Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանից Դելի, Դելիից՝ Շղարշիկ․ հայ-հնդկական «կինո» կամ երկու հարսի պատմություն
2019-06-08 11:48:02

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայուհի Ռուզաննայի ու հնդկուհի Սանտոշի հայ-հնդկական պատմությունները սիրո մասին են։ Աստվածաբան հայուհին իր սերը գտավ օնլայն հարթակում ու սիրո հետևից մինչև Դելի հասավ։ Սանտոշ Կումարին ծնվել ու մեծացել էր Դելիում։ Թալինի Շղարշիկ գյուղից Էդիկի հետ Լենինգրադում ծանոթացավ։ Հինգ հարսանիք արեցին, հինգ զավակ ունեցան։ Երբ առաջին անգամ Շղարշիկից նայեց երկնքին, թվաց, թե ամբողջ կյանքն է Հայաստանում անցկացրել։ Սանտոշ Կումարին երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, դասավանդել է ռուսերեն, հնդկերեն։ Ավելի քան մեկ տարի Հայ-ռուսական համալսարանում հայերին հնդկերեն է դասավանդում, հնդիկներին՝ ռուսերեն և հայերեն։ Իրենց սերը բացահայտելուց հետո հայուհին ու հնդկուհին բացահայտում են նաև երկու ժողովուրդների ընդհանրությունները, փորձում ապացուցել, որ Հնդկաստանն ամենևին էլ այն չէ, ինչ տեսնում ենք սերիալներում, իսկ Հայաստանը ո՛չ Ալբանիան է, ո՛չ էլ, առավել ևս, Ռուսաստանի քաղաքներից մեկը։

Հայուհի Ռուզաննային ու հնդիկ Անանդին միավորեց սերը գերմաներենի հանդեպ։ Ծանոթությունն օնլայն հարթակում կայացավ։ Երկու տարվա շփումներից հետո օնլայնից դուրս առաջին հանդիպումը Հայաստանում էր։

Հնդիկի հետ ամուսնանալու լուրը ծնողներին սառը ցնցուղի ենթարկեց, բայց փեսացուի հետ առաջին հանդիպումը վերացրեց ցնցուղի բոլոր հետքերը։ Ամուսնության որոշումը կայացված էր, հայ-հնդկական սերն ամրագրող հարսանիքը՝ անխուսափելի.

«Մենք երկու հարսանիք ենք ունեցել, մեկը Հայաստանում, մյուսը՝ Հնդկաստանում Սինդուրի արարողակարգով, այսինքն փեսայի կողմից հարսի ճակատին քսվող կարմիր ներկով, որպես վերջինին կնության առնելու փաստացի նշան, հնդկական արդ ու զարդով, որի պարտադիր էլեմենտը հարսի թևերը ծածկող հնդկերենում սանթիվան կոչվող գույնզգույն ապարանջաններն են, հարսանեկան կարմիր սարիով ու կրակի շուրջ պտույտներով։ Կարճ ասած՝ հնդկական տեղը տեղին ավանդական հարսանիքից հետո հայ-հնդկական զույգի երկրորդ հարսանիքը Հայաստանում էր, այս անգամ էլ տեղը տեղին, բայց արդեն հայկական ավանդույթներով»:

Հարսանիքից հետո հայ հարսի ու հնդիկ սկեսուրի ռազմավարական նշանակության շփումներն էին։ Հենց այդ ժամանակ էլ Ռուզաննան բացահայտեց՝ հարս-սկեսուր հարաբերություններում ազգային էլեմենտն այնքան էլ կարևոր դեր չի խաղում.

«Գիտեք, իրականում մարդկային հարաբերությունները նույնն են աշխարհի բոլոր ծայրերում։ Հնդիկներն իրենց մտածելակերպով ու ավանդույթներով շատ նման են հայերին, նրանք էլ մեծ տեղ են տալիս ընտանեկան հարաբերություններին, կապվածությանը ընտանիքի անդամների միջև»։

Հնդկաստան հարս գնացած հայուհին փորձում է իր ընտանիքում միավորել այն, ինչ ըստ էության զանազանում է երկու ազգերին։ Դրանք ազգային ու հատկապես կրոնական ավանդույթներն են։

«Զատիկին ձու ենք ներկում, հոլիին՝ իրար ենք ներկում։ Անպայման նշում ենք հայկական Նոր տարին ու հնդկական Դիվալին։ Մեր տանը տոների պակաս չկա, ամբողջ տարին քրիստոնեական ու հինդուիստական տոների հաջորդականություն է»,-ասում է զրուցակիցս։ Ռուզաննան տարվա մեջ մեկ օր պարտադիր սարի է կրում, Դիվալիին, երբ այցելում են ամուսնու ծնողներին։ Այդ օրը, որպես կանոն, սկեսուրը նոր սարի է նվիրում, հնդկական ավանդույթ է։

Հայ-հնդկական սիրուց 4,5 տարի առաջ ծնվեց Վարդանը։ Անունը Ռուզաննայի հաղթանակը չէ, այլ հայ –հնդկական արդար ու կառուցողական բանակցությունների արդյունքը.

«Իրականում Վարդան իմ հորեղբոր անունն է, որը շատ սիրելի հայկական անուն է։ Հնդկաստանում նույնպես կա Վարդան անունը, որ նշանակում է Աստծո օրհնություն»։

Վարդանը հայ-հնդկական բառապաշարի միակ ընդհանրությունը չէ, բազմաթիվ նմանություններ կան, ինչպես օրինակ ազատը, որը նույն իմաստն է արտահայտում երկու լեզուներում։

«Այդուհանդերձ, հնդիկները չափազանաց քիչ գիտեն հայերի ու Հայաստանի մասին։ Լավագույն դեպքում շատերը կարծում են, որ Ռուսաստանի քաղաքներից մեկն ենք։ Ասում ես Արմենիա, հասկանում են՝ Ալբանիա, և դա խոցում է ինձ»,- ասում է Ռուզաննան։ Պատմական անարդարությունը շտկելու առաքելությամբ ամուսնու հետ որոշեցին ստեղծել «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, որն այսօր ակտիվ գործում է։ Հունվարին նաև Երևանում ստեղծեցին Հնդկական մշակույթի կենտրոնը, որի գործունեությունը միտված է նաև նրան, որպեսզի բացահայտեն ճշմարտությունը՝ Հնդկաստանն ամենևին այն չէ, ինչ տեսնում ենք սերիալներում.

«Ես ինչքան հասկանում եմ, Հնդկաստանի մասին տեղեկատվության աղբյուրն այստեղ հիմնականում սերիալներն են»։

 

Հնդկաստանում գուցե շատ բան է փոխվել, բայց ոչ հնդկական սերը։ Հնդիկ Սանտոշի ու ծնունդով Թալինի Շղարշիկ գյուղից Էդիկի սիրո պատմությունն իսկական հնդկական կինո է։ Սանտոշ Կումարին ծնվել ու մեծացել է Դելիում, սովորել է Սանկտ Պետերբուրգի Ժդանովի անվան պետական համալսարանում, հենց այստեղ էլ ծանոթացել ապագա հայ ամուսնու հետ. «Հայ ընկերուհի ունեի՝ Նառան։ Նրա դիպլոմի պաշտպանության օրը ներկա էր նաև ապագա ամուսինս։ Ինձ տեսնում է ու ասում՝ այս աղջկա հետ պիտի ամուսնանամ»։

Ընդհանուր թվով հինգ հարսանիք են ունեցել՝ Լենինգրադում, Մոսկվայում, Հնդկաստանում, Երևանում և Շղարշիկում։ Սանտոշի ու Էդիկի՝ Լենինգրադում կայացած առաջին հարսանիքին Հայաստանից փեսայի բարեկամներն էին եկել, ու հանկարծ. «Տալիս ամուսինը որոշեց ինձ շոկի ենթարկել՝ թե գիտես, դու ամեն օր պիտի լվանաս Հայկազ պապի ոտքերը։ Ասացի՝ ինչ կա որ։ Ինձ շոկի ենթարկելու փոխարեն՝ ինքը լալկվեց»։

Աղջիկները`Անին ու Ռջնին, ծնվեցին Լենինգրադում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձան Հայաստան՝ Շղարշիկ գյուղ։ Ինչպես ասում են, մի կինո էլ այստեղ սկսվեց․ «Առաջին օրը, որ գնացի, գյուղացիները եկան ինձ տեսնելու։ Տանը տեղը փոքր էր, կեսուր մայրիկս ինձ հանեց բակ, նստացրեց։ Հերթով գալիս ինձ ձեռք էին տալիս, շորս բարձրացնում, ոտքերս ստուգում, դե լսել էին, որ հնդիկները կոշիկ չեն հագնում։ Ստուգում էին՝ իսկական հնդիկ եմ , թե չէ։ Կեսուր մայրիկս շատ էր բարկանում, բայց ես ասում էի՝ ոչինչ, իրենք պիտի ճանաչեն ինձ»։

Հայերեն սովորել է չորս ամսում։ Շղարշիկում յուրացրեց նաև Սասունի բարբառը։ Կարճ ժամանակ անց հարևան գյուղերի համար Շղարշիկը դարձավ հնդիկ հարսի գյուղ։ Հարս-սկեսուր հարաբերությունների մասին, հայ-հնդկական սիրուց ծնված հինգ զավակների մայր Սանտոշ Կումարին պատմում է.

«Երբ առաջին անգամ մտա նրանց տուն, ասացի՝ մամ, ես քո հարսը չեմ, քո աղջիկն եմ։ Տարիներ անց, երբ մենք անցանք այն ծանր տարիները, սկեսուր մայրիկս ասաց․«Ես ունեմ մի աղջիկ, անունը Սանտոշ»»։

Իսկական սասունցու հարս, այնքան խոնարհ էր, որ հինգ երեխաներից որևէ մեկի անունն ինքը չի որոշել. «Որոշողները որոշում էին, իսկ ես համաձայնություն էի տալիս։ Ես ունեմ Անի, Ռջնի, Անահիտ, Հայկ և Դավիթ։ Ոնց որ ծուռ սասունցի լինեն»։

«Ես ընկալվում էի որպես 17-րդ դարի աղջիկ, որովհետև Հնդկաստանում մենք շատ ավելի ավանդապահ ենք, քան՝ Հայաստանում։ Երբ առաջին անգամ Հայաստանում նայեցի մութ երկնքին, ինձ թվաց, որ այստեղ արդեն եղել եմ ։ Ամեն ինչ այնքան ծանոթ էր»,- ասում է Սանտոշը՝ խորապես համոզված, որ Հայաստան գալը նախախնամություն էր։

«Մենք նույն ազգն ենք, երկուսս էլ արիացի։ Գրաբարի և սանսկրիտի, այսինք հին հնդկերենի միջև 80 տոկոս նմանություն կա։ Կան նմանություններ հնդկերենի և արդի հայերենի միջև։ Հայերեն նարինջ է, հնդկերեն նարնգի, պանիր-պընիր, հազար-հազար, ճակնդեղ-ճկունդա, մարդ-մըրդ, կենտրոն-կենդր... նույն արմատն ունեցող բառերի հայ-հնդկական մի ամբողջ բառարան կարելի է գրել»,-ասում է Կումարին ։

Տիկին Սանտոշը երբեք հնդկական տարազը չի փոխել։ «Կփոխեմ ու հայկական տարազ կկրեմ, երբ հայերը վերադարձնեն, կրեն իրենց կորցրած տարազն ու ետ բերեն հայի կորցրած դեմքը։ Հիմա ոչ հայ են, ոչ եվրոպացի »,-ասում է։ Նրա խոհանոցը միջազգային է, բայց Սանտոշի տոլման, ինչպես շատերն են ասում, ավելի լավն է, քան հայինը։ Պատճառը մեկն է՝ շատ սեր է դնում մեջը։ Տիկին Սանտոշի սերը միայն տոլմայի մեջ չէ, դա նրա ապրելու, աշխարհի հետ հարաբերվելու կերպն է։ Շատ պարզ մի օրինակ է բերում․ «Տեսե՛ք, մի երկրի քամին ամպերը տանում ու ջրում է մեկ այլ, գուցեև թշնամու երկրի դաշտերը։ Բնության մեջ ներդաշնակության ակունքը սերն է, ինչը մարդկանց մի քիչ պակասում է»։

0:00
0:00