Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեռացիր, մեր դպրոցը մոռացիր. բողոքի ցույց՝ ընդդեմ Աշոտ Բլեյանի
2019-06-07 17:47:08

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երևանի 181 հիմնական դպրոցի ու հարակից 3 մանկապարտեզների ծնողներն այսօր հավաքվել են դպրոցի բակում և պահանջել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից հեռու մնալ պետական կրթօջախներից:

Ծնողները վստահ են, որ կառավարության երեկվա որոշմամբ 181 դպրոցն ու հարակից մանկապարտեզները դառնում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի մաս, ինչին իրենք դեմ են:


Երևանի 181 հիմնական դպրոցի ու հարակից 3 մանկապարտեզների ծնողները վրդովված են: Իրենց բարկացրել է կառավարության երեկվա որոշումը, որով 117 միլիոն դրամ է հատկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։

Մանկավարժներն ու ծնողները մտավախություն ունեն, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 181 դպրոցն ու կողքի 3 մանկապարտեզները կարող են դառնալ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի մասը, ինչին իրենց, մեղմ ասած, դեմ են: Ասում են, թե Աշոտ Բլեյանը վաղուց է փորձում սեփականաշնորհել այդ տարածքները և կառավարության որոշումը նրա առաջին հաջողությունն է այդ ճանապարհին:


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները տևական ժամանակ է խաթարում են նաև մանկապարտեզ հաճախող փոքրիկների անդորրը՝ բողոքում են ծնողներն ու դաստիարակները:

«Ռադիոլուրի»  հետ զրույցում թիվ 93 մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Ստամբոլցյանը նշեց՝ խնդրին տեղյակ են անգամ վարչական շրջանի պատասխանատուները:

«Ռադիոլուրը» փորձեց նաև 181 դպրոցի տնօրենի կարծիքը լսել, սակայն տնօրեն Լիլիթ Արեյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ դեռ ինքն էլ հստակ չգիտի, թե ինչ է նախատեսվում կառավարության որոշմամբ:


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ընդհանրապես չի հասկանում, թե ինչով է պայմանավորված այդ խուճապը: «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է.

«181 դպրոցը մեզ հետ կապ ունի այնքանով, որ մենք աշխարհագրական հարեւաններ ենք,  ունենք ընդհանուր խնդիրներ»:

Տեսնելով Աշոտ Բլեյանին՝ նրա մոտ շտապեցին նաև մյուս ծնողները, որոնք բողոքում էին վաղ առավոտից: Որքան էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը պնդում էր, որ 181 դպրոցի և մանկապարտեզների հետ որևէ կապ կամ կրթական ծրագրեր չունի, ծնողներին դա չէր գոհացնում: Նրանք գրավոր վստահագիր խնդրեցին, որ ձեռք չի տալու իրենց դպրոցին և մանկապարտեզներին:


Աշոտ Բլեյանն իհարկե որևէ գրավոր փաստաթուղթ չներկայացրեց, բայց հավաստիացրեց, որ կառավարության տրամադրած 117 միլիոն դրամը տրամադրվել է այս տարվա հունվարից, բացարձակ կապ չունի որեւէ դպրոցի հետ, կապ ունի միայն իրենց կրթահամալիրում սովորողների, ուսուցիչների հետ:

0:00
0:00