Իզաբել Սահակյան
«Ռադիոլուրի» համար
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Նախընտրական այս շրջանում «Ռադիոլուրը» հիշեց այս հիվանդության դեմ Հայաստանում մշակվող «Արմենիկում» դեղամիջոցի մասին։ «Արմենիկումը» մոտ 20 տարի առաջ անգամ դարձավ նախընտրական գործոն։ Ինչ վիճակում է դեղամիջոցի կլինիկական փորձարկումները։
«Արմենիկումի»` ՁԻԱՀ- ի դեմ հայկական դեղամիջոցի մասին բարձրաձայնվեց 90- ականների վերջին, իսկ արդեն 21- րդ դարում անգամ այն օգտագործվեց նախընտրական փուլում որպես կարեւոր գործոն։ Արդեն 20 տարի Հայաստանում այս դեղամիջոցը կլինիկական փորձարկումներ է անցնում։ Այս տարի օպտիմալացման շրջանակներում առողջապահության նախարարությունը ծրագրել էր մայիս ամսին դադարեցնել կլինիկայի ֆինանսավորումը: Մինչդեռ «Արմենիկում» բժշկական կենտրոնի բժշկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը հաստատում է՝ կենտրոնը ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքային գործունեությունը, առավել ևս՝ դրա համար լուրջ հիմքեր չեն եղել:
Վիոլետա Սարգսյան. «Մենք դա բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք և՜ նախարարությանը, և՜ տարբեր կառույցներին: Կենտրոնի գործունեության դադարեցումը չի տեղավորվում ոչ մի օպտիմալացման շրջանակում: Սա մի ինստիտուցիոնալ կառույց է, որտեղ տարիներ շարունակ իրականացվել են ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդների բուժումը, այլև վարակային զանազան հիվանդների բուժումը»:
Կլինիկական կենտրոնի ֆինանսավորումը կշարունակվի մինչև տարեվերջ: «Ներկայացվել է հաջորդ տարվա համար հայտ և լիահույս ենք, որ այն դրական լուծում կստանա»,- ասում է Վիոլետա ն ու վստահեցնում՝ դեղամիջոցը հասանելի է դեղատներում:
«Այն ցուցված է բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, հատկապես՝ իմունային անբավարարությամբ ուղեկցվող»:
Երևանում գործող տարբեր դեղատներում եմ եղել։ Սա հինգերորդ դեղատունն է։ Դեղամիջոցը առկա էր միայն մեկում, իսկ ցանցային դեղատներից մեկում, թեև «Արմենիկում» չկար, ասացին, որ ցանցի այլ դեղատներում հնարավոր է գտնել:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը արձանագրվել է 1988 թ.-ին: Անցած տարիներին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 3300 դեպք:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է: Հատկապես զգալի է միգրացիայի գործոնի ազդեցությունը:
«ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի 58%-ը հիմնականում արտերկրում վարակված մեր աշխատանքային միգրանտներն են, իսկ 12%-ը կազմում են նրանց զուգընկերները: Այսինքն՝ միգրացիայի գործոնը կազմում է մոտ 70% »,- ասում է Ժանետա Պետրոսյանը:
Երկրորդ տեղում թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին է, որը կազմում է 21%: Պետք է նշել նաև, որ ՄԻԱՎ-ով վարակվածների 4.4%-ի մոտ պատճառներն անհայտ են:
Ժանետա Պետրոսյանի խոսքով՝ ՄԻԱՎ վարակը համարվում է վարքագծային հիվանդություն և դրսևորելով անվտանգ վարքագիծ կարելի է խուսափել վարակվելուց: Հատկապես շեշտում է, որ «Պետք է գիտակցել, որ չկա անվտանգ արտաամուսնական կապ»:
ՁԻԱՀ-ի կանխարգելման համար կարևոր է կարգավիճակի ճիշտ գնահատումը և բուժումը ժամանակին սկսելը:
Թեեւ հակառետրովիրուսային բուժման պայմաններում ՄԻԱՎ վարակի զարգացումը կանխարգելել, սակայն ՁԻԱՀ-ն այսօր էլ շարունակում է մնալ մարդկության սպառնալիքներից մեկը: Հիվանդությունների կառավարման և պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն՝ աշխարհում ՁԻԱՀ-ից մահացել է 940 000-ը: