Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանի միակ պատժիչ-զսպող ուժը հայկական զինված ուժերն են
2019-06-12 17:29:20

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Արցախի հետ կապված վերջին հայտարարություններից հետո այսօր մենք կանգնած ենք ինչ-որ չափով էսկալացիայի նոր հնարավոր փուլի առջեւ: Այս  կարծիքին է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը: Ըստ նրա՝ այսօր ամենակարեւոր խնդիրն է անել ամեն ինչ էսկալացիա թույլ չտալու համար: Փորձագիտական շրջանակներում դրա հավանականությունը բավականին մեծ են համարում:

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր ոչ միայն հերքել է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկել, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ):


ԱՀ ՊՆ-ն հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում ասվածը կարող է հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Հայտարարությամբ նաեւ նշվում է, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: 

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա»:

Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Ադրբեջանը հետեւողականորեն պատրաստվում է պատերազմի:  Նա այդ եզրահանգմանն է եկել՝ վերլուծելով վերջին տարիներին Ադրբեջանի կողմից պարբերական բնույթ կրող լայնածավալ զորավարժությունների անցկացման  դինամիկան եւ դրանց բնույթը:

«Խաղարկում են կոնկրետ գործողություններ եւ անհրաժեշտության դեպքում այդ գործողություններին դիմելու են»,- ասում է Վրթանեսյանը: 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան  Պողոսյանի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ եթե հնարավոր չլինի Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի համաձայնություններով ձեռք բերված բոլոր զսպման մեխանիզմները պարտադրել եւ կյանքի կոչել, ապա  էսկալացիայի ուժգնացումն անխուսափելի է լինելու՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը:

«Շատ կարեւոր է, որ այստեղ գիտակցությունը գա, որ ոչ միայն բոլոր մեխանիզմները պետք է ներդրվեն, այլ դրա հետ միասին նաեւ պետք է գիտակցել՝ իսկ ի՞նչ սանկցիաներ են լինելու, երբ որեւիցե գործողություն լինի»:

ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի այսօրվա պահվածքը ցույց է տալիս, որ Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները չեն աշխատում, իսկ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնություններին վերադառնալը հեշտ չէ:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ երբ որեւէ գործողություն Մինսկի խմբի կողմից չկա, Ադրբեջանը խախտում է հրադադարն ու շարունակում հայ զինվոր թիրախավորել ու սպանել, որին նույնպես չի հաջորդում Մինսկի խմբի ազդեցությունը, բնականաբար, նման պայմաններում հայկական կողմը ստիպված է լինում վերադառնալ գիտակցությանը, որ միակ պատժիչ-զսպող ուժը մնում է Արցախի ՊԲ-ն կամ հայկական զինված ուժերը:

Ըստ Թեւան Պողոսյանի՝ հենց այս հանգամանքով է բացատրվում հայկական զինուժի իրականացրած վերջին պատժիչ գործողություններն ու դրանց մասին հրապարակայնացումը:

«Իրականության մեջ, իմ պատկերացմամբ, հայկական կողմը պետք է գիտակցի, որ Ադրբեջանում քաղաքական որոշումն ընդունված է՝ Արցախի, կամ ԼՂ հակամարտության հարցին միայն ու  միայն ռազմական լուծումն են տեսնում»:

Նրանք նախապատրաստվել են ու մտել այն փուլը, որտեղ ամեն օր հաշվարկում են, թե ե՞րբ պետք է էսկալացիայի գնան՝ հավելեց Թեւան Պողոսյանը:

«Մենք հիմա ամեն ինչ պետք է անենք, որ էդ էսկալացիան թույլ չտանք եւ մեր համապատասխան բոլոր խնդիրները զարգացնենք այն մակարդակի, որ Ադրբեջանում երբեւէ մի օր չլինի մի իրավիճակ, որտեղ իրենք մտածեն, թե իրենք ինչ-որ մի բանով մեզանից ավել են: Հենց որ դա մտածեցին, ունենալու ենք սրացումներ»:      

Հայկական կողմն էլ պետք է իր քայլերում ելնի հենց դրանից՝ պահպանելով միասնականությունն ու զարգացնելով տնտեսությունը, որպեսզի անպատրաստի իրավիճակներ չունենանք՝ եզրափակեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը: 

0:00
0:00