Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օր 2-րդ. Քարոզարշավն ուղեկցվում է սկանդալային հայտարարություններով
2018-11-27 18:40:12

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախընտրական շրջանից առաջ ամեն ինչ նախապատրաստվում էր այնպես, որ պայքարն ընթանա բացառապես ծրագրային եւ գաղափարական հարթությունում:  Այսօր քարոզարշավը ընդամենը երկրորդ օրն է, բայց որոշ դեպքերում ծրագրային դրույթներն արդեն մոռացվել են:

Տարբեր ուժերի միջեւ նշմարվում է, իսկ որոշների դեպքում՝ արդեն կա առճակատում: Կոշտ հայտարարություններ եւ նախազգուշացումներ, «դիմակներ» պատռելու փորձեր: Քարոզարշավն արդեն ուղեկցվում է սկանդալային հայտարարություններով:

0:00
0:00

Կոշտ առճակատումը «Իմ քայլը» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության միջեւ թերեւս ոչ մեկի համար անակնկալ չէր: Հանդարտ քարոզարշավը տեւեց ընդամենը մի քանի ժամ: Երեկ ուշ երեկոյան արդեն նախ՝ ալեկոծվեց ֆեյսբուքյան տիրույթը, իսկ այսօր արդեն՝ քարոզարշավի հարթակները: Այս պահին կոնկրետ երկու դրվագով են վիճում քաղաքական երկու ուժի անդամները:

Առաջին դրվագը այս պահի դրությամբ ամենաաղմկոտն ու քննարկվածն է: Առիթը դեռ երեկ «Իմ քայլ»-ից Սասուն Միքայելյանի արած հայտարարությունն էր, որտեղ նա արցախյան ազատամարտի եւ թավշյա հեղափոխության միջեւ համեմատություն արեց: Բացի հանրապետականներից այս հայտարարությանն արձագանքեցին նաեւ Արցախից: Որոշ դեպքերում Սասուն Միքայելյանի հայտարարությունն ընկալվեց իբրեւ արցախյան հարցը նոր իշխանությունների ամրապնդմանը ստորադասելու փորձ: 

Դեռ երեկոյան ֆեյսբուքով, իսկ այսօր արդեն քարոզարշավի ընթացքում խնդրին կոշտ արձագանքեց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Հանրապետականի անունից խոսեց այդ ուժի համամասնական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը: Հնչած մեղադրանքները, մեղմ ասած կոշտ էին.

«Դուք էդ ումի՞ց եք պաշտպանում: Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած, հետեւել եւ ղեկավարել եք բանակի թալանը, եւ հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը: Ես թույլ չեմ տալու ձեզ»:

«Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ իշխանություն Արցախի փոխարեն»:

Այս թեմայով փոքրիկ հրաձգությունները շարունակվեցին նաեւ օրվա ընթացքում: «Իմ քայլը» դաշինքի եւ Հանրապետականի միջեւ հարաբերությունները պարզվում են նաեւ երկրորդ դրվագով: Մասնակիցները՝ կրթության ներկա եւ նախկին նախարարներն են՝ Արայիկ Հարությունյանն ու Արմեն Աշոտյանը:

Աշոտյանին զայրացրել է, որ իր երեխաների անունները գործող նախարարը շոշափել է հեռուստաելույթներից մեկում: Առայժմ ֆեյսբուքյան գրառմամբ է Աշոտյանը զգուշացրել եւ արգելել Արայիկ Հարությունյանին որեւէ ձեւաչափով մեջբերել իր երեխաների անունները: Կրթության նախարարն այս գրառման փոխարեն այսօր անդրադարձել է ընդհանրապես բոլոր «մտահոգվողներին»:

«Ինձ լուրեր են հասնում, որ ինչ որ մարդիկ, էն «մտահոգներից» փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ: Ձեր տեղը խելոք նստեք եւ մի խառնվեք քաղաքական պրոցեսներին»:

Իշխող ուժի հետ «հրաձգության» մեջ է մտնում նաեւ Դաշնակցությունը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարության շնորհիվ: Այս քաղաքական գործիչը հայտարարել էր, թե մայիսից էս կողմ Հայաստան զենք չի մատակարարվել։ Այդ կարգի հայտարարությունները Փաշինյանը ամոթալի համարեց:

«Սասնա ծռեր» կուսակցության թիրախում նույնպես «Իմ քայլը» դաշինքն է: «Սասնա ծռեր»-ը լյուստրացիա են պահանջում բոլոր ոլորտներում: Իշխող ուժի ներկայացուցիչների պես «Սասնա Ծռեր»-ի երկրորդ համար՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նույնպես նախընտրել է կոշտ բառապաշարը:


Փաստորեն՝ քաղաքականությունից բացի հակակշռում են նաեւ հայտարարությունները. եթե մի կողմը
«ասֆալտին է փռում», մյուս կողմը խոստանում է «լացացնել»:   

«Կառավարության անդամները ափռ-ցփռ խոսում են: Լավ, Նիկոլ Փաշինյանին հավատում ենք, բայց էն հազար հոգին, որ եկավ՝ հավատո՞ւմ ենք: Պետք է լինի հակակշիռ ԱԺ-ում, որը հարց է բարձրացնում: Օրինակ՝ առաջին հարցը, որ ես կբարձրացնեմ Սյունիքի մարզպետի հետ է կապված: Եթե հիշում եք հայտարարեց. Չջղայնացնեք, թե չէ կհիշեմ, որ ոստիկան եմ: Ես ՀՀ քաղաքացի եմ, դու ի՞նձ ես վախեցնում, թե՞ «Սասնա ծռեր»-ին: Կբերեմ ամբիոն Աժ-ի, կկանգնացնեմ … ես չեմ ուզում այդ բառերը ասեմ, բայց թող բանակը իմ թիկունքին կանգնի ես իրեն կլացացնեմ»:   

«Սասնա Ծռեր»-ն այսօր նաեւ հաղորդագրություն տարածեցին, որով իրենց մտահոգությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի մեկ այլ արտահայտության հետ կապված: Կարծում են, որ Արթիկում Փաշինյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ եւ վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ: Սպասում էին, որ առաջին իսկ առիթի դեպքում Փաշինյանը կպարզաբանի իր խոսքը: Սպասելիքները արդարացան, բայց պատասխանը կրկին շատ կոշտ էր եւ իրավիճակը չհանգուցալուծեց:

«Հակամարտող» կողմերին՝ Նիկոլ Փաշինյանին եւ Վարուժան Ավետիսյանին:

«Էսօրվանից ասում են, թե գիտեք ինչ, էս խորհրդարանը 1.5 տարվա կյանք է ունենալու: Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի եւ երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Հանկարծ չշշկռվեք: Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ եւ թուլակամ իշխանությունը չի»:

«Տեքստը պարոն Փաշինյանի հայտարարության պարունակում է վիրավորական բնույթի ենթատեքստ: Ակնկալում ենք, որ պարոն Փաշինյանը կպարզաբանի՝ ինչու՞ է նման ոճով, նման բառապաշարով արտահայտվել»:

«Ազատ դեմոկրատներ»-ն իրենց հերթին այսօր թիրախ էին ընտրել Հանրապետականին՝ ավելի ճիշտ, նրանց կարգախոսը: Նախկին իշխանության ներկայացուցիչներին հիշեցնում էին, որ կարգախոս ընտրված մտահոգությունների՝ սահմանների անվտանգության, բանակի մարտունակության, անորոշ ապագային մեղավորը հենց իրենք են: