ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-01 10:20:41
  • «Հայկական Ժամանակ». Դրսի տղայով վախեցնելու մարտավարությունը
  • «168 Ժամ». Ընտրություններով չի ավարտվելու
  • «Փաստ». Թատերական անհանգստություններ
  • «Ժողովուրդ». ՊՆ-ն չի ընդունել կարտոֆիլը փոքր չափերի պատճառով:

Դրսի տղայով վախեցնելու մարտավարությունը

«Հայկական Ժամանակ»-ի կարծիքով ՀՀԿ-ին հաջողվել է նախընտրական քարոզարշավը տանել ՀՀԿ-ի սցենարով, խնդիրը ներկայացնել այնպես , որ իբր պայքարն ընթանում է ոչ թե հեղափոխության և ռեվանշիստների միջև, այլ «հեղափոխության արժեքներն ընդդեմ անվտանգության և ավանդական ազգային արժեհամակարգի» տրամաբանությամբ:

Ըստ թերթի բաց տեքստով չի ասվում, բայց հանրապետականների ասածը մոտավորապես հետևյալն է՝ Ռուսաստանում հեղափոխականներին չեն սիրում և գտնում են, որ արևմտյան «զիզի-բիզի» արժեքները ընդամենը գործիքներ են՝ ռուսական կայսրությունը ներսից քայքայելու համար:

«Այլ կերպ ասած՝ դեռևս խորհրդային տարիներին տարածված «կտո նոսիտ ֆիրմու Ադիդաս, տոտ սկոռո ռոդինու պռոդաստ» ասացվածքը մինչը հիմա ուժի մեջ է: Դրա համար էլ երբ Հայաստանում այդ արժեքները լրջորեն են ընդունվում, և երկրում տեղի է ունենում հեղափոխություն, Ռուսատանը դա գնահատում է որպես իր դեմ բացահայտ ագրեսիա:, իսկ հեղափոխության առանցքային դերակատարներին՝ թշնամու դիվերսանտներ», - գրում է թերթը:

Մինչդեռ իրականությունն այն է, ինչպես թերթն է նշում, որ հայ-ռուսական հարաբերություններում իսկապես կա լարվածություն, բայց բուն հարաբերությունները մնում են դաշնակցային: Եվ մեծ հաշվով խնդիրը հետևյալն է. հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը լինի լիարժեք ժողովրդավարական երկիր ու միաժամանակ առանց պրոբլեմների մասնակցի այնպիսի համակարգի, որի անդամ մյուս երկրները հիմնականում ավտորիտար են:

Նախորդ իշխանությունները, թերթի համոզմամբ, անընդհատ քարոզում էին, որ դա հնարավոր չէ և նույն քարոզչությունն է այժմ անում ՀՀԿ-ն, դրա համար էլ հիմնականում շեշտադրում է անվտանգության հիմնախնդիրներն ու ավանդական ազգային արժեհամակարգը:

«Ափսոս նրանք չեն բացատրում, թե ինչն է խանգարում , որ Ռուսաստանի դաշնակիցներից մեկն էլ ժողովրդավար լինի, կլանային համակարգից զերծ ազատական տնտեսությամբ: Հայաստանի իշխանություններին այս տարբերակը կարծես թե չի խանգարում, Ռուսաստանի իշխանություններին՝ նույնպես, հանրապետականերն ինչո՞ւ են իրար խառնվել: Թե՞ «դրսից տղա բերելո»ւ հույսը դեռ վերջնականապես չեն կորցրել», - հարցնում է թերթը:

Ընտրություններով չի ավարտվելու

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն ասում է.

«Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր և ոչ թեթև է դառնում, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»: Նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ: Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»»:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո դժվար է լինելու հանրության սպասումների բացակությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների:

«Մեկ ամսից դա չի հաջողվելու: Իսկ այն, որ արդյունքներ չեն լինելու՝ դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձև ձևակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի:

Ուստի Ն. Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները և գները, կոպիտ ասած՝ «կերակրել» մարդկանց: Իսկ քվեատուփերի տակ, ինչպես հայտնի է, ոչ ուտելիք կա, ոչ էլ էժան բենզին»,- ասել է նա:

Խոսելով ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ Մոսկվայի վերաբերմունքի մասին, ռուս քաղաքական վերլուծաբանն ասել է. «Կրեմլը կարծում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Կարծում է, որ կփոխվի իշխանությունը, իսկ հետո ամեն բան իր հունով կգնա: Բայց ինչպես հայտնի է, Կրեմլը նույնկերպ` իրեն հատուկ և տարօրինակ ոճով, գնահատում էր Վրաստանում, Ուկրաինայում և շատ այլ տեղերում կարևոր իրադարձությունները, իսկ հետո բոլոր տեղերում տեղի էր ունենում նույնը»:

Թատերական անհանգստություններ

«Փաստ»-ի դիտարկմամբ տպավորությում կա, որ բավականին ժամանակ է՝ թատրոնների շուրջ և դրանց ներսում առկա հարցերը ոչ միայն լուծումներ չեն ստանում, այլև ոլորտում խնդիրներն ավելի են խորանում:

Թերթը նշում է, որ վերջին ամիսների ընթացքում առնվազն երեք թատրոն լրատվամիջոցների ու ոլորտի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր:

Նախ՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, հետո Մնջախաղի պետական թատրոնը և այժմ էլ՝ Համազգային թատրոնը: Ընդ որում՝ եթե առաջինի դեպքում հարցը կարելի է լուծված համարել, իսկ Մնջախաղի պետական թատրոնի դեպքում էլ շենք ունենալու 20 տարիների պայքարի «թունելի» վերջում կարծես լույսի նշույլ կա, ապա Համազգային թատրոնի դեպքում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. դերասանները անժամկետ գործադուլ են հայտարարել և պահանջում են գործող տնօրենի հրաժարականը: Համաձայն չեն նաև նոր նշանակված գեղարվեստական ղեկավարի թեկնածությանը:

«Փաստ»-ը որպես բուն խնդիր մատնանշում է համակարգայինը, որն էլ իր հերթին լուծման բազմաթիվ ճյուղեր ու ուղղություններ է պահանջում:

Օրենսդրական լուծումների անհրաժեշտություն կա, բացի այդ հստակ կանոնակարգերի, և ձևաչափերի բացակայություն կա, ըստ որի, օրինակ, կկազմվի հանձնաժողով, բայց հստակ քննարկում կլինի, ինչպես նաև դերասանական կազմի կարծիքն էլ հաշվի կառնվի:

«Այս ընթացքում թատրոնների ներկայացուցիչները բարձրացրել են նաև ոչ պատշաճ ծանուցման հարցը: Այսինքն՝ նրանք վերջին պահին կարող են իմանալ, թե ով է իրենց նոր տնօրենը, գեղարվեստական ղեկավարը: Միգուցե բոլոր օրենքներից ու կանոնակարգերից զատ կարևորն ա՞յլ հարթության մեջ է: Միգուցե խնդիրը առաջին հերթին երկխոսության մեջ է, լսելի լինելու պահանջի ու դրա կատարման մե՞ջ է… Ի վերջո, եթե երկրում բան է փոխվել, ուրեմն մոտեցումներն էլ պիտի փոխվեն, այլ ոչ թե նախկինի պես միահեծան որոշումներ կայացվեն ու պարտադրվեն: Առավել ևս, երբ որևէ կոլեկտիվում առկա է հստակ կոնսենսուսային դիրքորոշում: Ընդամենը պետք է լսել ու հաշվի առնել...»,-կարծում է թերթը:

ՊՆ-ն չի ընդունել կարտոֆիլը փոքր չափերի պատճառով:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ՊՆ-ն վերջերս խզել է պայմանագիրը «Դեագա» ընկերության հետ, որը պատրաստվում էր նրանց կարտոֆիլ մատակարարել: Պատճառը, ըստ «Դեագա» ընկերության ղեկավար Գեւորգ Ղասաբօղլյանի, կարտոֆիլի չափերն են եղել. դրանք տեխնիկական բնութագրին զիջել են կես սանտիմետրով:

«Ասում էին, որ կես սմ-ով փոքր է տեխնիկական բնութագրում նշված չափերից: Իրենց պահանջած չափերն են` 4 սմ-ից մինչեւ 7 սմ: Ավելին` այդ 4 սմ կարտոֆիլի քանակը պետք է կազմի պարկի 5 տոկոսը: Բայց մեր մատակարարած կարտոֆիլի մեջ եղել է ե՛ւ 5 սմ, ե՛ւ 4 սմ, ե՛ւ 7 սմ: Ախր կարտոֆիլը գործարանի արտադրանք չէ, ի վերջո, այստեղ բնության մատն է խառը»,- ասել է նա:

Ըստ Ղասաբօղլյանի` ՊՆ-ում մատակարարների հետ ավելի վաղ հանդիպում է տեղի ունեցել, իրենք բարձրացրել են այդ չափորոշիչները վերանայելու հարցը, նախարարությունից համաձայնել են, բայց եւ չեն դիմել այդ քայլին: ՊՆ-ն ընկերությանը պարտադրել է պետությանը վճարել 19 հազար դրամ` որպես տույժ, ինչպես նաեւ 451 հազար 200 դրամ տուժանք` որպես պայմանագրի կատարման ապահովում: