ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տարածքային կառավարման և զարգացման խնդիրները քարոզարշավում
2018-12-03 13:50:24

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ռադիոլուրը շարունակում է ներկայացնել տարբեր ոլորտների վերաբերյալ խորհրդարանական մրցապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի առաջարկներն ու պատկերացումները: Ի՞նչ մոտեցումներ կան տարածքային կառավարման ու տարածքային զարգաման համար: Այս հարցի վերաբերյալ դիրքորոշումներն ու առանցքային մոտեցումներն ի մի են բերվել հերթական անդրադարձում:

0:00
0:00

Հանրապետական թեկնածու Կարինե Աճեմյանի խոսքով՝ տարիներ շարունակ տարածքային խնդիրներն իրենց ուշադրության կենտրոնում են եղել եւ առաջարկվել են նաեւ կոնկրետ լուծումներ:

«Ընդհանրապես, շատ երկար քննարկումներ ենք իրականացրել՝ տարածքների խոշորացման հետ կապված: ՏԻՄ-երը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են եղել: Այսինքն՝ սրանք խնդիրներ են, որոնք կապված են կոնկրետ տնտեսության զարգացման հետ, մարդկանց զբաղվածության հետ, նաեւ՝ գյուղատնտեսությունը զարգացնելու եւ տարածքները ավելի մոբիլ, ավելի զարգացած դարձնելու հետ»:

Կարինե Աճեմյանը նաեւ հավելեց, որ ծրագրային ու բովանդակային որեւէ քննարկում այս քարոզարշավում չկա: Քաղաքական նպատակ չի քննարկվում եւ իրար դեմ կռիվներ են ու բռնության կոչեր: Այս պայմաններում դժվար է դուրս գալ այդ ամեն ինչից ու հանդես գալ ծրագրով: Կարծիք հայտնեց, որ բոլոր ոլորտներում այսօր հետընթաց է, այդ թվում՝ տարածքային զարգացման առումով:

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը շեշտում է, թե ինչու համայնքներում չկա զարգացում.

«Համայնքը ունի բյուջե, որը գոյանում է գույքահարկից, հողի հարկից: Համայնքի բյուջեները Հայաստանի շատ համայնքներում թալանվում են, որովհետեւ տեր ու տիրական չկա: Համայնքի բյուջեն կարող է դառնալ երաշխիքը՝ համայնքի տարածքում բնակարանային շինարարություն իրականացնելու համար: Մեր առանցքային կետերից մեկի շեշտադրումը դա է լինելու, որը հնարավորություն կտա նաեւ իր հետ ենթակառուցվածք զարգացնել: Սա կարեւորագույն ուղղություն է»:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ՏԻՄ զարգացմանը նվիրված առաձին բաժին նախատեսված չէ, բայց առանձին կետերով անդրադարձ կա Հայաստանի համայնքների զարգացման ծրագրին: Նախ՝ ուշադրության կենտրոնում են հայտնվելու ճանապարհները: Ընդհանրապես՝ «Իմ քայլը» խոստանում է, որ 2023 թվականին մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների 70 եւ ավելի տոկոսը լինելու են բարեկարգ վիճակում: Մարզերում նախատեսում են նաեւ զարգացնել ճյուղային արդյունաբերությունը: Այս ամենին զուգահեռ նախատեսվում է նվազեցնել մարզպետների լիազորությունները:

«Երբ կունենանք ամբողջական խոշորացված համայնքներ, մարզպետների դերակատարումը մի փոքր կփոխվի: Քննարկում ենք Երեւանից ապակենտրոնացնելու համար քայլեր ձեռնարկել: Առաջինը, կարծում ենք, որ պետք է ունենանք տնտեսական այլ կենտրոններ: Այսինքն՝ երկրորդային քաղաքների գաղափարը պիտի առաջ մղենք»,-ասում է Սուրեն Պապիկյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանի փոխանցմամբ՝ իրենք տարածքային զարգացման հիմքում դիտարկում են գոտիականացման խնդիրը: Պետք է տարանջատել եւ տարբերակված մոտեցումներ կիրառել այն տարածքների նկատմամբ, որոնք ազատ շուկայական պայմաններում, ավելի քիչ մրցունակ են:

«Ինչ որ մեխանիզմներով ներառել տնտեսության մեջ: Օրինակ՝ գոտիներ ստեղծել, որտեղ հարկերը ավելի քիչ են: Նման ձեւերով, նաեւ մարդկանց ներգրավելով դրա մեջ, ապակենտրոնացնել եւ համաչափ զարգացման տանել»:

Սուրեն Սահակյանի փոխանցմամբ՝ իրենց համար համայնքների խոշորացման մեջ դրական բաներ կան, սակայն, կան նաեւ խնդիրներ: Այս մասով՝ հստակ մոտեցումներ չունեն:

Համայնքների զարգացման տեսանկյունից, սակայն, հստակ մոտեցում ծրագրում ներառել է Ազգային առաջընթաց կուսակցությունը: Կուսակցության պատգամավորության թեկնածու Հայկ Գեւորգյանի փոխանցմամբ.

«Վարչական մարզային բաժանումն առաջարկում ենք դարձնել շրջանային բաժանում, որպեսզի ամեն մի շրջան ունենա տեղական ինքնակառավարման անկախ, ապակուսակցական մարմին: Չունենանք մարզպետ, որ կուսակցական հիմքերով բաժանի այդ տեղերը: Այսինքն՝ շրջանները տեղական ինքնակառավարում են ունենալու եւ ապակուսակցական են լինելու: Իրենք կարողանալու են գյուղտեխնիկան վարկային ցածր տոկոսներով լիզին անել ու դրանով ապահովել գյուղական համայնքների զարգացումը: Գյուղատնտեսական վարկերը լինելու են 5-7 տոկոս»:

Մենք օրենքով ստիպելու ենք, որ բանկերը գերշահույթներ չունենան՝ հավելեց Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացուցիչը:

Համայնքների ուժեղացումն են կարեւորում նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ ծրագրային մոտեցումն այն է, որ ՏԻՄ-ի համակարգում համայնքների ուժեղացման համար պետք է թուլանան մարզպետարանները:

«Հնարավորինս նվազեցվեն մարզպետարանների լիազորությունները եւ ինչ-որ պահի նաեւ, սահմանադրական փոփոխությունների արդյունքում, պետք է մենք վերանայենք ընդհանրապես տարածքային կառավարումը: Մենք գտնում ենք, որ նախ պետք է վերանայել մարզպետարանների գործող համակարգը եւ շատ լիազորություններ տալ տեղական ինքնակառավարման մարմիններին, որ նրանք կարողանան զարգանալ, իրենց տեղական խնդիրները լուծել: վերջին հաշվով՝ տվյալ համայնքի բնակչությունը պետք է կարողանա որոշումներ կայացնել»:

«Մենք» դաշինքում առաջնահերթ ու առանցքային խնդիր են համարում սահմանամերձ տարածքների զարգացումը: «Մենք» դաշինքի առաջարկած տարածքային զարգացման ծրագրային կարեւորագույն դրույթներից մեկը շեշտեց դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանը:

«Մենք, օրինակ, ծրագրում ունենք կետ, որ 10 մլն-ից ավելի ներդրում անողը, թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողը, որը նաեւ բացում է 100 աշխատատեղ, հինգ տարի ազատվի շահութահարկից»:

«Սասնա ծռեր» կուսակցության մոտեցումն ընդհանուր գծերով ներկայացնում է Գարեգին Չուգասզյանը՝ կոնկրետ օրինակով խոսելով զարգացման իրենց պատկերացումների մասին:

«Հայաստանի հանքարդյունաբերությունում, օրինակ, հանքանյութը վերցնում ենք, որոշ չափով հարստացնում եւ այն արտահանում՝ ամենաէժան գներով: Ակնհայտ է, որ եթե ավելացվեր տնտեսական արժեքային շղթային եւս մի օղակ՝ մետաղաձուլարանները, ապա այն արժեքը, որ Հայաստանում կստեղծվեր ու կարտահանվեր, շատ ավելի բարձր արժեքով կարտահանվեր: Ահա, օրինակ նրա, թե ինչպես պետք է հարստությունը ավելացնել, աճը ապահովել՝ հենվելով այն տնտեսական ռեսուրսների վրա, որը մեր երկիրն ունի: Նույնը վերաբերում է գյուղատնտեսությանը եւ այլ ոլորտներին»:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասում է, որ առաջնային խնդիրներից մեկը ներդրումների խրախուսումն է՝ օրենսդրությամբ եւ ոչ թե խոստումներով:

«Մեր այսօրվա ակտիվ աշխատաշուկան 1 միլիոն 250 հազար է: Մոտավորապես 500 հազարը գյուղատնտեսության մեջ է հաշվառված: Այսինքն, մենք ունենք կարիք ոչ միայն այս ճյուղերում արտադրողականությունը, արդյունավետությունը ուժեղացնելու, խթանելու, այլ նաեւ գյուղերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման: Մեր պատկերացմամբ՝ պետությունը ոչ թե պետք է թողնի մասնավորի վրա, այլ ինքը պետք է խթանիչ քաղաքականություն իրականացնի՝ բարեփոխումներ, հարկային օրենսդրության փոփոխություններ, ներդրումային փաթեթների ընդունում, ներդրումային օրենսդրությունը երաշխավորող փաթեթների ընդունում»:

Օրենսդրությունը ստրատեգիայի փոփոխության մեջ պիտի լինի՝ ասում է ՔԺՎԿ նախագահ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ արդյունաբերությունը պիտի դառնա գլխավորը, Հայաստանը պիտի սեփական հումքի վրա ձեւավորվի, առաջինը՝ քարն է: Իրենք կարծում են օրենսդրությունը փոխելով խնդիր չի լուծվի, պետք է փոխել ռազմավարությունը. առաջարկում են ազգայնացնել Հայաստանի ընդերքը՝ տալով վերջնական արտադրանք եւ չարտահանել ոչ մի խտանյութ:

«Օրենսդրական ոչ մի կարգավորում չի կարող հարցը փրկել: Ասեմ այսպես՝ դուք, պայմանականորեն, Քարակերտի քարաձուլարանը բիզնես պլանով չեք փրկելու, որովհետեւ բիզնես պլանով գուցեեւ դա ձեռնտու չէ, բայց՝ ռազմավարական հարցադրման մեջ համահայկական կապիտալով պետք է ոտքի կանգնեցնել նման ձեռնարկությունները, որոնց արդյունքը հետո մենք կտեսնենք՝ ապագայում: Այնպես որ՝ օրենսդրությունը ստրատեգիայի փոփոխության մեջ պիտի լինի»:

ԲՀԿ-ն համայնքների բնակիչներին խոստանում է արժանապատիվ կյանք ապահովել, որպեսզի աշխատանք գտնելու համար մարդիկ չբռնեն արտագաղթի ուղին: Յուրաքանչյուր համայնքում պետք է զարգացնել այն ուղղությունը, որոնցով ավանդաբար այդտեղ մարդիկ զբաղվել են: Դրան պետք է օժանդակի պետությունը:

«Էսօր անհրաժեշտ է գյուղատնտեսական վարկեր, արտադրական վարկեր՝ փոքր ու միջին բիզնեսի, երիտասարդ ընտանիքների համար: Եթե ժողովուրդը «բանկի տակ է բարձր տոկոսի», նա ո՞նց պետք է ապրի: Մեր ժողովրդի համար հարկավոր ա քայլ կատարել, հնարավորություն տալ, թեթեւացնել հոգսը: Թող բանկերն իրանց վրա վերցնեն որոշ չափով, որոշ չափով՝ պետությունը: Առողջացման ծրագիր լինի ու տոկոսները ցածր լինեն, որ կարողանան աշխատեն, ստեղծեն, արարեն, որ չթողնեն գնան»:

Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հանդիպումներում վստահեցնում է, որ գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այդ խնդիրները կարճ ժամանակում հնարավոր է լուծել: