է հասկանան, որ ՕԵԿ-ը կառչած է մնում իր ակունքներին.  

«Տեղի է ունեցել հեղափոխություն: Ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ութ ամիս անցել է, ութ ամսում երեսուն տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց ութ ամսում հնարավոր է ցույց տալ՝ Հայաստանը ինչպես պետք է զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ ճանապարհը: Դրա համար մենք մասնակցում ենք այս ընտրություններին՝ ներկայացնելով մեր մրցունակ մոտեցումներն ու ծրագրերը, ներկայացնելով մեր գաղափարները»:  

Ի դեպ, այս ընտրությունների յուրահատկությունը նաեւ «աստվածավախություն» է: Մի շարք կուսակցությունների կողմից վառվեցին ոչ միայն մոմեր, այլեւ «մատաղ» մատուցվեց:

Անմասն չմնաց նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Երեկ տարբեր եկեղեցիներում մատուցված պատարագը «ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար» էր։