Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
16-րդ «Ոսկե ծիրան»-ը՝ սուղ բյուջեով ու երիտասարդացած դեմքով
2019-06-12 17:46:07

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Ոսկե ծիրան»-ը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»,-երևանյան 16-րդ միջազգային կինոփառատոնին նվիրված  ասուլիսում այսօր հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:

Չնայած փառատոնին հատկացվող պետական ֆինանսավորումն այս տարի գրեթե կիսով չափ նվազել է, բայց կազմակերպիչները վստահեցնում են՝ որակն ու բովանդակությունը դրանից շատ չի տուժել:

Նրանք ներկայացրել են  այս տարվա կինոփառատոնի պաշտոնական պաստառը, ինչպես նաև անդրադարձել  սպասվող միջոցառումներին:

Ամառային Երևանի մշակութային «պիկն» ապահովող «Ոսկե ծիրանն» այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը,  «Ոսկե ծիրան»-ում այս տարի գրեթե ամեն ինչ նոր է։ Փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, 16-րդ «Ոսկե ծիրան»-ի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել են երիտասարդները:

Փոփոխություն է արձանագրվել նաև գերատեսչական հարթակում։ Փառատոնն առաջին անգամ համագործակցում է ոչ թե ՀՀ մշակույթի, այլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

Մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանն էլ այսօր ի պաշտոնե առաջին անգամ ներկա էր փառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսին.

«Ոսկե ծիրան»-ը նոր չէ, որ հաստատել է իր տեղը մշակութային կյանքում, հաստատել է իր միջազգային նշանակությունը, և կարծում եմ, որ մշակույթի պետական քաղաքականության առանցքային կետերից մեկը երկրի միջազգային դիրքավորումն է, միջազգային վարկանիշի բարձրացումը: Վստահաբար կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրան»-ը հենց այդ նախագծերից մեկն է»:

«Ոսկե ծիրան»-ում այս տարի շատ բան է փոխվել, բայց ոչ փառատոնի ամենահավատարիմ գործընկերը: Արդեն 16 տարի երևանյան կինոփառատոնն իրականություն է դառնում շնորհիվ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Ի դեպ, հենց վերջինին հասցեագրելով իր խոսքը, Արա Խզմալյանն ասաց. «Յուրաքանչյուր երկրի քաղաքակրթության չափանիշներից մեկը մասնավոր հատվածի ընդգրկվածությունն է մշակույթի մեջ»:

Ռալֆ Յիրիկյան. «Փառատոնն իրականացնում է շատ կարևոր առաքելություն՝ ոչ միայն նպաստելով կինոարվեստի զարգացմանը, այլև մեր երկրի անունը աշխարհի քարտեզի վրա ավելի տեսանելի դարձնելով»:

«ՎիվաՍել ՄՏՍ»-ն այս տարի ավելացրել է ֆինանսական  աջակցությունը, որը մասամբ մեղմել է փառատոնի ֆինանսական խնդիրները: Շուրջ 57 միլիոնի փոխարեն «Ոսկե ծիրան»-ին տրամադրված  պետական աջակցությունն այս տարի կազմել է 30 միլիոն:

Հարություն Խաչատրյանի խոսքով, պատճառը տեխնիկական էր:

Վերահաստատելով Հարություն Խաչատրյանի տեսակետը մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը ևս համաձայնեց՝ պետք է վերանայվեն դրամաշնորհային մրցույթների մասնակցության պայմանները: Այս ոլորտում կառավարությունը լուրջ անելիք ունի:

«Ոսկե ծիրան»-ի  տնօրեն Հասմիկ Հավհաննիսյանն էլ  ներկայացրեց 16-րդ կինոփառատոնի պաշտոնական պաստառը:

Երիտասարդ տնօրենը հուսով է, որ փառատոնի օրերին սոցիալական ցանցերում շատ կտեսնենք՝ կոֆե, կենտրոն, կինո արտահայտությունը, և մարդիկ միմյանց հրավիրելով կգնան, նրա բնորոշմամբ, փախած ու ամենատարբեր տեսակի ֆիլմեր դիտելու: Ի դեպ հարցին՝ արդյոք ֆինանսների սղությունը չեն ադդել փառատոնի որակի ու բովանդակության վրա,  Հարություն Խաչատրյանն արձագանքեց. «Ինչպես միշտ, հրաշալի ֆիլմեր ու հրաշալի հյուրեր ենք ունենալու»:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի թվում մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասն է:

0:00
0:00