ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-27 09:51:05
  • «Փաստ». Սխալ հաշվարկների պատասխանատուն ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանն է
  • «Իրավունք». Գագիկ Ծառուկյանը չի՞ լինի խորհրադարանում
  • «168 Ժամ». Սպասվում է ապագաղափարական պայքար
  • «Ժողովուրդ». Լեգիտիմության վերականգնման վերջին ակորդը
  • «Իրատես». Ժամանակը նույնպես Հայրենիք է

Սպասվում է ապագաղափարական պայքար

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող արևմտամետ ուժերին՝ ասում է.

«Հայաստանում միշտ են եղել արևմտամետ ուժեր, հնչեցրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները կամ հարաբերությունների որակը վերանայելու պահանջներ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում եղել են խնդիրներ, այդ թվում՝ հարուցված Ռուսաստանի կողմից: Բայց նման արմատական պահանջներ երբեք չեն հնչել, թեև զարմանալի չէ, որ նման պահանջներ հնչեցնում են «Սասնա ծռերը», որոնց մենք տեղյակ ենք հայտնի իրադարձությունների միջոցով: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես հակառուսական այդ պահանջները և նրանց մյուս արտաքին քաղաքական պահանջներն աջակցություն են գտնելու հասարակության շրջանում, քանի որ դրանք դուրս են իրատեսականությունից»:

Նրա խոսքով, այդ ուժերի ներկայությունն օգնելու է ՀՀ իշխանությանը՝ հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները լուծելու համար:

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ սպասվում է ապագաղափարական պայքար, որի ընթացքում նույնիսկ էական էլ չէ, թե որ ուժն ինչպիսի ներքին և արտաքին քաղաքական տեսլական է առաջ քաշում, քանի որ դրանք կարևոր չեն հասարակության համար: Միաժամանակ նա նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները որևէ կերպ չեն ցուցադրել ԵՄ-ի հետ հարաբերություններն առաջ մղելու քաղաքական կամք:

Իսկ գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարի խոսքով՝ առաջիկա ընտրությունների արդյունքները չափազանց կանխատեսելի են:

«Սակայն հետաքրքիր ընտրարշավ է սպասվում, քանի որ նաև ընդդիմադիր ուժեր են մասնակցում, որոնց ներկայությունն այս խորհրդարանում մեծ կարևորություն է ունենալու իշխանության զսպման տեսանկյունից: Կարծում եմ` ընդդիմությունը՝ ի դեմս նախորդ իշխանությունը ներկայացնող ուժի, կլինի խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է հակառուսական պահանջներին` Ռարն ասել է, որ ոչ իրատեսական պահանջներն անլրջացնում են նաև այն պայքարը, որը փորձելու են ծավալել այլ ուժեր արևմտամետության ուղղությամբ:

Լեգիտիմության վերականգնման վերջին ակորդը

«Ժողովուրդ» օրաթերթը խորհրդարանական արտահերթ ընտրությունների մի քանի կարեւոր առանձնահատկություն է մատնանշում. նախ ընտրությունը լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության գործընթացի ավարտը: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո իշխանությունը ձեւավորել է ՀՀ քաղաքացին` վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա: Ըստ այդմ` ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը:

Միաժամանակ առավել քան կանխատեսելի են ընտրությունների արդյունքները:

««Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե` 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայքարում է երկրորդ տեղի համար` ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկինում երբեւէ չէր եղել», - գրում է թերթը:

Այսքանից հետո, ինչպես թերթն է նշում, մնում է, որ նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետեւ «մեծ առավելությամբ հաղթանակը նաեւ մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ»:

Ժամանակը նույնպես Հայրենիք է

«Իրատես» թերթը, որն իր հրապարակումներից մեկի վերնագիր է ընտրել Հրանտ Մաթևոսյանի խոսքերը` «ժամանակը նույնպես Հայրենիք է», հարց է տալիս՝ ու ի՞նչ ենք մենք անում Հայրենիքի համար մեր ժամանակի հետ:

Հարցը, թերթի համոզմամբ հռետորական չէ, գերարդիական է` ընտրությունների կտրվածքով:

Արտահերթ ընտրություններն ասպարեզ են բերել հին ու նոր ուժերի, որոնք, թերթի կարծիքով 7-րդ գումարման ԱԺ-ում լինելու իրենց հաշվարկներն այնքան էլ ճիշտ չեն վարել:

Օրինակ՝ իր «քաղաքական մտածողությամբ ՍԾ-ն մնացել է զինված խմբի կարգավիճակում, չի «նկատել», որ այլևս ազատության մեջ է ու պատասխանատու է իր հայտարարությունների համար», ՀՅԴ-ն «կորցրել է ընտրազանգվածը, որ ապահովում էր ՀՀԿ-ի հետ», ՀՀԿ-ն այդպես էլ չի հնչեցրել իր «քավության խոսքը», եղել են կոչեր, բայց ոչ ապաշխարանք ու բացատրություն, թե ինչու են ՀՀԿ ցուցակին տոն տալիս նորագիրները, որ կապ չունեն ՀՀԿ-ի ոչ լավագույն, ոչ վատագույն տարիների հետ:

ՕԵԿ-ը մարտադաշտ է բերել վետերաններին ու հին զինանոցը, իսկ նորաստեղծ կուսակցությունները ոչ ունեն ժամանակ ներկայանալու ու դրական պատմություն ստեղծելու, ոչ էլ մյուսներից շահեկանորեն տարբերվող տեսակետներ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որ «բացահայտ վայելում է Նիկոլ Փաշինյանի անհասկանալի բարեհաճությունը», կարող էպահպանել նվազագույն ներկայությունը խորհրդարանում` շնորհիվ Գագիկ Ծառուկյանի համապարփակ բարեգործության, որի շրջանակներում հայտնված ընտրողները պարտավոր են երախտապարտ լինել բարերարին` բարերարության շարունակման համար:

Ի տարբերություն մյուս 10-ի` ըստ թերթի, Հայաստանի զարգացումը եվրոպական վեկտորով տեսնող «Մենքը» կարող է ԱԺ մտնել իբրև այլընտրանք, ներքին ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման երաշխիքներ տվող միակ ուժ, որ շեշտադրում է ինքնիշխանության վերականգնումն ու տնտեսության զարգացումը:

Գագիկ Ծառուկյանը չի՞ լինի խորհրադարանում

«Իրավունք»-ի տեղեկություններով քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մտադիր է իրենց քաղաքական ուժի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում, մանդատը վայր դնել:

Թերթի ենթադրությամբ՝ թերևս սա է եղել Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան հուշագրից զատ բանավոր պայմանավորվածություններից մեկը: Իսկ ցուցակում ընդգրկվելը պայմանավորված է նրանով, որ առանց Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ին ընտրող դժվար կլիներ գտնել:

Նոր խորհրդարանում, ըստ թերթի, Ն. Փաշինյանը կփորձի ձերբազատվել վերջին գործրարարից, իսկ դրա դիմաց ԲՀԿ-ին զիջել երկու նախարարական պորտֆել՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները: Դրանք համապատասխանաբար կփոխանցվեն Հրաչյա Ռոստոմյանին և Գաբրիել Ղազարյանին, որոնք առերևույթ ԲՀԿ-ի հետ կապ չունեն, բայց ասոցացվում են Գագիկ Ծառուլյանի հետ՝ լինելով կառավարությունում հենց այս քաղաքական ուժի հենասյունները:

«Այնպես, որ ԲՀԿ-ից այլընտրանք՝ գուցե, բայց ընդդիմություն այդպես էլ դուրս չի գա», -գրում է «Իրավունքը»:

Սխալ հաշվարկների պատասխանատուն ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանն է

«Փաստ»-ը ուշագրավ ու կարևոր է համարում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում կորուստների վերաբերյալ ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար, վարչապետին կից սակագների հավաստիությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ, փորձագետ Էդվարդ Արզումանյանի բերած փաստարկները:

Ներկայում գազի բաշխման համակարգում հաշվարկվող 6,5–7 % կորուստների մակարդակը ոչ միայն չափազանցված է, այլև՝ նկարված, պնդում է մասնագետը:

Գազի համակարգում կորուստներն ամենաշատը կարող են տատանվել 1,5–2 %–ի սահմաններում, ասել է փորձագետը և համոզված պնդել, որ գազի սակագինը հնարավոր է իջեցնել մոտ 10 %–ով: Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և փորձագետների միջև առկա տարաձայնություններին, ապա դրա հիմքում կորուստների սխալ պլանավորումն ու հաշվարկումն է, որի համար կրկին հանձնաժողովն է մեղավոր:

«Կորուստների պլանային մակարդակը թողնվել է 15 թվականի մակարդակին` 15, 03 %: 16–20 թվականների համար այն նույնն է մնալու, որպես պլանային ցուցանիշ, մինչդեռ 2016–ին այն կազմել է 9,8 %, 2017–ին` 9 %, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 8,2 %: Եվ եթե այս տարին նույն՝ 8,2 % ցուցանիշով ավարտվի, ապա ՀԷՑ–ը կունենա 6,5–7 միլիարդ դրամ լրացուցիչ գերշահույթ, որը բնակիչների կողմից վճարված գումարներից է գոյանում»,– ասել Է. Արզումանյանը:

Իրականում, ըստ թերթի զրուցակցի, էներգետիկայի և բնական պաշարների ներկայիս նախարարից ավելի լավ որևէ մեկը չգիտի, թե ինչպես են ուռճացվում սակագներն ու ինչ մեխանիզմներով են այն դակվում: Բացի այդ, երկար տարիներ նա եղել է սակագների հաշվարկման վարչության պետը և նա է տիրապետում, թե «Գազպրոմ Արմենիայի» կամ ՀԷՑ–ի նեսում ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է գերշահույթներին, ապա դա նույնպես հաշվարկի արդյունքում ստացվող թիվ է, որի առաջին պատասխանատուն, Էդվարդ Արզումանյանի համոզմամբ նույն ինքը՝ ներկայիս նախարարն է, ով նաև պետք է մանրամասն հիմնավորի, թե ինչպես են սակագները հաշվարկվել, որոնք այսօր պարզվում է, որ ենթակա են նվազեցման: