ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-04 09:38:24
  • «168 Ժամ». «Հարցն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի»
  • «Ժողովուրդ». Անտեր մնացած թաղային խուժանը
  • «Փաստ». Կկայանա՞ արդյոք վերջին քառօրյան
  • «Իրատես». Ռեբրենդինգի երանգներն ու վերջնագիծը
  • «Հայկական Ժամանակ». Թանկից էժանը չկա

«Հարցն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի»

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստի հետաձգմանը:

«Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հնարավորինս խուսափում է քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես միջամտություն, ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքին: Իսկ Բելառուսի թեկնածուի ընտրությունը դառնալու էր ներքաղաքական բանավեճի և նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն, որից Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է: Ուստի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ ամենաազդեցիկ երկիր, որոշել է նման կերպ լուծել խնդիրը, որպեսզի որևէ ղեկավարի համար ցավոտ որոշում չլինի հիմա: Իմ համոզմամբ՝ սա ճիշտ մոտեցում է»,- ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է թեկնածության հարցին, ապա, նրա կարծիքով՝ «այն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի, և Հայաստանն իր համաձայնությունը պետք է տա»՝ հասկանալով նաև, որ միջազգային կազմակերպություններում աշխատանքը ենթադրում է պատասխանատվություն գործընկեր երկրների առջև:

Իր հերթին՝ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, թե հայտնի չէ` ինչ դիրքորոշումներով 2019-ին կայանալիք նիստին կգնան Հայաստանի և Բելառուսի ղեկավարները:

«Շատերի կարծիքով՝ հետաձգելն աշխատում է կազմակերպության հեղինակության հաշվին: Բայց մյուս կողմից՝ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով, և պետք է կողմերին ժամանակ տալ՝ լավ մտածել իրենց որոշումը, գուցե վերանայել, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր պաշտոն է ՀԱՊԿ-ում, թեև որոշումները կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները»,- ասել է նա:

Անտեր մնացած թաղային խուժանը

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր եւ օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից: Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում:

«Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը, ով է իրենց տարբեր հարթություններում լինելու երաշխավոր: Եւ դրա համար նրանք հատկապես «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածուներին առաջարկում են իրենց ծառայությունները՝ ապահովագրելով ապագան: Սակայն նույն աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ պարզապես մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին»` արգելելով անգամ մտնել շտաբներ»,-գրում է թերթը:

Կկայանա՞ արդյոք վերջին քառօրյան

Հաշվի առնելով նախորդ քառօրյայի ժամանակ ստեղծված վիճակը, ինչպես նաև նախորդ տարիներին ընտրարշավների ժամանակ ձախողված քառօրյաների փորձը, «Փաստ»-ը ենթադրում է, որ այս քառօրյան չի կայանա:

Ըստ օրենքի, այսօր առավոտյան պետք է կայանա արդեն իսկ արձակված Ազգային ժողովի վերջին քառօրյան: Խորհրդարանը օրենքի ուժով արձակված է, սակայն այն իր լիազորությունները կավարտի միայն նոր խորհրդարանի առաջին նիստի օրը՝ պարզաբանում է թերթը:

Սակայն այստեղ «Փաստ»-ը մի «փոքրիկ» նրբություն է նշում. բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

«Այնպես որ, հարցը օրենքի ուժով մեխանիկորեն կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ: Մեր տեղեկություններով, երեկ ողջ օրը իշխանությունները փորձել են մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի գոնե այս հարցի քննարկման համար հնարավոր լինի մեկ օրով քվորում ապահովել, չնայած որ պատգամավորների բավական պատկառելի մասը զբաղված է քարոզարշավով»,-գրում է թերթը:

Ռեբրենդինգի երանգներն ու վերջնագիծը

Վերջին 20 տարիների համապետական ընտրությունների լուսաբանման փորձը և համեմատության անսպառ պաշարը «Իրատես»-ին հնարավորություն է տվել հետևություններ անել՝ նույնն են խնդիրներն ու մարդկանց բողոքները: Օրինակ` Գյումրիում տեղական հեռուստաընկերությունների լրագրողները նույն անփոփոխ հարցն են տալիս` ի՞նչ եք անելու Գյումրիի` իբրև աղետի գոտու համար:

«30 տարի նույն հարցը տալու ու խոստումնաշար լսելու տաֆտալոգիայից հոգնած պիտի լինեին: Վերջապես հասկացած պիտի լինեին, որ նաև իրենք պիտի իրենց խնդիրները լուծեն, ոչ թե անվերջ սպասեն` ով կգա, ինչ կտա: Ոչ ոք այլևս չի գալիս: Ամենատխուրը գիշերային Գյումրիի շենքերի մութ պատուհաններն են, որ վկայում են` բնակարաններում մարդ չի ապրում, գնացել են, մնային` կառուցեին, ստեղծեին, ու՞ր են: Ի վերջո` Գյումրին Հայաստանում է, և ակնհայտ է` մինչև Հայաստանը չդառնա նորմալ զարգացող, արդյունաբերություն ունեցող պետություն, աղետի գոտի է լինելու ամբողջ երկիրը: Եվ բոլոր նրանք, որ գնում ու խոստումներ են տալիս գյումրեցուն, վանաձորցուն, սպիտակցուն ու նաև մյուս մարզերի բնակիչներին, մեղմ ասած, չափազանցում են իրենց հնարավորությունները ու ստում են ձայն պոկելու համար»,-գրում է թերթը:

«Իրատես»-ի դիտարկմամբ՝ ընտրողին բացահայտորեն չեն հետաքրքրում կուսակցությունների ծրագրերը: Կա որոշակի ստվար հատված, որ միշտ իշխանության կողմից է` համարելով, որ միայն իշխանությունը կարող է իրենց համար ինչ-որ բան անել: Իշխանության ու ընդդիմության գործառույթների տարբերության նկատմամբ միանգամայն անտարբեր` նրանք պատրաստ են ձայն տալ իշխանությանը` ով էլ լինի: Ու միշտ էլ բողոքելու են իշխանությունից` ով էլ լինի:

«Նրանք իրենց պարտքն են համարում բողոքել թե նախորդ, թե գործող իշխանությունից` նրանք երկիրը ավերել են, սրանք ոչինչ իրենց համար չեն անում: Այս համապատկերում ի՞նչ պիտի անեն քաղաքական ուժերը, ի՞նչն է լինելու վճռորոշը ընտրություններում ձայն ստանալու համար: Գուցե թյուր տպավորություն է, բայց թվում է` ոչինչ: Ընտրողը գնալու է ու ընտրելու է իր բարեկամին, ծանոթի բարեկամին ու ծանոթին», -կարծում է թերթը:

«Հայկական Ժամանակ». Թանկից էժանը չկա

«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներին, որոնք սկսվել են հանգստյան օրերին: 2005 թվականից ի վեր առաջին անգամ, ինչպես թերթն է նկատում, Երևանի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է լինելու, որն ունենալու է 35+2 մետր բարձրություն (գագաթի հետ միասին): Այն զարդարվելու է 200 կմ երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով և ունենալու է 14 մետր տրամագիծ: Տոնածառը Երևանի բյուջեի վրա կնստի 71 մլն դրամ (146 հազար դոլար): Սա դարձել է քննադատության առարկա:

«Նկատենք, սակայն, որ նոր տոնածառն արհեստական թփերից է և ամեն տարի չի պահանջելու բնական եղևնիների հազարավոր ճյուղեր հատել այն ձևավորելու համար, ինչի նպատակով ամեն տարի ծախսվում էր 25-30 հազար դոլար: Այս տեսանկյունից նոր տոնածառը տարիների ընթացքում կարող է ավելի քիչ ծախսեր պահանջել»,-գրում է թերթը՝ փաստելով, որ ցանկացած պարագայում հանրապետության նոր գլխավոր տոնածառը մեծ ծախսեր էր պահանաջելու: