ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ ըստ դիտորդների
2018-11-29 19:18:01

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն է, սակայն զլմ-ներն արդեն գրում են բազմաթիվ խախտումների մասին: Իսկ որքանով են բարձրացված մտահոգությունները խախտումներ որակում անկախ դիտորդները և ինչ է արձանագրում դիտորդական առաքելությունների մանրադիտակը:

0:00
0:00

Նախընտրական քարոզարշավը հանգիստ է ընթանում՝ արձանագրում են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները: ԶԼՄ-ները մինչդեռ մատնացույց են անում որոշ ձևակերպումներ ու երևույթներ, որոնք, ըստ լրատվամիջոցների,  խախտումներ են:

Թերթերից մեկը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արցախից  զինծառայողները զանգահարում են ծնողներին ու տեղեկացնում, որ  դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաեւ ծնողների եւ հարազատների հետ:

Զինվորները, ըստ թերթի,  ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին:  

Այս տեղեկությանն անմիջապես արձագանքեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բացատրելով, որ  ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ  ընտրելու հնարավորություն և հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:

Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն

Իսկ թերթի պնդումները, ըստ ՊՆ մամուլի խոսնակի, ավելի քան վիրավորական են ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը:

Մամուլի մեկ այլ հրապարակմամբ՝ կաշառքի խոստում է որակվում այն, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկին գորգ է խոստացել:

Այս առումով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հստակեցրել է՝ Փաշինյանը մի քաղաքացու կես լուրջ-կես կատակ գորգ է խոստացել: Անշուշտ պետք է հասկանանք, որ Փաշինյանը գորգը խոստացել է ոչ այդ մարդու քվեի համար: Այս առումով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը հստակ տարանջատում է մտցնում.

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տիպի խոստում է. եթե դա խոստում էր, որ անձամբ իր կամ կուակցության միջոցներից պետք է տա այդ գորգը, ապա դա հանցագործություն է, իսկ  եթե խոստացել է ընտրվելու դեպքում տալ, ապա դա նախընտրական խոստում է և այդտեղ որևէ խնդիր չկա»:

Իսկ ընտրություններին մասնակցող «Մենք» դաշինքը հասարակությանը մանիպուլացնելու փորձ է որակում մինչեւ քարոզարշավը՝ հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածը, 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների հրապարակումը:

«Այդ տվյալները ավելի վաղ չհրապարակելը, և դրանք ընտրարշավի հենց այս փուլում ներկայացնելը և չհիշատակելը, որ «Մենք»-ը և մյուս ուժերը այդ ժամանակ չեն եղել, ոչ այլ ինչ է, քան հակաքարոզչություն, հասարակությանը շփոթության մեջ գցելու անհաջող փորձ, ինչու չէ նաև ակնհայտ օժանդակություն որոշ քաղաքական շրջանակների» նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

Դաշինքը միջազգային դիտորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա:

«Անկախ դիտորդ»-ից Դանիել Իոանիսյանի կարծիքը, սակայն, այս հարցում միանգամայն այլ է.

«Իսկ ով ասաց, որ կուսակցությունները չեն կարող ուղղորդել ընտրողներին նախընտրական քարոզչության փուլում: Նախընտրական քարոզչության փուլում կուսակցությունները հենց պետք է ուղղորդեն, որ ընտրողները իրենց քվեարկեն…դե հիմա սոց հարցման սահմաններում են անում: Այսինքն այստեղ օրենքի խախտում չկա»:

Այս քարոզարշավն աչքի է ընկնում իր ավելի կոշտ ձևակերպումներով: Իոանիսյանի համոզմամբ՝ քաղաքական ուժերը լրիվ իրավունք ունեն իրար կոշտ քննադատելու և դա քարոզարշավի տրամաբանության մեջ է:

Կոշտ ձևակերպումների առումով «Ականատես» դիտորդական առաքելության ծրագրի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանի նկատառումը մինչդեռ այլ է.

«Ատելության խոսքի մասով իհարկե որոշակի խնդիրներ արդեն արձանագրել ենք որոշ թեկնածուների կողմից, դա միանշանակ է կարող եմ ասել»:

Դե իսկ մանդարիններ բաժանելու «Քաղաքացու որոշում. սոցիալ-դեմոկրատական» կուսակցության մոտեցումը դիտորդները ոչ թե կաշառք են որակում, այլ խորհրդանշական քայլ:

Իսկ ամենաակնառու խախտում են  համարում քարոզչանյութերի՝ չսահմանված վայրերում փակցնելը: Այս խախտման մասին դիտորդները պատրաստվում են տեղեկացնել ԿԸՀ- ին: