ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-30 10:14:55
  • «Ազգ». Ո՞վ և ե՞րբ համերաշխություն կհաստատի Հայաստանում
  • «Ժողովուրդ». ՊՆ-ին հրահանգվել է հեռու մնալ
  • «Իրատես». Տարօրինակ քարոզարշավ
  • «Փաստ». Պաշտոններ կստանան ըստ քվեների

 

ՊՆ-ին հրահանգվել է հեռու մնալ

«Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն:

Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն որեւէ մեկի հետ, որը կապ ունի Զինված ուժերի հետ եւ հնարավոր է` լինի տեղամասում կամ դրա շրջակայքում: Այս հրահանգը տալով` ՊՆ ղեկավար կազմը հրամանատարներին բացատրել է, որ սրա նպատակը մեկն է՝ որպեսզի զինվորները չտեսնեն իրենց ղեկավարներին եւ ավելորդ անգամ չկաշկանդվեն:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է թերթի այս տեղեկությունը՝ հավելելով, որ զորամասի զինվորներին նաեւ ասվել է` եթե կա որեւէ մեկը, որին չի հետաքրքրում ընտրությունները, կարող է չներկայանալ ընտրության, որեւէ մեկը չի կարող եւ իրավունք չունի նրան ստիպել գնալ այդ քայլին:

«Ազգ». Ո՞վ և ե՞րբ համերաշխություն կհաստատի Հայաստանում

Այս քարոզարշավում «Ազգ»-ը քիչ ուրախացնող բան է տեսնում. ինքնանպատակ հակադրություն կա՝ մի կողմ թողած ընտրողին, նրա խնդիրներն էլ: Թերթի տպավորությամբ՝ «միայն սեփական տղայական ճիշտն ապացուցելու տղայական մղումն է բացարձականացվում», այնքան, որ «ինքնամոռացության մեջ են ընկնում կողմերը միմյանց փնովելիս»:

«Իմ քայլն» ու Հանրապետականը միմյանց հասցեական քարոզարշավ են տանում՝ այդպիսով կարևորելով մեկը մյուսին և անտեսելով ու լուսանցք մղելով բոլորին: Դա թերթը տեսնում է անգամ «Լուսավոր Հայաստանի» մի շարք բարձրաձայնումներում, թե իրենք պոպուլիստական գոռոցների դաշտում չեն:

«Ավելի դժվար է չսնել ատելության ու բաժանման մթնոլորտը, առարկայապես մատնացույց անել իրական համակարգային փոփոխություններ, ճշմարտությունն ասել այն մասին, որ պետությունը պետք է կառուցել ոչ թե հարայ-հրոցով կամ հեղափոխական մակարդակով բառապաշարով, այլ՝ հանգիստ-հավասարակշիռ-մտածված-կշռված, ու դրա համար հռետորաբանություն-մտայնություն պետք է փոխվի: Որ արդյունք կարելի լինի գրանցել համերաշխության, և ոչ բացասման, օրենքի բացարձակ, և ոչ ընտրովի կիրառության պայմաններում»,- գրում է թերթը:

Տարօրինակ քարոզարշավ

«Իրատես»-ի բնորոշմամբ՝ տարօրինակ քարոզարշավ է սկսվել, որում ոչ մի օրինաչափություն չի հաստատվում, չի գործում որևէ կանոն:

Տարօրինակ քարոզարշավի բեռը ուսին վերցրածներից մեկն էլ «Սասնա ծռերն» է: Համառորեն ուզում են հայտնվել ԱԺ-ում, որն իրենց կարծիքով 1-2 տարվա կյանք է ունենալու: Ասում են` «խոնարհ ծառա ենք ու հնազանդվելու ենք ժողովրդի կարծիքին», ու իրենց տեսակետներից բացի մնացած ամեն ինչ համարում են լուսանցքային, և դա անվանում են ժողովրդավարություն:

Կանխատեսումները, որ Աժ արտահերթ ընտրություններում կուսակցությունների ծրագրերը 0-1 տոկոսի նշանակություն ունեն, քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում, ըստ թերթի արդարացան` չկա ծրագրերի մրցակցություն, կան սկանդալներ: Սև PR-ի դրոշի տակ են մտել ասելիք չունեցողները:

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Առաջին հայացքից դա նպաստում է տեսակետների բազմազանությանը, իրականում, թերթի համոզմամբ, փոշիացնելու է ձայները. 11-ից 7-ը ռեալ շանսեր չունեն 5 տոկոսը հաղթահարելու ու 0-2 տոկոս ձայներ են տանելու մյուս ուժերից:

«Ստացվում է ոչ թե սև-սպիտակ, այլ գորշ ու դժգույն պատկեր, որի հետևանքը լինելու է հետհեղափոխական Հայաստանում առաջին համապետական ընտրություններին մասնակցության ցածր տոկոսը»,- կարծում է թերթը:

Պաշտոններ կստանան ըստ քվեների

«Փաստ»-ի դիտարկումներով՝ որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջև: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միևնույն քաղաքական ուժի կողմից որևէ տարածքում առաջադրվածների:

Մասնավորաբար թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջև: Ըստ թերթի ունեցած հավաստի տեղեկությունների, շատերի ապագան որոշվելու է հենց ռեյտինգային կարգով ստացած ձայներից: Խոսքը ոչ թե պատգամավոր դառնալ–չդառնալու մասին է, այլ գործադիր իշխանության մեջ հետագա պաշտոնավարման և խորհրդարանի ղեկավար կազմում տեղ ունենալու:

Մասնավորապես, թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար:

«Փաստի» տեղեկություններով, այդ պաշտոնում կառաջադրվի պոտենցիալ թեկնածուներից նա, ով առավելագույն քվեներ կստանա:

«Ուստի պատահական չէ, որ մեծ մրցակցություն է լինելու հատկապես Ֆելիքս Ցոլակյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի և Արարատ Միրզոյանի միջև, թեպետ նրանք առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Խնդիրն այն է, թե ընդհանուր հաշվարկով ով որքան ձայն կստանա», - գրում է թերթը: