ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աջակցություն՝ տարերային աղետներից տուժած գյուղացիներին
2018-11-29 18:12:59

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այս տարի ամենամեծ փոխհատուցումը կհատկացնի տարերային աղետներից տուժած գյուղացիներին եւ այն էլ առաջին անգամ ֆինանսների տեսքով:

Գործադիրում հաշվարկել են նաև, թե որքան է կորցրած բերքի գումարը՝ այգիների, ցանքատարածությունների ու պտղատու ծառերի դեպքում:

0:00
0:00

Կառավարությունն այս տարի առաջին անգամ  տարերային աղետից՝ հեղեղից, կարկուտից, ցրտահարությունից ու ոչ միայն, տուժած գյուղացիներին դրամական փոխհատուցում կտրամադրի: Սա, ի դեպ, հենց հողօգտագործողների ցանկությունը կամ պահանջն էր: Այս տարվա օգոստոսին Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի երեք համայնքներում ջուրն ամբողջությամբ դուրս էր եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները:


«Վնասվել է իմ առվույտի դաշտը: 1,5 հա քաղած խոտն է, կես հա էլ՝ սերմադաշտ: Գումարային առումով 1,5 հա խոտը ամենաքիչը 400 տուկ էր լինելու»,- ասում է հողօգտագործող Գոռ Գասպարյանը:

Առվույտից բացի հեղեղվել էին նաև խաղողի այգիները. «Մեր այգու վնասը շատ մեծ է: Էն կարգի, որ պետք է միլիոններ ծախսենք, որ կարողանանք այգին խելքի բերել: Ջուրը հողը քշել, տարել է: Խաղողի մազարմատներն է, հիվանդ է նաև այգին: Միլիոններով փող ենք ծախսել,  միլիոններ էլ կծախսենք, որ կարողանանք վերակագնել վնասը, կամ չվերականգնել»: 

Եվ ահա գործադիրում փնտրեցին ու ելքը գտան: Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թվականին տարերային աղետներից տուժած  հողօգտագործողներին ֆինանսական աջակցություն կտրամադրի:

Այս տարի ընդհանուր տարերային աղետներից վնասվել է 14,5 հազարից ավելի հեկտար (14 650 հեկտար) հողատարածք, վնասի չափը 13 մլրդ դրամից ավելի է (13 միլիարդ 386 միլիոն 100 հազար) դրամ:

«Աջակցություն ցուցաբերում են  50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին: Ընտրությունը կատարվում է կամ 70-80, կամ՝ 100 տոկոս վնասի դեպքում: Այս անգամ հատուցում ենք 50-100 տոկոս տուժածներին՝ ընդառաջ գնալով գյուղացիներին»,- ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Կտրվի մոտ 10 մլրդ դրամի աջակցություն: Հստակ է  նաև վնասի փոխհատուցման չափը.

«Այս պահին խաղողի, պտղի ու հատապտղի համար նախատեսվում է  փոխհատուցել վնասի 5 տոկոսի չափը, բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 4 տոկոսի չափը, հացահատիկ և հացահատիկաընդեղեն մշակաբույսերի՝ 1 հա-ի 50 տոկոսի չափը՝ 30 հազար դրամ: Միջինացված հաշվարկով 1 հա խաղողի այգիների համար աջակցությունը կկազմի 89 հազար դրամ, պտղի, հատապտղի համար՝ 73 հազար դրամ, մյուսների համար՝ 66,9 հազար դրամ»:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Արմավիր անձամբ է այցելել. «Պետք է խոստովանեմ, որ պատկերը իսկապես սարսափելի էր: Բերքի զգալի մասը պարզապես ոչնչացված էր: Գյուղացիները չգիտեին՝ ինչ են անելու: Անշուշտ պետությունն այսպիսի դեպքերում պետք է կանգնի գյուղացու կողքը»:

Այս տարի ամենաշատը վնասներ կրել են Արմավիրի, հետո Շիրակի ու Արարատի մարզերը: Հենց այս մարզերում են պիլոտային գյուղացիական ապահովագրական ծրագրեր իրականցվելու:

Կապահովագրեն ռիսկերը նախ կարկուտի ու ցրտահարության, հետո նաև՝ մյուս աղետների դեպքում: