ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկ են ներկայացնում
2018-11-27 18:48:34

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, այսօր քննել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը՝ վերջինի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ:

Քննությունն ընթացել է դռնփակ, տևել է մի քանի ժամ ու հետաձգվել մինչև վաղը: Պաշտպանները ժամանակ են խնդրել ՝ նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը պատրաստելու համար։Այսօրվա դատական նիստին, ի դեպ, մասնակցել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նաև հանրապետության երկրորդ նախագահը:

0:00
0:00

Ընդհանուր իրավասության դատարան, Վերաքննիչ, Վճռաբեկ ու դարձյալ Վերաքննիչ. առայժմ այս դատական ճանապարհն է անցել Ռոբերտ Քոչարյանի գործը և այս փուլում Վերաքննիչ դատարանի քննության առարկա է: Գործն այստեղ վերադարձել է Վճռաբեկի նոյեմբերի 15-ի որոշումից հետո:

Իսկ դրանով բեկանվել էր երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան նոր քննության:

Ընդհանուր իրավասության և Վերաքննիչ դատարանները երկրորդ նախագահի վերաբերյալ տրամագծորեն ըարբեր որոշումների էին կայացրել, առաջինը որոշել էր խափանման միջոց ընբտրել կալանքը, երկրորդը որոշել էր անձեռնմխելիության հիմքով վերացնել կալանավորման որոշումը:

Դրանից հետո և գլխավոր դատախազը, և Քոչարյանի պաշտպանները գնացել էին դատական հաջորդ ատյան: Արթուր Դավթյանը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այսինքն՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը համարել հիմնավոր:

Քոչարյանի պաշտպանները պահանջել էին քննարկման առարկա դարձնել նախկին նախագահի կալանավորման դեմ բերած իրենց բոլոր փաստարկները և ոչ միայն անձեռնմխելիությունը:

Վճռաբեկը մասնակիորեն բավարարել էր գլխավոր դատախազի բողոքը, մերժել Քոչարյանի պաշտպաններինը և խափանման միջոցի որոշման հարցն, ըստ էության, կրկին թողել Վերաքննիչին:

«Սպասելիքների մասին չէի ուզի խոսել , մենք սպասելիքների համար չենք եկել դատարան: Եկել ենք ներկայացնելու մեր և մեր վստահորդի դիրքորոշումը»:

Իսկ դիրքրոշումն, ըստ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի, այս փուլում կկառուցվի այն լրացուցիչ փաստարկների վկայակոչմամբ, որոնք մինչ այժմ քննության առարկա չեն դարձել:

«Ըստ օրենքի՝ ռազմական դրությունը բաղկացած է տարբեր 20 կոմպոնենտներից և դրանից գոնե մեկը գոյություն չեն ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը, այսինքն փաստացի ռազմական դրություն չկար և չէր կարող լինել այդ պայմաններում»:

Պաշտպանների մյուս փաստարկն էլ վերաբերում է դիտարկմանը, թե մարտի 1-ի ցույցը բացառապես խաղաղ և անզեն է եղել: Հայկ Ալումյանն ասում է՝ վկայակոչել են տասնյակից ավելի դատական ակտեր, դատավաճիռներ, որոնցում գրված է, որ այդ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն բռնի գործողությունը:

կիրառել է այս կամ այն զենքը: Դիտարկմանը, թե որքանով է համոզիչ որպես փաստարկ դիտարկել հանրության կողմից առնվազն խնդրահարույց համարվող մարտիմեկյան դատավճիռտները, փաստաբանն այսպես է արձագանքում:

«Դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են, դրանք կասկածի տակ կարող է դնել ցանկացած քաղաքացի, բայց պետությունը իր անունից կայացրած դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի այդ դատավճիռը օրինական ուժի մեջ է գտնվում և այստեղ քննչական մարմինն է դրել կասկածի տակ»:

Ի դեպ, Վճռաբեկ դատարաում գործը քննելիս քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք էր ներկայացրել, որով պնդել էր, որ Գլխավոր դատախազի և Քոչարյանի փաստաբանների բողոքների վերաբերյալ վարույթը անհրաժեշտ է կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան: