ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այս ընտրությունները կանխորոշված են
2018-11-27 17:57:53

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ են ակնկալում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս ընտրապայքարից: Սովորաբար սպասելիքները ծրագրերի, խնդիրները լուծելու առաջարկների մասին լսելն է, սակայն, հաճախ տեղի է ունենում հակառակ գործընթացը եւ պայքարը մղվում է այլ հարթության վրա: Այդպես է, կարծես նաեւ հիմա, թեպետ այսօր ընտրապայքարի ընդամենը երկրորդ օրն է:

Թեման այսօր քննարկել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Քարոզարշավի ընթացքում սպասել որակյալ բանավեճ գաղափարների եւ ծրագրերի շուրջ՝ չենք կարող: Այս կարծիքին են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Մենք հիմա տեսնում ենք, որ ավելի շատ ռեյտինգային թեկնածուների պայքար է եւ ոչ թե անգամ կուսակցությունների ու դաշինքների», -ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Այս ընտրությունների ելքը հիմնականում կանխորոշված է հեղափոխության ալիքով՝ այս կարծիքին է Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

«Մենք դեռ հեղափոխական ընթացքի մեջ ենք: Սրանով է հիմնականում պայմանավորված, որ հաղթականությունը կամ, այսպես ասած, էյֆորիզմը թույլ չեն տալու գաղափարական որակյալ եւ արդյունավետ բանավեճ»,-նշում է Բարսեղյանը:

Այս ընտրություններում հաղթողը հստակ երեւում է: «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը համակարծիք է, որ այդ առումով ընտրությունները կանխորոշված են: Նա նույնպես լուրջ գաղափարական պայքար, առավել եւս՝ հեղափոխությունից հետո, չի ակնկալում:

«Նախորդ իշխանությունների օրոք փողի պայքարն էր, վարչական ռեսուրսի պայքարն էր: Այժմ՝ արդեն այդ էյֆորիայի պայմաններում նույնպես ծրագրերի, գաղափարների պայքար ես չեմ ակնկալում»,- նկատում է Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ որպես փորձագետ իրեն հետաքրքիր կլիներ, թե, օրինակ, ի՞նչ հակակոռուպցիոն ծրագրեր են առաջարկում քաղաքական ուժերը, մասնավորապես՝ հաղթող ուժը: Նրա խոսքով՝ քայլեր կատարվել են, որոնք, ինչպես ցույց են տվել հարցումները, բավականին բարձր են գնահատվել հանրության կողմից: Որպես փորձագետ, սակայն, ինքը համակարգային ծրագրային մոտեցում չի տեսնում: «Ես հույս ունեմ, որ ընտրություններից հետո արդեն կլինի համակարգային պայքար»:


Այս քարոզարշավի ընթացքում ամենակարեւոր խնդիրը, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի, դեռեւս չկողմնորոշված ընտրողների մոտ որոշման կայացման մեխանիզմն է: Ծրագրերով որոշում կայացնելն այս ընտրություններում սպասելն անիմաստ է, բայց առնվազն քաղաքական որոշում պետք է որ լինի՝ մարդիկ գիտակցեն, որ թաղի լավ տղերքի մրցապայքար չէ՝ ասաց:

Հակառակը, ըստ նրա, խնդրահարույց է քաղաքական մթնոլորտի զարգացման եւ ընտրվելիք խորհրդարանի՝ քաղաքականացվածության եւ այլ առումներով:

Խոսելով ապագա խորհրդարանում հակակշռման խնդրի մասին՝ Լեւոն Բարսեղյանն այսպիսի տեսակետ հայտնեց. «Խորհրդարանի ներսում այն հակակշիռները, որոնք շատ կուզենայի տեսնել, ցավոք, չեն լինելու նախեւառաջ ԸՕ-ի պատճառով»:  

Այդուհանդերձ, առնվազն հանրության ակտիվ մասի հսկողությունը խորհրդարանի նկատմամբ լինելու է՝ շեշտեց Լեւոն Բարսեղյանը: Վարուժան Հոկտանյանը, մինչդեռ, շատ կարեւորում է հակակշիռները իշխանության ձգտող կուսակցությունների տեսքով. «Եթե չունես այդպիսի ուժ, այլ՝ այսօրվա նման մտածեն, որ մի ձեւի ոտի տեղ ունենան խորհրդարանում, այս ձեւով բազմակուսակցական համակարգ չի կայանա»:

Դա միայն կուսակցությունների խնդիրը չէ՝ եզրափակեց Վարուժան Հոկտանյանը: Դանիել Իոաննիսյանը կուսակցական համակարգի կայացման հիմնական մարտահրավերը համարում է գործող օրենքները: Նորմալ հակակշիռներ ապահովելու համար, ըստ նրա, պետք է նախեւառաջ փոխվեն գործող ԸՕ-ն ու «Կուսակցությունների մասին» օրենքը:

Այս առումով նա համակարծիք է այն տեսակետների հետ, որ ձեւավորվելիք խորհրդարանը պետք է անցումային լինի: