ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանի նորընտիր նախագահի հուշերը՝ հայերի մասին
2018-11-29 19:25:57

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, որ կառուցվել են դարեր շարունակ պետք է պահպանվեն ու զարգանան։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին, որ ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, հայերի մասին լսել է մանկուց։ Նրա հայրը պատմել է, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն ազգ են։ «Ռադիոլուր»-ը ներկայացնում է Վրաստանի նորընտիր նախագահի՝ հայերի հետ հիշողությունները։ 

0:00
0:00

Ֆրանսիայում ծնված Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայերի մասին հետաքրքրվել է մանկուց, երբ իմացել է, որ Փարիզում իրենց ընտանեկան բժիշկը՝ Ռուբեն Ավագյանը, ազգությամբ հայ է։ «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը փոխանցելով Զուրաբիշվիլիի խոսքերը, պատմում է

«Սալոմեն հայերի մասին լսել է 7-10 տարեկան հասակում։ Ասել է՝ հայրս պատմում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն ազգ են, մեր հարևանն են ու բարեկամը, հայերի և վրացիների նախահայրերը Հայոսն ու Քարթլոսն են»։

Զուրաբիշվիլիների ընտանիքի ֆրանսահայ բժիշկը դարձել էր նաև նրանց լավ բարեկամը։ Ավագյանի միջոցով Զուրաբիշվիլիները ծանոթացել են Շառլ Ազնավուրի հետ, որի երկրապագուն է եղել Սալոմեի մայրը։ Ի դեպ նախընտրական շրջանում Նինոծմինդայի բնակչության հետ հանդիպմանը Զուրաբիշվիլին պատմել է «30-ականներին, երբ մայրս մոտ 20 տարեկան էր, Փարիզի ջազ ակումբներից մեկում պարել է այն ժամանակ դեռ ոչ այդքան հայտնի Ազնավուրի հետ»։

«Ես առաջին անգամ Սալոմեի մասին լսել եմ Ազնավուրից, երբ նա երկրորդ անգամ (2005 թվականին) այցելել էր Վրաստան: Ինձ հարցրեց՝ Զեյնաբի աղջիկը ոնց է, ես զարմացա՝ ով է Զեյնաբը, պատասխանեց՝ Զեյնաբը Ֆրանսիայի ամենասիրուն կինն է։ Իրոք, Փարիզում հայերն ու վրացիները բարեկամություն էին անում»։ 

Վերհիշում է Վան Բայբուրթը, ով այդ տարիներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր և նոր պիտի ծանոթանար  Փարիզից Վրաստան տեղափոխված Ֆրանսիայի փորձառու դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ում Միխեիլ Սաակաշվիլին Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստան էր հրավիրել՝ ղեկավարելու արտաքին գործերի նախարարությունը։


Բայբուրթը պատմում է նաև, որ ինքը, երբ նախագահի (Սաակաշվիլիի) խորհրդականն էր, Սալոմե Զուրաբիշվիլին իրեն է դիմել միջնորդել ծնունդով Ախալցիխեի Ծխալթբիլա գյուղից այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցով։ Աբելյանը աշխատանքի էր վերցրել Սալոմե Զուրաբիշվիլիին, երբ ղեկավարում էր կազմակերպության անվտանգության խորհուրդը։

«2013-ին, երբ եկավ նոր իշխանությունը Սալոմեն նախարարներից մեկի հետ երաշխավորեց բավարարել քաղաքացիություն ստանալու մասին Մովսես Աբելյանի խնդրանքը։ Սալոմեն ինձ ասաց, որ հարցը շատ է ձգձգվում։ Նախագահը չէր տալիս քաղաքացիություն, (2013-ի կոաբիտացիոն շրջանն էր), երբ ասացի, թե ով է Աբելյանը, զարմացավ և ստորագրեց», - ասում է Վան Բայբուրթը։

Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, որ կառուցվել են դարերի ընթացքում պետք է պահպանվեն ու զարգանան

 «Վրաստանում հայերի ու վրացիների միջև հարաբերությունները բարեկամական են, այնպես, ինչպես մյուս ազգային փոքրամասնությունների հետ։ Դա մենք դարերով ենք կառուցել, այնպես ինչպես մեր հարաբերությունները Հայաստանի ու մյուս հարևանների հետ։ Ինձ թվում է՝ Վրաստանը դրանով է առանձնանում, որ հարևանների հետ կարողանում է պահել բարեկամական կապեր նույնիսկ այն ժամանակ, երբ վերջիններիս միջև լարված հարաբերություններ են։ Մենք բոլորս ապրում ենք Կովկասում և պետք է հետաքրքրված լինենք, որ այս տարածաշրջանը, որ աշխարհի համար խիստ կարևոր է, խաղաղ լինի ու զարգացած»։

Մինչ նախագահ ընտրվելը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Սալոմե Զոււրաբիշվիլին։