Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերաքննիչում այսօր դեմ դիմաց հանդիպեցին Ռոբերտ Քոչարյանն ու մարտի 1-ի զոհի հայրը
2019-06-12 17:56:51

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վերաքննիչ քրեական դատարանում  այսօր  դեմ դիմաց առաջին անգամ հանդիպեցին  մարտի 1- ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատարանը քննում էր Ռոբերտ  Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը: Քոչարյանի պաշտպանական խումբը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։
 Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ  կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին՝ նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։

«Դուք այն դատավորն եք, որն առավել հազվադեպ է կայացնում դատական ակտ, որը կհակասեր դատախազության դիրքորոշումներին»,- ներկայացրեց Ալումյանը։

Ինքնաբացարկին միացավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ խիստ կասկածներ ունի:

«Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ, որ նաև այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չէ առանց  ինքնաբացարկի: Բավականին լուրջ են ներկայացված հանգամանքները, ես ծանոթ եմ քննիչի նյութերին, դրանք նկարած բան են, կոմպյուտերի միջամտություն կա, նույնիսկ տարիներ անց, սա հանցագործություն է, հնարավոր է լինելու պարզել՝ ինչ է կատարվել: Էն գլխից այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ՝ առանց անձնավորելու, ուղղակի հորդորում եմ ընդունել ինքնաբացարկի միջնորդություն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով միջնորդությանը, նշեց, որ ուղղակի կասկածներով փորձել դատարանին տանել ինքնաբացարկի, անլրջացնում են  գործընթացըՏուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ  հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունն ավելի շատ ձևականություն էր։



«Դուք՝ որպես դատավոր հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եք նշանակվել և պետք է, որ այդ տեսանկյունից կասկածներ չլինեն»:

Արդեն լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ չկան փաստեր, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա:

Ամբողջ խնդիրը այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում։ Փաստ, որ ֆիքսվել է, կոնկրետ ապօրինի ներգործություն, այսօր չունենք, բայց մենք չենք խոսում եղած փաստի մասին:

Քրեադատավարական օրենքը, մեր նախադեպային իրավունքը, եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի»,- ասաց դատախազը:

Դատախազը  նշեց, որ  որեւէ մեկի ցանկությունը չէ, որպեսզի  Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնապարզապես  մարտի 1-ի գործերը  փոխկապակցված  են: Իսկ   այս գործերով 1000-ից ավելի մարդիկ են հարցաքննվել, դեռ մի 1000 կամ ավելին էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա.

«Մենք այսօր մեղսագրել ենք մեղադրյալ Քոչարյանին մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները եւ այդ իրադարձություններին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական եւ այլ կախվածություն ունեցող բազում անձինք»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Իսկ դատարանի բակում կրկին հավաքվել էին Քոչարյանի կողմ և դեմ անձինքՆրանց բաժանում էր ոստիկանական պատը: Չնայած ոստիկանների առկայությանը՝   ժամանակ առ ժամանակ բախումներ էր տեղի ունենում նրանց միջև:

Դատական նիստի տեղի կունենա հունիսի 14 ին։

0:00
0:00