Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ եւ ինչպիսի քաղաքային տրանսպորտ կունենա Երեւանը
2019-06-12 18:19:27

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Տրանսպորտային նոր ցանցի մասին անընդհատ խոսվում է, սակայն երբ այն կդառնա իրականություն, դեռևս հստակ չէ: Քաղաքային իշխանությունն անընդհատ ընդգծում է՝ երկու տարի հետո: Դեռևս գումար չկա: Պատրաստվում է ցանցի նախագիծը:

Երեւանի հասարակական տրանսպորտի շարժակազմն ամբողջությամբ փոխվելու է, գիծ են մտնելու երեք չափի ավտոբուսներ, ունենալու ենք լրիվ նոր գծեր: Ներկայացված նախագիծը ենթադրում է նաեւ կրճատվել տրանսպորտային ցանցի ընդհանուր երկարությունը, ավելացնել  կանգառները:

Բարելավվելու է նաև վարորդների աշխատանքն ու աշխատավարձը: Նախագծի մանրամասները ներկայացնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:

« Տվյալ ծրագրով վարորդների աշխատանքային պայմանները շատ բարենպաստ են լինելու։ Այսինքն՝ 8-ժամյա աշխատանք, հաստատուն աշխատավարձ։ Վարորդը կստանա ամրագրված աշխատավարձ, գումարած բոնուսներ»:  

Գեղեցիկ ներկայացվող ծրագիրը հավանաբար կյանքի կկոչվի երկու տարի հետո, ասում է ավագանու իշխող խմբակցության անդամը: Պատճառը գումարի բացակայությունն է։ Այժմ քաղաքապետարանը բանակցություններ է վարում խնդիրը վարկային միջոցներով լուծելու համար:

«Ըստ մեր պլանավորածի՝ հենց Երևանի քաղաքապետարանը պետք է իրականացնի: Բայց վարկը, որ վերցնելու ենք, պետությունը պետք է վերցնի, մենք վարկ վերցնելու իրավունք չունենք», -նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Տրանսպորտային նոր ցանցի մասին անընդհատ խոսվում է, սակայն տեսանելի քայլերը  դեռևս չեն նշմարվում:  Ամեն ամիս տրանսպորտային ցանցի մասին խոսելիս շեշտվում է երկու տարին և գումար չլինելը՝ դժգոհում է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«8 ամսի ժամանակ մենք կորցրեցինք նրա համար, որ նոր քաղաքային իշխանությունն սկսեց ուսումնասիրել նոր տրանսպորտային ցանցի նախագիծը և փարատել իր կասկածները», ասում է ընդդիմադիր խմբակցության  ավագանու  անդամը:  

Ծրագիրը պատրաստ է, ներկայացվել է կառավարությանը, այս պահին աշխատանքային խումբ է ձևավորվում՝ քննարկելու և այնուհետև իրագործելու ծրագիրը։ Սա արդեն քաղաքապետ Հայկ Մարությանի պնդումն է Ազգային ժողովում։

«Մեր պատկերացմամբ՝ քաղաքային տրանսպորտը սեփականից պետք է դառնա համայնքային», նշեց  քաղաքապետը:

Մասնավորից անցում համայնքային տրանսպորտի: Քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ գծատերերն իրենք էլ ուրախ են այս հարցում: Վերջին 4-5 տարիներին ոլորտում ներդրումներ չեն կատարվել: Ապացույցը՝ տրանսպորտի ներկա վիճակն է: 900 միկրոավտոբուսներից մոտ 450-ը 15 տարվա արտադրության մեքենաներ են:

«Չասեմ ձեզ գաղտնիք, այլ դառը ճշմարտություն: Շատ մասնավորներ գալիս են ու ասում՝ խնդրում ենք սիրելի քաղաքապետարան,  վերցրեք գիծը մեզանից, ձեռք չի տալիս, մենք չենք ուզում սպասարկել այս գիծը և դրանք քիչ չեն»:

Մինչեւ նոր տրանսպորտային ցանց ունենալը, ի՞նչ քայլեր են պետք անբարենպաստ պայմաններում երթևեկելուց գոնե մի փոքր ձերբազատվելու համար: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը ելքը տեսնում է ֆինանսական խնդիրներ արագ լուծելու մեջ, սակայն միևնույն ժամանակ հակադարձում իրեն:

« Չնայած ես վստահ չեմ, որ երկու տարվա ընթացքում գումարի առկայության դեպքում դա հնարավոր է իրականացնել: Գումար լինելու դեպքում քաղաքապետարանը պետք է տրանսպորտային միջոցներ գնի և այդ 800 մեքենաների դուրս գալուց հետո լրացնեն այդ նոր մեքենաներով»,- ասում է Սարգսյանը:

Իսկ «Լույս» խմբակցության ավագանու անդամի առաջարկությունն այս հարցում այլ են՝ կարելի է հայտարարել միջազգային մրցույթ և ներգրավել մի քանի օպերատորի:

0:00
0:00