ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դուդուկի Վարպետը տոնեց 90-ամյակը
2018-11-27 17:02:56

Ալիասա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն  այս տարի նշում է ծննդյան  90-ամյակըՎարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12-ն էր, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի ունեցավ  երեկ՝ նոյեմբերի 26-ին:

Հասմիկ Պապյան, Արտո Թունջբոյաջյան, Գևորգ Հակոբյան, Արմեն Բաբախանյան, Աննա Մայիլյան բազմաթիվ անվանի անհատներ ու կոլեկտիվներ, որոնք իրենց կատարումներով  անմոռանալի դարձրին Վարպետի հոբելյանական երեկոնՀամերգը հագեցած էր նաև հաճելի անակնկալներով:

Շուրջ 4 ժամ Օպերային թատրոնի բեմում երեկ աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանի կյանքի ու ստեղծագործության պատմությունն էր՝ համեմված երաժշտական բարձրաճաշակ կատարումներով:


Համերգը հագեցած էր անակնկալներով, բայց տոնական  օրվա գլխավոր անականկալը, թերևս, 100 դուդուկահարների համատեղ ելույթն էր Օպերային թատրոնի բեմում: Անակնկալի հեղինակը երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանն էր, որի հետ զրուցեցինք  համերգից առաջ ու լսեցինք Վարպետին ուղղած նրա մաղթանքը
:

«Մեր գլխից անպակաս լինի, նա մեծ բան է արել մեզ համար, մենք էլ որոշեցինք վարպետի ծննդյան օրը 100 դուդուկով ստեղծագործություն նվագել: Որոշել էինք 90, բայց վարպետին հարգողները շատ էին, համերգին մասնակցելու համար 100-ից ավել ցանկություն հայտնող եղավ»:

Համերգի առանցքը, բնականաբար, հենց ինքն էր՝ Վարպետը ու նաև նրա անվանակից թոռը:

Յոթ տասնամյակից ավելի Ջիվան Գասպարյանի կատարումներով հիացած կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը համերգից հետո խոստովանեց՝ Ջիվան Գասպարյանն անգերազանցելի է:


«Վեց տարեկանից դուդուկը ձեռքիս է, 75 տարի բեմում եմ, հայ մշակույթի համար արել եմ այն, ինչ հնարավոր էր
»,-առանց ավելորդ սեթևեթանքի, վաստակած հպարտությամբ, ասում է դուդուկի Վարպետը:

Երկար տարիների կյանք, առողջություն ու էլի բազմաթիվ բեմեր. հյուրերի մաղթանքն  էր՝ ուղղված 90-ամյա Ջիվան Գասպարյանին, իսկ Վարպետի  խոսքը հակիրճ էր ու, ինչպես միշտ, ինքնատիպ  հումորով.  «Ես ձեզ մատաղ, դուք ինձ՝ ոչ »: