ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր հաշմանդամների միջազգային օրն է
2018-12-03 09:41:30

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օր է հռչակվել 1992թ-ին ՄԱԿ-ի կողմից և նպատակ ունի բարձրացնել հանրային տեղեկացվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց մասին, նպաստել հաշմանդամների պայմանների բարելավմանն ուղղված քայլերին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմախնդիրների մասին Ազգային ժողովի այգում այսօր հրավիրված բացօթյա հանդիպմանը կխոսի ԱԺ պատգամավորության թեկնածու Զարուհի Բաթոյանը։

Հանդիպմանը կհաջորդի օրվա խորհրդի մասին իրազեկող երթ դեպի Հանրապետության հրապարակ, որին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող անձիք և նրանց իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ:

Այս տարվա հուլիս ամսվա տվյալներով մեր երկրում կա շուրջ 188 հազար հաշմանդամ, որից 8 հազարից ավելին երեխաներ են:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորագույն խնդիրը, ինչպես Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում է նշվում, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումն է:

Այդ նպատակով իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, փնտրվում քաղաքաշինական լուծումներ` կառուցված և նոր կառուցվող շենքերն ու շինությունները հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու համար: Չնայած վերջին տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքներին, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ենթակառուցվածքների թիվը դեռ փոքր է:

Կարևոր խնդիր է նաև հարմարեցված փոխադրամիջոցների ձեռքբերումը, որոնց թիվը հանրապետությունում շատ սահմանափակ է:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացում նշանակալի տեղ ունեն նաև կրթության և զբաղվածության հարցերը:

Հանրապետությունում ներդրվել է ներառական կրթության մոդելը, և հաշմանդամություն ունեցող ու ոչ հաշմանդամ երեխաները կարող են սովորել միասին, նույն ուսումնական հաստատությունում: Սակայն դեռ խնդիր է մնում հաշմանդամության պատճառով կրթությունից դուրս մնալու հանգամանքը:

Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ապա այս առումով ցուցանիշները մեր երկրում բավական ցածր են: Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը շուրջ 9 տոկոս է:

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման գործընթացը համակարգելու, վերահսկելու անհրաժեշտությունից ելնելով, Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել և 2008 թվականից գործում է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողով:

Տես նաև՝