ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առողջապահության ոլորտը՝ նախընտրական ծրագրերում
2018-12-01 12:05:38

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»


Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ինչ նախընտրական խոստումներ ու ծրագրային դրույթներ ունեն առողջապահության ոլորտում:

Ինչպես են պատրաստվում որակյալ ու մատչելի բուժօգնությունը հասանելի դարձնել մեր քաղաքացիներին: Քաղաքական բոլոր ուժերը խոսում են համակարգի արդիականացման անհրաժեշտությունից ու գրեթե առանց բացառության խոստացել են ներդնել առողջապահական ապահովագրության համընդհանուր համակարգ:

Իսկ թե որ ուժն ինչ գաղափարախոսությամբ է փորձում նվաճել քաղաքացու վստահությունն ու ձայնը՝ Լիանա Եղիազարյանն է փորձել առանձնացնել:
 

0:00
0:00

 

Պետբյուջեից առողջապահության ծախսերն առաջիկա 3 տարում կայունացնել ՀՆԱ-ի 2 տոկոսի, իսկ 5 տարում` ՀՆԱ-ի 3 տոկոսի սահմաններում: Ոլորտի ֆինանսավորման աճը զուգակցվելու է միջոցների նպատակային օգտագործման հետ՝ խոստանում է «Իմ քայլը» դաշինքը: Քաղաքական այս ուժն առաջարկում է տասնյակ ծրագրեր ու վստահեցնում՝ այսուհետ առողջության պահպանումը չի լինելու շքեղություն, այլ դառնալու է հասանելի յուրաքանչյուրիս: Առաջնային է լինելու առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովումը, բժշկական ապահովագրության ներդրումը:

Բուժօգնության
ստանալու պահին յուրաքանչյուր անձ պետք է ապահովագրված լինի աղետալի ծախսերի կատարման ռիսկից ու ապահովվի որակյալ օգնությամբ, ասում է  դաշինքի ցուցակի 4-րդ համար Տիգրան Ավինյանը:

«Սասնա ծռեր» կուսակցությունը ոլորտում համակարգային փոփոխությունների կարիք է տեսնում՝ նախ առաջնահերթ համարելով գնահատել բոլոր խնդիրներն ու վերագնահատել դրանց լուծման տարբերակներն ու ռեսուրսները: Առողջության պահպանման վրա բազմապատիկ ավելի մեծ ուշադրություն, առկա հնարավորություններով առողջապահական համակարգի կազմակերպում ու զարգացում, պետական ենթակայության բուժհաստատությունների լիարժեք վերահսկողություն ու կառավարման արդյունավետ լծակների գործարկում. «Սասնա ծռեր»-ի առողջապահական առաջնահերթություններն է թվարկում պատգամավորության թեկնածու Կառլեն Թադեւոսյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադեւոսյանը լիովին իրատեսական է համարում ընդամենը մեկ տարում ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով Հայաստանում մահացության ամենալուրջ պատճառ հանդիսացող ուռուցքաբանական եւ սրտանոթային հիվանդությունները կբերվեն պետական հոգածության ներքո ու առողջապահական մի շարք այլ կարեւորագույն ուղղությունների հետ կդրվեն պետական վերահսկողության տակ: Քաղաքական այս ուժը վստահ է՝ հիվանդությունների վաղ բացահայտման ու կանխարգելման ծրագրերով մի քանի տարում կարելի է հասնել աղետալի վիճակի մեղմմանը: Այս ոլորտում ազատ շուկան ընդունելի չէ:

«Հասանելի առողջապահություն»՝ «Օրինաց երկիր» կուսակցության կարգախոսն է ու համընդգրկուն ծրագրային դրույթն առողջապահության ոլորտի մասով՝ հիմնվելով մեր հասարակության համար ամենացավոտ խնդրի վրա՝ այն է՝ հենց նշված հասանելի առողջապահության բացակայությունը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այս առումով կարեւորագույն առաջարկ ունի, որը, նրա վստահեցմամբ, շատ ու շատ խնդիրներ պետք է լուծի: Այս պայմաններում, երբ բոլոր ծառայությունները վճարովի են, իսկ դեղերը հասանելի չեն, պետությունը կստանձնի նոր պարտավորություններ՝ քաղաքակիրթ առողջապահություն ու ապահովագրություն՝ խոստանում է Բաղդասարյանը:

Առողջ ապրելակերպ և որակյալ առողջապահական ծառայություններ. խոստանում է «Մենք» դաշինքը: Ապահովել առողջ միջավայր՝ խստացնելով բնապահպանական օրենսդրությունը, քաղաքացիական ու պետական վերահսկողական մեխանիզմները: Նաև պատշաճ պայմաններ ու հնարավորություն ստեղծել դպրոցականների, երիտասարդների ու հասարակության առողջ ապրելակերպի, անվտանգ սննդի, մարզական ու սպորտային կյանքի, լիարժեք ինտեգրման ու ինքնաիրացման համար:

Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժում ստանալու արտոնությունը տարածել մինչև 10 տարեկանների վրա, վերացնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Խոստումները փոխանցում է կուսակցության ցուցակով առաջադրված Թեհմինե Վարդանյանը:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն առաջնահերթորեն քայլեր է ձեռնարկելու, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր սոցիալական վիճակից, ստանա անհրաժեշտ որակյալ բուժծառայություն: Կուսակցության կողմից առաջադրված Անուշ Սարգսյանը որպես խոստացվածի նախապայման շեշտում է համապետական բժշկական պարտադիր ապահովագրության ներդրումը, որով բժիշկ-հիվանդ հարաբերությունը կտեղափոխվի քաղաքակիրթ հարթակ, իսկ գումարային խնդիրները դուրս կգան մեջտեղից:
 

Հայ հեղափոխական դաշնակությունը խորհրդարանական ընտրությունների է գնում առողջապահական ոլորտում իր ռեսուրսի ողջ ճակատով: Դաշնակցական թեկնածուներից 10-ից մեկը բժիշկ է: Ոլորտում կուսակցության առանցքային առաջարկներից մեկը բժշկական ապահովագրության ներդրումն է: Պատգամավորության թեկնածուները խորհրդարան են որոշել գնալ՝ բուժելու նաեւ կառավարման համակարգը: Ասում են, որ առողջապահական համակարգը ներսից գիտեն՝ բոլոր մանրամասներով


Քաղաքացին հիվանդանոց պետք է դիմի ոչ թե խնդրողի կարգավիճակով, այլ իրավատիրոջ: Քաղաքացու համար պետք է ապահովեն բոլոր նախադրյալները, որպեսզի ինքն ընտրի թե իր բուժհաստատությունը, թե իր բժշկին, ու նրա դեմ բաց լինեն դռները:

Սա ապահովելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր առաջարկն ու պատկերացումն ունի. պետպատվերով հասանելիք գումարները քաղաքացուն տրամադրել առողջապահական հավաստագրերով, որոնցով նա ցանկացած տեղ կարող է սպասարկվել՝ խոստանում է Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն առողջապահական, սոցիալական  եւ տնտեսական խնդիրներն ընդգրկել է մեկ բլոկում՝ «Մարդը» խորագրի տակ: Որպես ընդդիմադիր ուժ՝ այս կուսակցությունը խոստանում է նախկինում ունեցած իրենց ծրագրի բոլոր կետերը փորձել իրականացնել. առողջապահական համակարգի կառույցների արդի վերազինում բժիշկների, բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացում: Բոլոր դեպքերում շեշտը մարդու գործոնի վրա է՝ բացատրում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 12-րդ համարում առաջադրված Մարգարիտ Եսայանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ծրագրում գրել է, որ  առողջապահության ոլորտում որակական փոփոխությունների նախապայման է համարում պետական ֆինանսավորման ավելացումը: Կուսակցությունն այս ոլորտի հատկացումները պատկերացնում է ՀՆԱ-ի  նվազագույնը 5 տոկոսի չափով։

Կարևոր է համարում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի աստիճանական ներդրումը: Սա այն սակավաթիվ ուժերից է, որ համակարգի կարողությունների զարգացման համատեքստում նշել է  բժշկական ծառայությունների արտահանումն ու  բժշկական տուրիզմի խրախուսումը:

Չնայած այս ամրագրումներին՝  գերխնդիր   համարում ենք   մարզերում առողջապահական ծառայությունների բաելավմանն ուղղված քայլերը՝ ասում է Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Արկադի Խաչատրյանը:

 «Առողջապահությունը Հայաստանում պետք է լինի որակյալ, արդյունավետ  հասանելի և ֆինանսապես  թափանցիկ:  Անվճար բուժօգնությունը պետք է մատուցվի սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Պետությունը միշտ պետք է կանգնած լինի շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդու կողքին»: