ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ եւ ե՞րբ է դուրս թողել Արցախին բանակցային գործընթացից
2018-12-01 17:36:43

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

 

Լազարևյան ակումբի հայ-ռուս փորձագետներն ու վերլուծաբաններն այսօր քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման հարցը:

Թերթել պատմության էջերը, վերլուծել բանակցային գործընթացի առանձնահատկությունը, Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ՀՀ-ի առաջարկը, ինչպես նաեւ ադրբեջանական զինված ուժերում սպառազինության աճը եւ վերջինիս լայնածավալ օգտագործման դեպքում դիմակայման հեռանկարը:

 

0:00
0:00

 

Բոլոր հակամարտություններում ամենակարեւորը զինված բախումը դադարեցնելն է՝ այսօր ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

 


Մասնավորապես Արցախյան հակամարտության մասին շեշտեց.

 

«Այս հակամարտության մեջ կարևորը Ղարաբաղի ճակատագիրն է: Մնացածը երկրորդական են՝ որքան էլ այս կամ այն կողմին կարևոր թվա: Արցախյան հակամարտությունն ունի շատ ավելի երկար նախապատմություն, քան հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունները: Առաջին՝ այն քաղաքական հակամարտությունից վերածվեց ռազմականի և երկու կողմի համար դաժան հետևանքներ ունեցավ: Երկրորդ առանձնահատկությունը հակամարտության անսովոր կոնֆիգուրացիան՝ դասավորությունն է: Երրորդ՝ մյուս բոլոր հակամարտություններում երկու կողմ կա, այստեղ՝ երեք, քանի որ ԼՂ-ն ինքն իրեն որպես կողմ և մասնակից է առաջարկել: Ուրախալի է, որ միջնորդները ԼՂ հարցով, ի հեճուկս այլ տարաձայնությունների, համեմատաբար ներդաշնակ են աշխատում»:

 

Վերադառնալով բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձին, որի առաջարկը թավշյա հեղափոխությունից հետո արեց Նիկոլ Փաշինյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանն այսօր շեշտեց, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև բանակցությունների մեկնարկը կարտացոլեն հակամարտության իրական կողմերը: Իսկ անդրադառնալով հարցին, թե ում պատճառով Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից՝ ասաց.

 

 

«Ասում են, թե իբր դա եղել է այն ժամանակ, երբ ԼՂՀ ներկայացուցիչները Հայաստանում բարձր պաշտոններ են զբաղեցրել: Սակայն դա այդպես չէ: Ժիրայր Լիպարիտյանը դեռ 1997-ին հայտարարել է, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Հենց այդ պահից ԼՂՀ-ն դադարեց մասնակցել բանակցություններին, ինչը խաթարեց դրանց բանակցությունների բնականոն ձևաչափը»:

 

Երկրորդ նախագահի մամուլի խոսնակին արձագանքեց առաջին նախագահի ներկայիս մամուլի խոսնակը: Արման Մուսինյանը հիշեցնում է, որ մինչեւ 1998 թվականի նոյեմբեր ամիսը, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն Հայաստանի նախագահն էր, ԵԱՀԿ ՄԽ կարգավորման բոլոր առաջարկներն ուղարկվել են հակամարտության կողմ հանդիսացող երեք կողմերին՝ ՀՀ-ին, Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին, այսինքն՝ 1998 թվականի նոյեմբերին Ղարաբաղը հակամարտության լիարժեք եւ իրավահավասար կողմ էր: 

 

 

«Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին դուրս դրեց իր այդ կարգավիճակից՝ մեծագույն նվեր մատուցելով Ադրբեջանին: Ես հասկանում եմ, արդեն որերորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը եւ իր հատուկենտ կողմնակիցները ինչու են ջանադրաբար փորձում այդ հարցից խուսափել: Եթե  վերջին 30 տարվա մեջ եղել են դիվանագիտական ձեռքբերումներ, բացթողումներին Ղարաբաղին այդ կարգավիճակից զրկելը դիվանագիտական ամենամեծ հանցանքն է, որից Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում ազատվել: Այդ մասին փաստել են այն ժամանակվա ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն եւ ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը»:

 

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը խնդրին նայում է ռազմական հավասարակշռության տեսանկյունով։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը Բելառուսից գնել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք, նրա կարծիքով, չեն կարող ռուսական «Իսկանդերի» համար «հակաթույն» լինել։ ՀՀ-ն լայնածավալ հանրավոր ագրեսիայի դեպքում կարող է հարված հասցնել «Իսկանդերից»։

Ավելին՝ Ռուսաստանը նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է մատակարարել Հայաստանին՝ բարձրաձայնեց Եվսեևը։

 

«Եթե Բաքվին կրկին հաջողվի Երևանի նկատմամբ քանակական գերազանցության հասնել, ապա Ադրբեջանը նորից կարող է ուժային ակցիաների դիմել։ Այսօրվա իրավիճակում շփման գծի ցանկացած փոփոխություն չափազանց վտանգավոր է Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Այսինքն՝ Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտին» ապահով պաշտպանություն է չճանաչված հանրապետության տարածքի համար, Այդ տարածքի կորուստը կդրդի Ադրբեջանին, որ Ղարաբաղի տարածքը գրավելու փորձ անի»։

 

 

Ռազմական փորձագետը հիշեցրեց, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ստորագրած 100-միլիոնանոց վարկային համաձայնագրի մասին, որի շրջանակում պետք է նոր զենք մատակարարվի, ու կոչ արեց հնարավորինս հստակեցնել մատակարարվող սպառազինության փաստաթղթավորումն ու արագացնել մատակարարումները։


Իսկ ո՞րն է խաղաղ գործընթացի փակուղի մտնելու պատճառը: ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահը կարծում է, որ բանակցությունները փակուղի են մտնում այն պատճառով, որ կողմերից մեկը, իր խոսքով՝ «օկուպացված» տարածքների վերադարձ է պահանջում:

 

Բաքուն պատրաստ չէ զիջումների, ինչը նշանակում է, որ նրան ձեռնտու է սառեցված վիճակը։ Հայաստանի դիրքորոշումը, ասում է Կազիմիրովը, պարզ է՝ նա դեմ չէ փոխզիջումները՝ միաժամանակ չբացառելով ուժային լուծումը: