ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոռուպցիայի դեմ պայքարը՝ քաղաքական ուժերի ծրագրերում
2018-12-04 11:00:47

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ինչպե՞ս են պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարն ընտրարշավի մասնակից 11 քաղաքական ուժերը, ի՞նչ բանաձևեր են տալիս նախընտրական ծրագրերում: Ըստ դրանց՝ դիրքորոշումները տարբեր են. մի մասն ընդհանրապես շրջանցել է թեման, մի քանիսը կրկնել են նախորդ տարիներին առաջարկած լուծումները, կան նաև նոր առաջարկներ:

0:00
0:00

Ընտրապայքարի մասնակիցներից 2-ը ՝ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» կոռուպցիայի դեմ պայքարին ընդհանրապես չեն անդրադարձել, ամենաարմատական առաջարկները «Սասնա ծռեր»-ի, իսկ ամենածավալուն անդրադարձը՝ «Իմ քայլը» դաշինքի ծրագրերում են:

Հեղափոխությունից հետո երկրի կառավարումը ստանձնած ուժը ծրագրի հակակոռուպցիոն հատվածը գրել է՝ առաջնորդվելով այն մոտեցմամբ , որ կոռուպցիայի դեմ պայքարի իր նպատակադրումը հայտնի է ու հստակ: Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը նոր իշխանությունների գերակա խոստումներից մեկն էր և քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է՝ կառավարությունն իր այս խոստումը կատարել է և շարունակելու է կատարել՝ վստահության քվե ստավնալուց հետո էլ:

«Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ կարողանանք գնահատել, թե ինչքան գումար է գողացվել և ինչքան գումար պետք է վերադարձվի: Ասեմ, որ հեշտ աշխատանք չէ, բայց հուսով եմ՝ բոլորս համբերություն կունենանք այդ աշխատանքը պատշաճ կատարելու»:

Դաշինքի ծրագրում գրված է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կենտրոնանալու են համալիր միջոցառումների մշակման վրա: Կարիք են տեսնում մշտական հիմունքներով գործող, ունիվերսալ մարմնի ստեղծման, որը կդառնա կոռուպցիոն դեպքերի հետաքննողը, հակակոռուպցիոն ծրագրերի համակարգողն ու պարբերական մշտադիտարկումն իրականացնողը:

Նման մարմնի կարիք տեսնում է նաև «Լուսավոր Հայաստան»-ը: Կուսակցությունը ծրագրում կոռուպցիային առանձին բաժին է տրամադրել, արձանագրել, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը և կենսամակարդակի բարձրացմանն արգելակող հիմնական հիմնական պատճառ համարում է կոռուպցիան ՝ իր բոլոր դրսևորումներով:

Ցուցակի թեկնածուներից Գևորգ Գորիսյանը համաձայն չէ կոռուպցիան հաղթահարելու մասին վարչապետի դիտարկմանը, կարծում է, որ պայքարը պետք է կոնկրետ դեպքերից համակարգային ու ինստիտուցիոնալ դաշտ տեղափոխվի:

«Մենք տեղային լուծումներ ունենք, պետք են համակարգային լուծումներ: Ծրագրում ունենք ունիվերսալ մարմին ստեղծելու գաղափարը, որը ոչ միայն կազդարարի կոռուպցիոն դեպքերը, այլ կունենա նաև հետաքննություն վարելու գործառույթ»:

Ամենաարմատական գնահատականները «Սասնա ծռեր»-ի ծրագրում են: Հակակոռուպցիոն պայքարի մասին թեև առանձին բաժնով չի խոսվում, բայց բազմաթիվ դրույթներ ակնհայտորն հակակոռուպցիոն հենք ունեն: Կուսակցությունն, օրինակ, կարծում է, որ պետք է իրավաքաղաքական գնահատական տալ նախկին իշխանությունների գործունեությանը: Անհրաժեշտ է համարում տնտեսական և քաղաքական լյուստրացիան, դրա արդյունքում՝ գողացված հարստությունը ժողովրդին և պետությանը վերադարձնելը:

Կոռուպցիոն համակարգը պետք է կազմաքանդել մի քանի փուլով՝ ասում է ցուցակում թեկնածուներից Գրիգոր Բարսեղյանը:

«Մենք անցումային արդարադատության շրջանակներում առաջարկում ենք անցումային դատարաններին կից ստեղծել քննիչ մարմիններ, որոնք կզբաղվեն կոռուպցիոն տարբեր մեխանիզմների ուսումնասիրմամբ, վերլուծությամբ և մեղավորների պատժմամբ»:

ՀՀԿ-ն կոռուպցիային ընդհանրապես չի անդրադարձել: Ծրագրի Ազգ-բանակ, Հայաստանը և աշխարհը, Արցախ, Տնտեսություն և Մարդը գլուխներում կոռուպցիան որևէ կերպ չի տեղավորվել: Ցուցակում 8-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ Կարինե Աճեմյանը զարմանում է, թե ինչու ենք զարմանում, որ կոռուպցիային ծրագրում չեն անդարդադարձել:

«Հանրապետականը հիմա ինչի՞ դեմ պետք է պայքարի: Խնդրում եմ բոլորը հասկանան, որ մենք իշխանությունը հանձնել ենք, 7 ամիս է նոր կառավարություն է ձևավորվել: Կոռուպցիայի դեմ պայքարն իրենց առաջնահերթությունը պետք է լինի: Մենք ժամանակին բազմաթիվ օրենսդարական կարգավորումներ ենք արել»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում ևս անդրադարձ չկա կոռուպցիային: Ծրագրի հիմնական մասը ԲՀԿ-ի տնտեսական տեսլականն է, կոռուպցիան այդ համատեքստում շրջանցվել է:

«Մենք» դաշինքում չեն կասկածում, որ գործող իշխանությունները կոռուպցիայի դեմ իրական պայքար են մղում: Բայց արձանագրում են, որ կոռուպցիան շատ ավելի խորքային դրսևորումներ ունի, քան այն բացահայտումները, որոնք վերջին շրջանում տեսնում ենք: Դաշինքը կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում է մենաշնորհների և ստվերի դեմ անզիջում պայքարի, հանրային կառավարման ոլորտը էապես բարելավելու ճանապարհով: Ստվերի դեմ արդյունավետ պայքարը թույլ կտա ավելացնել բյուջետային եկամուտները՝ ասում է ցուցակից Թեհմինե Վարդանյանը:

Կոռուպցիայի ու հովանավորչության դեմ իրական պայքարի իրականացում և քրեական պատժի խստացում. սա ընտրություններին մասնակցող երիտասրադ ուժերից մեկի՝ «Ազգային առաջընթաց»-ի 20 ծրագրային կետերից հակակոռուպցիոն պայքարին վերաբերողն է: Կուսկացությունը խոսում է նաև քաղաքական կոռուպցիայի ու հովանավորչության բացառման և պատժման մասին: Պայքարի ուղղություններից մեկն էլ օրենսդրական դաշտում է՝ ասում է կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:

«Անհրաժեշտ է փոփոխել այն բոլոր օրենքները, որոնք ունեն կոռուպցիոն-ռիսկային որևէ մակարդակ»:

«Քաղաքացու որոշում»-ը կոռուպցիայի թեման երկու մասի է բաժանում՝ մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո:

Կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ նախկինում հանրային միջոցներ յուրացրած պաշտոնյաները պիտի հայտարարագրեն, թե որտեղ, ում անունով, ինչ ունեցվածք են կուտակել: Կուսակցությունում կարծում են, որ դրա ապօրինի մասը պետք վերադարձվի պետությանը:

«Պետք է ստեղծել հակակոռուպցիոն հզոր համակարգ, որը միայն ձերբակալելով ու պատժելով չի սահմանափակվի: Մինչև այդ կան կրթության և կանխարգելման փուլերը»:

ՕԵԿ-ի ծրագրում կոռուպցիա բառի կողքին գանձագողություն տերմինն է: Ծրագրային կետը կուսակցության 50 քայլերի մեջ նշված է երկրորդ հորիզոնականում: Ցուցակի առաջին եռյակից Մհեր Շահգելդյանն ասում է՝ կարևորում են երկրից դուրս բերված գումարների վերադարձն ու ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմների ներդրումը:

ՀՅԴ-ն կրկնում է այն առաջարկը, որն արել է նաև նախորդ ծրագրերում Խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի մասին, որը պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերով, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի: Նման պատրանք, ըստ ցուցակի թեկնածուներից Արթուր Խաչատրյանի, ստեղծել են մինչև այսժմ գործած հակակոռուպցիոն մարմինները:

«Վարչապետը կամ ֆինանսների նախարարը չի կարող լինել հակակոռուպցիոն մարմնի կազմում: Կառույցի իրական անկախությունը կապահովվի, եթե դրա ղեկավարումը տրվի ընդդիմությանը»:

Հակակոռուպցիոն նոր մարմնի ճակատագիրն, ի դեպ, անորոշ է: Դրա ստեղծումը սահմանող օրինագիծն ընդունվել է դեռևս 2017-ի ամռանը: Ձևավորումը նախատեսվում էր ապրիլին, ներքաղաքական զարգացումները, սակայն, կառույցի ձևավորումը հետաձգել են անորոշ ժամանակով: